«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-781 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ԳԼԽԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-223)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 223 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-781 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ԳԼԽԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-781 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ԳԼԽԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-781 դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-781 դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 24-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «....առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 25, 27, 28, 69 հոդվածներով, որոշել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ գլխի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը, այնքանով, որքանով չեն նախատեսում անձի սահմանադրական արդարադատության, իրավունքի պաշտպանության և որոշակիության երաշխիքներ նաև հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը»:
2. Դիմողը հայտնում է, որ 2019 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-60 և ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշումներով վարույթ է ընդունել իր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու և նույն դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումները: Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ նշված դիմումների հիման վրա գործերը կասեցվել են և խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: 2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դիմողի կարծիքով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլուխը փաստացի վերաբերում է նաև իր օրինական շահերին այնքանով, որքանով Սահմանադրական դատարանում մեկ տարուց ավելի է, ինչ վարույթ է ընդունվել իր դիմումը, և այդ վարույթի գործով զեկուցող են Սահմանադրական դատարանի 7 դատավորները: Այդ դատավորների շարքում են նաև նրանք, ում նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի մեկնաբանմամբ և առանց Սահմանադրական դատարանի դիրքորոշման բացահայտման ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտով իրացվում է ենթադրյալ Սահմանադրական դատարանի օրինական կազմի լիազորությունների դադարեցման գործիքակազմ: Դիմողի պնդմամբ իր նկատմամբ կիրառվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի կարգավորումները և համակարգային առումով վերջինիս փոխկապակցված ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտն այն պատճառաբանությամբ, որ դրանք չեն կարող բողոքարկվել ներպետական պաշտպանության միջոցներով, քանի որ քննության առարկա կարող են հանդիսանալ բացառապես Սահմանադրական դատարանում: Այդ տեսանկյունից, դիմողի կարծիքով, անհատական դիմումը ներկայացվում է ներպետական դատական պաշտպանության հնարավոր բոլոր միջոցների փաստացի սպառման (բացակայության) պայմաններում: Դիմողը գտնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլուխն այնքանով, որքանով չի ապահովում և գործնականում չի ապահովել անձի սահմանադրական արդարադատության չմիջամտման երաշխիքներ, չի համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողը գտնում է նաև, որ «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտի և իրավակիրառ պրակտիկայում վերջինիս վերաբերյալ ձևավորված մոտեցումներն այնքանով, որքանով չեն նախատեսում առանձնահատկություններ դեռևս Սահմանադրական դատարանում քննվող գործերով զեկուցողի կարգավիճակ ունեցող դատավորների մասով, հակասում են Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին: Արդյունքում, դիմողը եզրակացնում է, որ իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ օրենսդրական գործողությունների արդյունքում կոնկրետ միջամտություն է տեղի ունեցել իր օրինական շահերին վերաբերող, օրենքի հիման վրա ձևավորված Սահմանադրական դատարանի կազմի և սահմանադրական արդարադատության մատչելիության նկատմամբ փաստացի արգելափակելով անհատական սահմանադրական գանգատի էությունը:
3. Ելնելով դիմումի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է. Ա. Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-781 անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դիմողը 2020 թվականի հունիսի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով վիճարկում է Սահմանադրության Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 26-ին: Այլ կերպ, դիմողը վիճարկում է Սահմանադրության Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները: Մինչդեռ, Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված լիազորությունները չեն ներառում Սահմանադրության ընդունված փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը, ուստի Սահմանադրության ընդունված փոփոխությունները ենթակա չեն Սահմանադրական դատարանին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Քանի որ դիմողի կողմից վիճարկվում է Սահմանադրության ընդունված փոփոխությունները, այսինքն դիմումում բարձրացվել է Սահմանադրական դատարանին ոչ ենթակա հարց, ուստի սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: Բ. Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-781 անհատական դիմումով գործի քննությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այսպիսով, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկը դիմողի նկատմամբ դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։ Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի նորմերը որևէ վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ չեն կիրառվել, ուստի դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-781 դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
30 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-223
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-223
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
