ԳԱԳԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ԳԱԳԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
7 հուլիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացի Գագիկ Գեղամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Գագիկ Գեղամյանը 16.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի և 300-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3- րդ մասը ամբողջությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ բացակայում են անձին ազատությունից զրկելու օրենքով սահմանված դեպքն ու կարգը։
Դիմողի կարծիքով «Միայն այն փաստը, որ գործն ուղարկվել է դատարան, չի կարող հիմք հանդիսանալ անձի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետի ընթացքի կասեցման համար»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի վերաբերյալ դիմողը նշում է, որ սույն հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ դատարանը քրեական գործը վարույթ ընդունելու հետ մեկտեղ, նույն օրը պարտավոր է քննել նաև մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, իսկ ընտրված լինելու դեպքում դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կամայական մեկնաբանություն տալով վիճարկվող նորմին դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Բացի դրանից, դատարանը խախտել է նաև ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ նշված որոշումը չի հանձնել վերջինիս պաշտպանին։ Ավելին, անգամ հանձնելու դեպքում մարդու պաշտպանության իրավունքը, միևնույն է, խախտվում է, քանի որ օրենսդիրը չի նախատեսել այդ որոշման բողոքարկման կարգ։
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, քանի որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ինչ վերաբերում է վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածին, ապա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտով «Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին» 08.05.2012թ. որոշմամբ։ Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ «…օրենսդիրը չի նախատեսել այդ որոշման բողոքարկման կարգ», նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 376.1-րդ հոդվածը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի թվում նշում է նաև 4) առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու … որոշումները։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Խափանման միջոցների բողոքարկումը» վերտառությամբ 150-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. ...
2. Մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան։ Վերոշարադրյալից բխում է, որ դիմողը չի փորձել վիճարկել վերը նշված որոշումը, նշելով որ այն բողոքարկման ենթակա չէ։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն յուրաքանչյուր ոք ՀՀ սահմանադրական դատարանում կարող է վիճարկել օրենքի սահմանադրականությունը միայն դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, նշելով, որ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը ... որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ դեպքում դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Գագիկ Գեղամյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
7 հուլիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
