ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 12 | ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 փետրվարի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Գագիկ Խանդանյանի անհատական դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Խանդանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 11-ին) խնդրելով. «1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող այնքանով, որքանով որ զրկում է դատավորներին անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարան բողոքարկելու իրավունքից:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2 հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող այնքանով, որքանով որ զրկում է դատավորներին անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը վարչական դատարան բողոքարկելու իրավունքից, ինչպես նաև սահմանափակում է բողոքարկման իրավունքը միայն փաստի հիմքով:
3. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.3 հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող այնքանով, որքանով որ սահմանափակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները դատարան բողոքարկելու իրավունքը միայն փաստի հիմքով»:
2. Ներկայացված դիմումով վիճարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ, 222.3-րդ հոդվածների համապատասխանությունը Սահմանադրությանը: Դիմողի հիմնավորումները հանգում են նրան, որ նախ դիմողի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացվել է դիմողի իրավունքներն ու օրինական շահերը խախտող, նրա իրավական վիճակը վատթարացնող եզրակացություն, սակայն դիմողը հնարավորություն չի ունեցել ի սկզբանե, օրենքով կիրառված սահմանափակումների ուժով, դիմել դատարան և վիճարկել եզրակացությունը: Մյուս կողմից անգամ, եթե չսահմանափակվեր դիմողի դատարան դիմելու իրավունքը, ապա գործող կարգավորումների համաձայն բողոքը կարող էր ներկայացվել բացառապես երկու հիմքով փաստերի վիճարկման և ընթացակարգային կանոնների խախտման հիմքով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա իրավունքներն ու իրավաչափ շահերը: Ըստ դիմողի ստացվում է` ինչպես սույն գործով դիմողը, այնպես էլ դատավորներն, ընդհանրապես, զրկված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին եզրակացության վիճարկման համար վարչական դատարան դիմելու իրավունքից: Դիմողը նշում է, որ թեկուզ եզրակացության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի լիազորությունների դադարեցման վարույթ է հարուցում, այնուհանդերձ, վերջինս չի կարող համարվել անձի դատական պաշտպանության իրավունքի ողջամիտ փոխարինման միջոց այն պատճառով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը համարվում է առանձին իրականացված վարույթի շրջանակներում ընդունված ինքնուրույն իրավական ակտ, որով անձի իրավական և փաստական վիճակը սահմանափակվում է արձանագրելով անհամատեղելիության պահանջի խախտում: Բացի դրանից, ըստ դիմողի, միայն այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա ԲԴԽ-ի կողմից դեռևս կարող է հարուցվել դատավորի լիազորությունների դադարեցման վարույթ, դատավորներին վարչական դատարան դիմելու իրավունքից զրկելը չի դարձնում իրավաչափ և ողջամիտ: Վկայակոչելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածով ամրագրված կարգավորումները դիմողը նշում է, որ ստացվում է մի այնպիսի իրավիճակ, որ, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկուզև թույլ է տվել ենթադրյալ խախտում, որն իր բնույթով պայմանավորված չէ փաստի հաստատման հետ և չի կրում ընթացակարգային բնույթ, սակայն նման խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման և անձի իրավունքների ու օրինական շահերի խախտման, ապա բոլոր նման դեպքերում անձն այդ հիմքով իրավունք չունի դիմելու դատարան: Դիմողը նշում է, որ ոչ իրավաչափ և հակասահմանադրական է անձի դատարան դիմելու հիմքերի սահմանափակումը, եթե դրա արդյունքում անձը զրկված է լինում այնպիսի հանգամանքներ վկայակոչելուց, որոնք հանգեցրել կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման և իր իրավունքների ու օրինական շահերի խախտման:
3. Դիմումի և կից ներկայացված ԲԴԽ որոշման ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատական կազմը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Ա. Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը կարգավորում է դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքի հետ կապված հարաբերությունները, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, նշված վարույթի ընթացքում, ի թիվս այլնի, իրավունք ունի ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ: Նույն օրենքի 153-րդ հոդվածով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս վերջինիս իրավունքները և պարտականությունները, մասնավորապես նշված օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատավորն իրավունք ունի ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու և ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը, մասնակցելու նիստին հանդես գալով անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով, ստանալու փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցում, եթե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում: Սահմանադրական դատարանն իր` 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին, գործունեության սկզբունքներին, նշել է. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին»: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի «Դատավորի լիազորությունները դադարեցնելը» վերտառությամբ 159-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացնում հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը: Մասնավորապես, հիշյալ օրենքի 159-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը։ Վերոգրյալ կարգավորումից բխում է, որ անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունը հաշվի է առնվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից, սակայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի առնելով խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Դատավորի նկատմամբ միայն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարող է կիրառվել, ի թիվս այլնի, էական կարգապահական խախտման հիմքով «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժը և, հետևաբար` դադարեցվել դատավորի լիազորությունները: Բացի դրանից, ինչպես նշվեց` Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս վերջինս ունի մի շարք իրավունքներ, այդ թվում ներկայացնելու առարկություններ, տալու բացատրություններ և անելու միջնորդություններ: Փաստորեն, Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող վարույթի շրջանակներում դատավորը կարող է, ի թիվս այլնի, ներկայացնել առարկություններ, տալ բացատրություններ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացության վերաբերյալ: Ընդ որում` այդ գործերով Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և այդ վարույթի շրջանակներում պահպանվում են Սահմանադրությամբ ամրագրված դատավարական բոլոր երաշխիքները: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դիմողն օգտվել է դատական պաշտպանության իր իրավունքից և ներկայացրել է համապատասխան գրավոր բացատրություն Բարձրագույն դատական խորհուրդ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում, ինչպես նաև անձամբ մասնակցել է դատական նիստին իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքից բխող լսված լինելու իրավունքը (Բարձրագույն դատական խորհրդի 04.10.2021թ. թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշում): Ողջ վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա չլինելու հետևանքով խախտվում է անձի դատական պաշտպանության իրավունքը, հիմնավոր չեն, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման` դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Հետևաբար սույն գործով առկա է անհատական դիմումով գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմքը: Ըստ այդմ` Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ նշված օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: 30.11.2010թ. ՍԴՈ-927 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի 04.10.2021թ. թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշումը վիճարկվող նորմերին վկայակոչում չի պարունակում: Սահմանադրական դատարանի 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշման մեջ արտահայտվել է իրավական դիրքորոշում առ այն, որ` օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ վերջնական դատական ակտում օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Այդ իրավական դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այն ևս չի բավարարում «կիրառված օրենքի» պահանջը, քանզի Բարձրագույն դատական խորհրդի 04.10.2021թ. թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ լուծվել է դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգով, և դիմողի կողմից վիճարկվող նորմը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անձին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի համատեքստում, քանի որ կարգավորում է մեկ այլ դատարանի վարչական դատարանի, իրավասությանը ենթակա հարցերը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող իրավակարգավորումների իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով կիրառված լինելը: Ավելին Բարձրագույն դատական խորհրդի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիճարկվող կարգավորումները դիմողի նկատմամբ չեն կիրառվել վերջնական դատական ակտով, որպիսին հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի 04.10.2021թ. թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշումը: Այս առնչությամբ անհրաժեշտ է վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ «... ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռնվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը: Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը»: Վերոգրյալի հիման վրա կարելի է արձանագրել, որ կոնկրետ դեպքում դիմողի նկատմամբ վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում ընդունված դատական ակտի(երի) գոյության բացակայության պարագայում անհնար են դառնում և իմաստազրկվում են կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման էությունը և նպատակը: Վերահաստատելով Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գագիկ Խանդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
28 փետրվարի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
