Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9219 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-92)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 92 | ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 19 հոկտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Արթուր Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արթուր Գասպարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 2-ին, որով դիմողը խնդրել է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, ու 75, 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը։

Եվ/կամ

Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ սահմանադրական խնդիրը կարող է հաղթահարվել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմամբ, դրանք ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող միայն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «կողմեր» եզրույթով նախատեսված սուբյեկտային սահմանափակումը չի կարող բացառել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման դատական վիճարկման իրավունքն այն անձի համար, որը Հաշտարարի վարույթում կողմ չի հանդիսացել, սակայն այդ որոշման կամ դրա հիմքում դրված գնահատականի հետևանքով կարող կրել բացասական հետևանք»:

2. Ներկայացնելով թիվ ԱՎԴ1/0007/02/26 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, տվյալ գործին առնչվող դատական ակտերը՝ Դիմողը հայտնում է, որ վիճարկվող դրույթների առկայության պայմաններում հնարավոր է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կամ դրա հիմքում դրված գնահատականն անմիջական բացասական հետևանք առաջացնի վարույթի կողմ չհանդիսացած անձի համար, սակայն նման հետևանքի առկայությունն ինքնին տվյալ անձին Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դատարանում վիճարկելու իրավունք չի տալիս:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նման իրավակարգավորումները չեն ապահովում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների արդյունավետ իրականացումը:

Ըստ Դիմողի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը չի կարող կախված լինել բացառապես անձի՝ համապատասխան արտադատական վարույթի մասնակից հանդիսանալու ձևական հանգամանքից, եթե այդ վարույթի արդյունքում ընդունված որոշումն իրական և անհատական ազդեցություն է ունենում նրա իրավունքների և գույքային շահերի վրա: Հակառակ պարագայում, Դիմողի պնդմամբ, ձևավորվում է իրավական առումով անհամատեղելի իրավիճակ. նույն որոշումն անձի նկատմամբ դիտարկվում է որպես նրա համար բացասական գույքային հետևանք առաջացնելու համար բավարար իրավական հիմք, սակայն այն որևէ նշանակություն չի ունենում այդ անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի իրացման տեսանկյունից:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներն իրեն ոչ միայն չեն վերապահում Ֆինանսական համակարգի հաշտարարի համապատասխան որոշումն ուղղակիորեն վիճարկելու իրավունք, այլև չեն ապահովում նույն իրավական գնահատականի արդյունավետ դատական ստուգման այլընտրանքային կառուցակարգ: Նման իրավիճակում, ըստ Դիմողի, առկա է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից թերի իրավակարգավորում: Մասնավորապես, Դիմողի պնդմամբ, օրենսդիրը սահմանել է Ֆինանսական համակարգի հաշտարարի վարույթի կողմերի շրջանակը, որոշման պարտադիր դառնալու պայմանները, այն վիճարկելու սուբյեկտները, ժամկետը և ընթացակարգը, սակայն չի սահմանել արդյունավետ դատական պաշտպանության որևէ կառուցակարգ այն անձի համար, որը վարույթի կողմ չէ, սակայն որոշման արդյունքում կրում է դրանից բխող անմիջական բացասական իրավական հետևանք:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթներով սահմանված համապատասխան սահմանափակումը չի համապատասխանում նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքին:

Դիմողը պնդում է, որ իր նկատմամբ ձևավորվել է այնպիսի իրավական վիճակ, համաձայն որի՝ ինքը կրում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ընդունված այն որոշման բացասական հետևանքը, որի քննությանն ինքը չի մասնակցել և որի շրջանակում չի ունեցել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու իրավական հնարավորություն, սակայն զրկված է նաև այդ հետևանքի հիմքում ընկած իրավական գնահատականն անկախ և անաչառ դատարանի առջև վիճարկելու արդյունավետ իրավական հնարավորությունից:

Դիմողի ընկալմամբ՝ Վերաքննիչ դատարանի 26.05.2026 թ. որոշմամբ տրված այն մեկնաբանությունը, թե Դիմողի կողմից «(...) չի կարող դիմում ներկայացվել դատարան Ֆինանսական համակարգի հաշտարարի 31.10.2025 թվականի թիվ 15-5869/25 որոշումը չեղյալ Ճանաչելու պահանջով, իսկ այդ որոշման կայացման հետևանքով ապահովագրավճարի հնարավոր թանկացման հարցը չի կարող բողոքաբերին ավտոմատ դարձնել կողմ՝ հիշատակված կարգավորումների իմաստով. ներկա կարգավորումների պայմաններում այդ իրողության հետ պետք է ընդամենը հաշտվել համատեղելի չէ արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքին:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ու 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրանց համակարգային փոխկապակցվածությամբ և իր նկատմամբ կիրառված այն մեկնաբանությամբ, համաձայն որի` Ֆինանսական համակարգի հաշտարարի վարույթի կողմ չհանդիսացող անձը չի կարող վիճարկել հաշտարարի պարտադիր դարձած որոշումը նույնիսկ այն դեպքում, երբ այդ որոշումը կամ դրա հիմքում դրված գնահատականը նրա համար առաջացնում է անմիջական բացասական իրավական կամ գույքային հետևանք, չեն ապահովում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների արդյունավետ իրականացումը, չեն նախատեսում Սահմանադրության 75-րդ հոդվածով պահանջվող անհրաժեշտ դատավարական կառուցակարգը և հանգեցնում են Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող՝ դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման:

Միաժամանակ Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն այն հանգամանքի հաշվառմամբ, որ ինքն ունի ֆինանսական խնդիրներ, ինչով պայմանավորված՝ չի կարող վճարել պետական տուրքի գումարը:

3. Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված դատական ակտերը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

բ) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

- Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

- Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

- Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում (որոշումներ),

դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

զ) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Արթուր Գասպարյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

2. «Արթուր Գասպարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Վ. Վարդանյան

Ա. Վաղարշյան

19 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-92

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-92
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել