«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 14 | «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 մարտի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն 2019 թվականի մարտի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետին, մասնավորապես, «ոչ իրավասու վարչական մարմին» եզրույթին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ, 75-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Մատնանշելով Սահմանադրության մի շարք հոդվածներ մասնավորապես, Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ, 75-րդ, 79-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, պայմանավորված վերջինիս նորմատիվ բովանդակության անորոշությամբ, իր նկատմամբ կիրառվել է Սահմանադրության պահանջներին հակասող մեկնաբանությամբ: Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթը, պայմանավորված նորմատիվ բովանդակության անորոշությամբ, իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է տարբեր մեկնաբանությունների, ինչի արդյունքում խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է իր սեփականության իրավունքի խախտմանը: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթով նախատեսված այն իրավակարգավորումը, ըստ որի վարչական ակտն առ ոչինչ է ճանաչվում, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ այն ընդունում է ոչ իրավասու մարմինը, տարբեր բովանդակություն է ստացել դատարանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում: Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի ՎԴ/2434/05/08 գործով 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումներն առ այն, որ եթե վարչական ակտով անձը զրկվում է պատշաճ ընթացակարգով ճանաչված և գրանցված սեփականությունից, ինչը փաստորեն կատարվում է ոչ դատական կարգով, ապա առկա է վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք, դիմողը գտնում է, որ խնդրո առարկա դրույթի վերաբերյալ ձևավորվել է հակասական իրավակիրառական պրակտիկա, իսկ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ այդ հակասական պրակտիկան չի շտկվել, այլ հանգեցրել է ոչ իրավաչափ լուծումների:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ Լյուբով Փիլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերության խնդրելով ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 2249-Ա որոշման առ ոչինչ լինելը և, որպես դրա հետևանք` անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Լյուբով Փիլոյանին պատկանող` Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ ՀՀ վարչական դատարանի 01.09.2017թ. վճռով Լյուբով Փիլոյանի կողմից ներկայացված հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բացակայում է Երևանի քաղաքապետի 16.03.2006թ. թիվ 357-Ա և 15.05.2008թ. թիվ 2249-Ա որոշումների առ ոչինչ լինելը ճանաչելու օրենքով սահմանված որևէ հիմք։ Լյուբով Փիլոյանը ՀՀ վարչական դատարանի վերոնշյալ վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 01.09.2017թ. վճիռը մասնակի բեկանվել է և փոփոխվել. ճանաչվել է Երևանի քաղաքապետի 2006 թվականի մարտի 16-ի թիվ 357-Ա որոշման առ ոչինչ լինելը, որպես հետևանք մասնակի 332.6 քմ մակերեսով հողամասի մասով, վերացվել է Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 2249-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի և «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 332.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անվամբ կատարած սեփականության իրավունքի պետական գրանցումը: «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն նշված գործով ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2018թ. որոշմամբ թիվ ՎԴ/2000/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշման դեմ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե` առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր) առկայությունը հիմնավորված համարելու համար: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, անձը կոնկրետ գործի շրջանակներում, սպառելով ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, կարող է դիմել Սահմանադրական դատարան, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական այս դրույթի լույսի ներքո ենթադրյալ հակասահմանադրական նորմի կիրառման և/կամ իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանության արդյունքում անձի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված այս կամ այն իրավունքի խախտումը պետք է կրի շարունակական բնույթ, և միայն սահմանադրական արդարադատության արդյունքում կայացված համապատասխան դատական ակտի հիման վրա անձը պետք է հետագայում հնարավորություն ունենա վերականգնելու իր խախտված իրավունքները: Հակառակ պարագայում, կաղճատվի այն նպատակը, որին միտված է կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը: Վերոգրյալի լույսի ներքո, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ խնդրո առարկա իրավիճակում դիմողը, ներկայացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանք, Սահմանադրական դատարանում ըստ էության բարձրացրել է իր նկատմամբ կայացված դատական ակտերի իրավաչափության հարց նույն տրամաբանության շրջանակներում, երբ վիճարկում էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2018թ. որոշումը վճռաբեկության կարգով: Համաձայն Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականնության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով առկա է գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
29 մարտի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
