ԴԻԱՆՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 դեկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 26 | ԴԻԱՆՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 դեկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Դիաննա Զոհրաբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Դիաննա Զոհրաբյանը (ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյան) 04.12.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի նախատեսում միջանկյալ դատական ակտի անմիջական դատական բողոքարկման հնարավորություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում, թե ինչ կարգով և ժամկետներում պետք է կրկին ներկայացվի վերաքննիչ բողոքը վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու (վարույթ ընդունելը մերժելու) կամ վճռաբեկ բողոքը մերժելու պայմաններում:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ տրամաբանական չէ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած և կողմերի համար քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտերի բողոքարկման համար էականորեն ավելի խստացված պայմաններ սահմանելը կամ դրանք չնախատեսելն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի մեկ այլ որոշման բողոքարկման հնարավորություն է նախատեսված այն պարագայում, երբ վերջինիս կայացման համար հիմք է հանդիսանում այն դատական ակտը, որի անմիջական բողոքարկման հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը անձի համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ ողջամիտ նպատակ: Դիմողը գտնում է, որ անտրամաբանական է ածանցյալ որոշման համար անմիջական բողոքարկման հնարավորություն սահմանելը, իսկ դրա կայացման համար հիմք հանդիսացած որոշման համար անմիջական բողոքարկման կարգ չնախատեսելը: Տվյալ պարագայում իմաստազրկվում է նաև գործի վարույթը կասեցնելու որոշման բողոքարկումը, քանի որ, եթե դրա կայացման համար հիմք հանդիսացած որոշումը մնում է օրինական ուժի մեջ, կարելի է եզրահանգել, որ իրավաչափ է նաև կասեցման մասին որոշումը: Ըստ դիմողի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները հստակ չեն, իրավական անորոշություն են առաջացնում, ինչն էլ իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է կամայական որոշումների կայացմանը:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման, քանի որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի մասով դիմողը բաց է թողել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը: Սույն գործի շրջանակներում սահմանադրական արդարադատության իրավունքն իրացնելու համար օրենսդրությամբ նախատեսված վեցամսյա ժամկետն անհրաժեշտ է հաշվարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի մասով դիմողին` ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը հասանելի լինելու պահից: Դիմումին կից ներկայացված է փոստային ծրարի պատճենը, որով դիմողին է առաքվել ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը, դիմողն այն ստացել է 2017 թվականի փետրվարի 1-ին, ինչի վերաբերյալ գրառում է կատարել ծրարի վրա: Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետը խնդրո առարկա դրույթի մասով ավարտվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին:
4. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի մասով գործի քննության ընդունմանը, ապա այն նույնպես ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի երկու որոշումներ: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր էր ճանաչել այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշման մեջ մի շարք սկզբունքային դիրքորոշումներ է արտահայտել դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ` արձանագրելով, որ «...իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժում է` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է ունենա այդ որոշումն ստանալուց հետո որոշակի ժամկետում վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն»: Սույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ նշված իրավակարգավորման բացն առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածում ընդհանրապես, որի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Խնդրո առարկա գործով դիմողի բարձրացրած հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «... ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դիաննա Զոհրաբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
20 դեկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
