«ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-116)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 116 | «ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արկադի Թամազյանի դիմումի հիման վրա` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արկադի Թամազյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լևոն Օհանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ6/0547/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստը մեկնարկել և անցկացվել է սահմանված ժամանակային և այլ վավերապայմանների խախտմամբ՝ առանց պահպանելու դրանք, ապա ավագանու տվյալ նիստը չի կարող համարվել իրավազոր, իսկ դրա արդյունքում ընդունված որոշումներն էլ չեն կարող համարվել օրինական ու իրավաչափ, քանի որ գործ կունենանք Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ օրինականության սկզբունքի խախտման հետ:
Ըստ Դիմողի՝ Վարչական դատարանը խնդրո առարկա գործով կայացված դատական ակտով հանգել է այն եզրակացության, որ կես ժամ սպասելու վերաբերյալ իրավանորմը կիրառելի կլիներ, եթե համայնքի ղեկավարը ներկա չլիներ, սակայն Վարչական դատարանին ներկայացված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ներկա գտնվել է, սակայն ներս չի մտել նիստերի դահլիճ:
Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավակարգավորումները որոշակի չեն և չեն բխում Սահմանադրության 79-րդ հոդվածից:
Դիմողը նշում է, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կազմվելու դեպքում, միանշանակ է, որ այն՝ որպես իրավական բնույթ կրող որոշակի ու հստակ փաստաթուղթ, պետք է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անհապաղ հայտնվի այդ որոշման «հասցեատիրոջ», այսինքն՝ անմիջականորեն այն անձի տիրապետման ներքո, որին անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկել, որպեսզի վերջինս էլ, օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, ի զորու լինի որոշելու իր կողմից դրսևորվող վարքագիծն ու հետագա գործողությունները: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ հակառակ մեկնաբանության դեպքում, այսինքն՝ եթե պայմանական ընդունենք, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի մասին վերջինիս բանավոր կարգով, պարզապես խոսքով իրազեկելու պարագայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը կարող է համարվել պահպանված, ապա համայնքի ղեկավարը պարզապես զրկվում է իրեն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծին ծանոթանալու, դրա վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու և դիրքորոշում ձևավորելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով՝ իր լիազորությունների շրջանակում, դրան հակազդելու իրավական հնարավորությունից:
Դիմողը նաև նշում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը սխալ է պարզել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման բնույթը՝ սխալ մեկնաբանելով և սխալ կիրառելով այն, որի արդյունքում՝ ավագանու նախաձեռնող խմբի կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ին կազմված՝ «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Սամվելի Թամազյանին անվստահություն հայտնելու և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Գեղամի Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշման նախագիծը հայցվորին հանձնված լինելն անհիմն կերպով նույնացրել է տվյալ նախագծի մասին հայցվորի տեղեկացված լինելու հետ, որի հետևանքով էլ տվյալ նախագիծը հայցվորին հանձնված լինելու վերաբերյալ եկել է սխալ հետևության՝ սխալ բացահայտելով տվյալ փաստը:
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգավորումները որոշակի չեն և չեն բխում Սահմանադրության 79-րդ հոդվածից:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ՝ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր` (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների, սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները, սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանությունը (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների առնչությամբ Դիմողը պարզապես սահմանափակվել է տվյալ հոդվածները՝ իրենց բովանդակությամբ, իր դիմումով վկայակոչելով), որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստը, հետևաբար նաև` տվյալ փաստի և վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Քննարկվող համատեքստում անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցին, ինչպես նաև վերջինիս կողմից իր անհատական դիմումում պարզապես վկայակոչված՝ Սահմանադրության 28-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 28 և 79-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում:
Այսպիսով՝ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը, հետևաբար և` Սահմանադրության 28 և 79-րդ հոդվածներին։
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
3.2. Դիմողի կողմից սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Վերաքննիչ դատարանը սխալ է պարզել Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման բնույթը՝ սխալ մեկնաբանելով ու սխալ կիրառելով այն, ինչի արդյունքում Ավագանու նախաձեռնող խմբի կողմից 30.11.2023 թվականին կազմված «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Սամվելի Թամազյանին անվստահություն հայտնելու և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Գեղամի Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշման նախագիծը հայցվորին հանձնված լինելը անհիմն կերպով նույնացրել է տվյալ նախագծի մասին հայցվորի տեղեկացված լինելու հետ, ինչի արդյունքում էլ տվյալ նախագիծը հայցվորին հանձնված լինելու վերաբերյալ եկել է սխալ հետևության՝ սխալ բացահայտելով տվյալ փաստը» (ընդգծումները՝ Դիմողի):
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ6/0547/05/23 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ6/0547/05/23 վարչական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արկադի Թամազյանի դիմումի հիման վրա` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 8-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-116
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-116
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
