ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 օգոստոսի 2024թ. ՍԴԴԿՈ - 40 | ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 օգոստոսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Վարուժան Մանուկյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վարուժան Մանուկյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 25-ին), խնդրել է հետևյալը.
«իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 115-րդ հոդվածի 5-րդ մասը և 265-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, նշում է, որ վերոնշյալ նորմից հետևում է, որ աշխատողի կողմից գործատուին գրավոր ծանուցումը պետք է իրականացվի երեսնօրյա ժամկետի պահպանմամբ, ինչն էլ գործատուին տալիս է իրավունք՝ լուծելու աշխատանքային պայմանագիրը երեսնօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո, այլ ոչ թե ցանկացած պահի:
Միաժամանակ Դիմողը նշում է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան), մեկնաբանելով վերոնշյալ նորմը, գտել է, որ գործատուն պարտավոր է ծանուցման ժամկետի ավարտից հետո՝ անմիջապես հաջորդ օրը, լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ վերաքննիչ դատարանը գտել է, որ գործատուն կարող է ցանկացած ժամանակ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Ըստ Դիմողի՝ վերոնշյալ նորմը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որի արդյունքում մի դեպքում գործատուն կարող է աշխատանքային պայմանագիրը լուծել ցանկացած պահի, իսկ մյուս դեպքում էլ պարտավոր է լուծել ծանուցման ժամկետը լրանալու հաջորդ օրն անմիջապես:
Դիմողը, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասին, նշում է, որ տվյալ նորմից հետևում է, որ աշխատանքը խոչընդոտող հիվանդության դեպքում աշխատողը պետք է գործատուին գրավոր ծանուցի առնվազն հինգ օր առաջ, իսկ գործատուն էլ պետք է լուծի աշխատանքային պայմանագիրը ծանուցմամբ նշված ժամկետում: Միաժամանակ Դիմողը գտնում է, որ նշված հոդվածով բացակայում է պայման առ այն, որ աշխատանքը խոչընդոտող հիվանդության դեպքում աշխատողը գործատուին գրավոր ծանուցելիս պետք է նշի առողջական խնդիրները և ներկայացնի դրանց վերաբերյալ համապատասխան ապացույցներ, իսկ նշվածը չպահպանելու դեպքում էլ գործատուն իրավունք ունի, տվյալ ծանուցումը հիմք ընդունելով, լուծել աշխատանքային պայմանագիրը ցանկացած պահի, այդ թվում՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երեսնօրյա ժամկետը լրանալուց հետո։
Մինչդեռ, Դիմողն ընդգծում է, որ նշված դրույթի առնչությամբ Դատարանի և վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հանգել է նրան, որ աշխատանքը խոչընդոտող հիվանդության դեպքում աշխատողը գործատուին գրավոր ծանուցելիս պետք է նշի առողջական խնդիրները և ներկայացնի դրանց վերաբերյալ համապատասխան ապացույցներ, քանի որ հակառակ դեպքում գործատուն ծանուցումը կարող է դիտարկել որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված դիմում և աշխատանքային պայմանագիրը լուծել երեսնօրյա ժամկետը լրանալուց հետո։
Բացի դրանից, Դիմողը, վկայակոչելով թիվ ԵԿԴ/2335/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը, նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանված չեն բավարար հստակությամբ, որի հետևանքով նշված դրույթները մեկնաբանվում են տարբեր կերպ:
Դիմողի կարծիքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման գործողության ժամկետ, չի տարանջատել, թե արդյոք այն վերաբերում է բացառապես գործատուի ծանուցմանը, թե՞ նաև աշխատողի, ինչն իրենից ենթադրում է, որ տվյալ նորմը կիրառելի է երկու դեպքում էլ։ Մինչդեռ թիվ ԿԴ/9539/02/22 քաղաքացիական գործով տվյալ նորմը մեկնաբանվել է այնպես, որ ծանուցումն ուժը կորցրած կարող է ճանաչվել բացառապես գործատուի կողմից աշխատողին ծանուցման մասով այն դեպքում, երբ սահմանված ժամկետում պայմանագիրը չի լուծվում, իսկ այն դեպքում, երբ աշխատողի կողմից է ուղարկվել ծանուցում գործատուին, որում հստակ նշվել է աշխատանքային պայմանագրի լուծման ժամկետ, իսկ տվյալ ժամկետում գործատուն չի լուծել աշխատանքային պայմանագիրը, ապա այն համարվում է ուժի մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչ գործատուն կլուծի աշխատանքային պայմանագիրը։ Վերոնշյալի հիման վրա Դիմողը եզրահանգել է, որ հիշյալ նորմը ձևակերպված է այնքան թերի, որ վերջինիս հնարավոր է տալ իրար հակասող մեկնաբանություններ:
Դիմողի գնահատմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ այն չի պարունակում որևէ բացառություն, թե արդյոք աշխատողը չի կարող դիմել դատական պաշտպանության այն դեպքում, երբ ինչ-որ ժամանակ ներկայացրել է աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցում, ըստ որի չի լուծվել աշխատանքային պայմանագիրը, սակայն անցել է որոշ ժամանակ և գործատուի կողմից այն լուծվել է։ Ըստ Դիմողի՝ հարց է առաջանում, թե արդյոք նման պայմաններում չի կարող խախտվել աշխատողի իրավունքն այն առումով, որ քանի դեռ գործատուն չի լուծել պայմանագիրը, աշխատողը զրկված է մեկ այլ տեղ աշխատելու իրավունքից, և արդյոք աշխատողի՝ աշխատանքից ազատվելու կամքը չի վերաբերում կոնկրետ ժամանակահատվածի:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 115-րդ հոդվածի 5-րդ մասը և 265-րդ հոդվածի 1-ին մասը սահմանված չեն այն աստիճանի հստակությամբ, որ դատավարության կողմերը հնարավորություն ունենան կանխատեսելու իրենց վարքագծի հետևանքները:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դիմողը, դիմումի հիմքում դնելով վիճարկվող դրույթների կապակցությամբ դատարանների կողմից տրված տարակերպ մեկնաբանությունները և իր անհամաձայնությունները դրանց առնչությամբ, ըստ էության, վիճարկում է դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումներով գործերի քննությունը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման։
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից ներկայացված այն փաստարկին, որ վիճարկվող դրույթները սահմանված չեն բավարար հստակությամբ, որի հետևանքով դրանք մեկնաբանվում են տարակերպ, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ այդ հարցը կարող է վերաբերել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությանը, ինչը Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի գործառույթն է։
Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, դրանց հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վարուժան Մանուկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
6 օգոստոսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
