Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-283 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 մարտի 2026թ. ՍԴԱՈ - 28 | «ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գոռ Մինասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գոռ Մինասյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Սլավիկ Պողոսյան, Արտակ Նավասարդյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույթն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 75-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

(...) Նախորդ կետում նշված խնդրանքը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։

2. Ներկայացնելով թիվ ՍԴ3/0015/06/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելուց և ձևականորեն ազատ արձակելուց անմիջապես հետո ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալում են, իսկ խափանման միջոցի հարցը քննող դատարանները հրաժարվում են անդրադառնալ սկզբնական ձերբակալման իրավաչափությանը և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական հետևանքը (նմանատիպ իրավիճակ առկա է եղել, օրինակ՝ թիվ ԵԴ1/1809/06/24, թիվ ՀԿԴ/0194/06/24, թիվ ԵԴ1/0859/06/25 գործերով):

Դիմողը գտնում է, որ այս առումով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ չի իրագործվում օրենսդրի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում արտացոլված կամքը: Ըստ Դիմողի՝ նման մեկնաբանության պարագայում անձը յուրաքանչյուր դեպքում կարող է ապօրինաբար ձերբակալվել հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, սակայն վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարան միջնորդություն ներկայացվելուց առաջ ազատ արձակվել, այնուհետև կրկին ձերբակալվել՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով՝ այդ կերպ շրջանցելով հիշյալ իրավակարգավորումը և անտեսելով օրենսդրի կամքը:

Դիմողի պնդմամբ՝ քննարկվող իրավիճակներում մեղադրյալները փաստացի չեն հայտնվում ազատության մեջ, այլ միայն քննիչի՝ ձերբակալումից ազատելու մասին որոշումն է տրամադրվում վերջիններիս, որից հետո շատ հաճախ նրանց հետ իրականացվում են տարաբնույթ քննչական և դատավարական գործողություններ, որոնց մեղադրյալները պարտավոր են մասնակցել, հակառակ պարագայում՝ նրանց վարքագիծը կարող է գնահատվել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերջիններիս վրա դրված պարտականությունների չկատարում, ինչը բավարար հիմք կլինի նրանց նկատմամբ իրավունքներին ինտենսիվ միջամտություն ունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանք կիրառելու համար։ Այնուհետև, ըստ Դիմողի՝ համապատասխան քննչական և դատավարական գործողությունների ավարտից հետո, երբ մեղադրյալները փորձում են դուրս գալ քննչական մարմնի կամ ձերբակալվածներին պահելու վայրի շենքից և հեռանալ, անմիջապես մուտքի մոտ իրավասու մարմինների աշխատակիցների կողմից նրանց է հանձնվում ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին քննիչի որոշման օրինակը, կազմվում է ձերբակալման արձանագրություն, և մեղադրյալները ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին՝ քննիչին։ Դիմողի պնդմամբ՝ ստացվում է, որ մեղադրյալները շարունակում են գտնվել իրավապահ մարմինների բացառիկ հսկողության տակ, ազատ չեն լինում հեռանալ, այլ պարզապես կազմվում են նրանց ազատ արձակելու վերաբերյալ փաստաթղթեր, որպիսի պարագայում բովանդակային առումով խոսք չի կարող լինել նրանց ազատության մեջ հայտնվելու, և, ըստ այդմ՝ նաև ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար քննիչի որոշման հիման վրա ձերբակալելու մասին։

Այս առումով Դիմողը գտնում է, որ հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից, որպիսի տրամաբանությամբ նա պետք է համարվի ձերբակալումից ազատ արձակված՝ փաստացի ազատության մեջ հայտնվելու պահից, այլ ոչ թե դրա վերաբերյալ փաստաթղթեր կազմվելու և դրանք մեղադրյալին հանձնվելու պահից։ Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ նկարագրված իրավիճակներում գործ ունենք մեկ ընդհանուր՝ ազատությունից շարունակական զրկման հետ, իսկ մեղադրյալները փաստացի անազատության մեջ են գտնվում «սկզբնական»՝ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալման պահից, որպիսի պարագայում դատարանները պարտավոր են գնահատական տալ հենց այդ ձերբակալման իրավաչափությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավական նորմը, ինչը չկատարելով հնարավորություն են տալիս իրավապահ մարմիններին շրջանցելու անձնական ազատության իրավունքի ապահովման երաշխիքային նորմով սահմանված իրավական հետևանքի առաջացումը։

Դիմողը նաև նշում է, որ հիմնականում քննիչները ձերբակալվածին ազատ են արձակում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով, սակայն րոպեներ անց որոշում են կայացնում մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու վերաբերյալ այն պարագայում, երբ երկու որոշումների միջև ընկած ժամանակահատվածում քրեական վարույթի շրջանակում որևէ նոր հանգամանք ի հայտ չի գալիս, ինչը ևս վկայում է ձերբակալումից ազատ արձակելու ձևական բնույթի մասին, ինչը նպատակ է հետապնդում խուսափելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված իրավական հետևանքի առաջացումից:

Դիմողը նշում է, որ սույն գործով, չնայած պաշտպանության կողմի փաստարկմանն առ այն, որ Դիմողն իր առաջին ձերբակալումից հետո չի հայտնվել ազատության մեջ, որպիսի պարագայում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել առաջին ձերբակալման իրավաչափությունը և կիրառել համապատասխան հետևանքը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի անդրադարձել Դիմողի առաջին ձերբակալման իրավաչափությանը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան ներկայացվելու ժամանակ մեղադրյալն անազատության մեջ է գտնվել 2025 թվականի հունիսի 20-ի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշման և անձի ձերբակալման մասին արձանագրության հիմքով: Ըստ այդմ, Դիմողի պնդմամբ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ կասկածն անմիջականորեն ծագած չլինելու հիմքով կալանքը մերժելու հնարավորության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, երբ անձը դատարան է ներկայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման տեսակով:

Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ամրագրված դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 75-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում խախտվել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Սույն գործով, չնայած պաշտպանության կողմի փաստարկմանը, որ Գոռ Մինասյանը Առաջին ձերբակալումից հետո չի հայտնվել ազատության մեջ, որպիսի պարագայում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Առաջին ձերբակալման իրավաչափությունը և կիրառել համապատասխան հետևանքը, Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել Առաջին ձերբակալման իրավաչափությանը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալ Գոռ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան ներկայացվելու ժամանակ մեղադրյալն անազատության մեջ է գտնվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին 2025 թվականի հունիսի 20-ի որոշման և անձի ձերբակալման մասին արձանագրության հիմքով: Ըստ այդմ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կասկածն անմիջականորեն ծագած չլինելու հիմքով կալանքը մերժելու հնարավորության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, եթե անձը դատարան է ներկայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման տեսակով:

Մինչդեռ մեր գնահատմամբ բովանդակային առումով տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե ձերբակալման տարբեր ռեժիմների կամ երկու առանձին ձերբակալումների, այլ մեկ ձերբակալման հետ, որի ժամկետը սկսել է հոսել Գոռ Մինասյանին ազատությունից փաստացի զրկելու պահից՝ (...) և ավարտվել է Առաջին ատյանի դատարանի որոշման կայացմամբ (...), այլ ոչ թե ձևական առումով Գոռ Մինասյանին (...) ազատելով: Նշվածն ակնհայտ է եղել նաև Առաջին ատյանի դատարանի համար, (...): Այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել պրակտիկայում արդեն իսկ շատ տարածում գտած այս արատավոր երևույթին, քննարկման առարկա չի դարձրել պաշտպանության կողմից բերված փաստարկները և չի առաջնորդվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍԴ3/0015/06/25 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով, սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ3/0015/06/25 գործի շրջանակներում ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գոռ Մինասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 մարտի 2026 թվականի

ՍԴԱՈ-28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել