ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 օգոստոսի 2022թ. ՍԴԴԿՈ - 43 | ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 օգոստոսի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռոբերտ Քոչարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 28-ին) խնդրելով. «01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, մասնավորապես այդ օրենսգրքի 334-րդ հոդվածն այնքանով, որքանով քրեական գործով վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանին չեն տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, միաժամանակ ոչ պարզ շարադրված մեղադրանքը պարզաբանելու պարտականություն չի դնում մեղադրողի վրա ճանաչել ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող»:
2. Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ Օրենսգիրք) քրեական գործով վարույթն իրականացնող դատարանին հնարավորություն չի տալիս ամբաստանյալին պարզաբանելու առաջադրված մեղադրանքն այն դեպքում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, միաժամանակ ոչ պարզ շարադրված մեղադրանքը պարզաբանելու պարտականություն չի դնում մեղադրողի վրա: Ըստ դիմողի այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող դատարանն օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին: Վկայակոչելով Սահմանադրության 67-րդ հոդվածը դիմողը նշում է, որ մի կողմից Սահմանադրությունը պահանջում է, որ մեղադրյալը հանգամանորեն տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, ինչն էլ նշանակում է ամբողջական և մանրամասն տեղեկատվության տրամադրում, մյուս կողմից Օրենսգիրքը թեև նախատեսում է, որ գործն ըստ էության քննող դատարանում նիստը նախագահող դատավորն ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը, սակայն նույն Օրենսգիրքը նախագահող դատավորին իր այդ պարտականությունը կատարելու հնարավորություն չի տալիս, քանի որ դատարանը, իր կարգավիճակից ելնելով, մեղադրանքը պարզաբանելիս չի կարող դուրս գալ առաջադրված մեղադրանքի սահմաններից, չի կարող վերաձևակերպել մեղադրանքը: Միևնույն ժամանակ, ըստ դիմողի Օրենսգիրքը չի նախատեսում, որ մեղադրանքը պարզ չլինելու դեպքում այն պետք է պարզաբանվի մեղադրողների կողմից: Դիմողը նշում է, որ սա միաժամանակ երկու տեսանկյունից է հակասում Սահմանադրությանը. մի կողմից մեղադրանքի կողմից առաջադրված մեղադրանքը պարզաբանելու պարտականությունը մեղադրողներից տեղափոխելով նախագահող դատավորի վրա Օրենսգիրքն առաջացրել է իրավիճակ, որը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության սկզբունքին: Իսկ մյուս կողմից անորոշ ձևակերպումներով մեղադրանքը կարող է անհասկանալի լինել նաև նախագահող դատավորին, ինչը ներկայում գործող քրեադատավարական կառուցակարգերի առկայության դեպքում բացառում է մեղադրանքի պարզաբանման հնարավորությունը: Դիմումով նշվում է, որ դիմողը և նրա պաշտպաններն Օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փուլում խնդրել են նախագահող դատավորից պարզաբանել դիմողին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչը նախագահող դատավորի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ թեև մեղադրանքի էության պարզաբանման պարտականությունն օրենսդիրը դրել է դատարանի վրա, սակայն դատարանը, իր կարգավիճակից ելնելով, մեղադրանքը պարզաբանելիս չի կարող դուրս գալ առաջադրված մեղադրանքի սահմաններից, չի կարող վերաձևակերպել մեղադրանքը: Դիմողը նշում է, որ պաշտպանական կողմը 2022 թվականի փետրվարի 22-ին միջնորդել է դատարանին դիմել Սահմանադրական դատարան Օրենսգրքի բացի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Դատարանի 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ այդ միջնորդությունը մերժվել է: Դիմողի պնդմամբ այս մասով դատական պաշտպանության բոլոր միջոցներն ինքն սպառել է. առաջին ատյանի դատարանում համապատասխան դատավարական փուլում, օգտագործել է մեղադրանքի պարզաբանում ստանալու բոլոր հնարավորությունները, իսկ վերադաս դատական ատյաններում այդ սխալը որևէ կերպ շտկելու, մեղադրանքը պարզաբանված չլինելու հետևանքով առաջացած իրավունքի խախտումը վերացնելու հնարավորություն նախատեսված չէ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության ինչպես 61 և 63-րդ հոդվածներով, այնպես էլ 169-րդ հոդվածով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից: Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման` օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով: Այս համատեքստում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոնշյալ սահմանադրական նորմով, որն իր արտացոլումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրու-թյան 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից բխում է, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն, ի թիվս այլնի, ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում հանդիսացել է դատավարության մասնակից, և որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է Սահմանադրական դատարանում իր կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին ուղղված վերոնշյալ և մյուս պահանջների առկայությունը պայմանավորված է կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Մասնավորապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, միաժամանակ, նախատեսում է այն հիմքերը, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է կայացնում: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Տվյալ դեպքում դիմողի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սույն գործով առկա չէ վերջնական դատական ակտ, որով դիմողի նկատմամբ կիրառվել է սույն դիմումով վիճարկվող դրույթը Օրենսգրքի 334-րդ հոդվածը: Մասնավորապես սույն անհատական դիմումին կից ներկայացվել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը, որով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ներկայացրած «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» վերտառությամբ միջնորդությունը, որի առարկան եղել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմողի միջնորդության քննարկումը: Դիմողն իր միջնորդությամբ նշել էր, որ Օրենսգրքում առկա է օրենսդրական բաց, այն է Օրենսգիրքը քրեական գործով վարույթն իրականացնող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, միաժամանակ ոչ պարզ շարադրված մեղադրանքը պարզաբանելու պարտականություն չի դնում մեղադրողի վրա, ուստի միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը: Այսինքն դիմողն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան սույն անհատական դիմումով բարձրացված նույն հարցով: Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների տեսանկյունից չի կարող դիտարկվել վերջնական դատական ակտ, որով դիմողի նկատմամբ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթը կհամարվեր կիրառված: Այսպես 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «... և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»: Օրենքի կիրառում հասկացությունը բացահայտվել է նաև 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշման մեջ, որտեղ արտահայտվել է իրավական դիրքորոշում, ըստ որի օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Այս իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այն չի բավարարում «կիրառված օրենքի» պահանջը, քանի որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ դատարանը որոշում է կայացրել գործով մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» վերտառությամբ միջնորդության վերաբերյալ, բացի դրանից, վերոնշյալ որոշմամբ չի ապահովվել և չէր էլ կարող ապահովվել Օրենսգրքի 334-րդ հոդվածի դիմողի նկատմամբ կիրառված լինելու Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված պահանջը, քանի որ այդ որոշմամբ Օրենսգրքի 334-րդ հոդվածի վկայակոչումը դեռևս չի ենթադրում, որ այն դիմողի համար առաջացրել է իրավական հետևանքներ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քննարկվել է «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» վերտառությամբ միջնորդության բավարարման հարցը օրենքով սահմանված ընթացակարգով, և դիմողի կողմից վիճարկվող նորմը որևէ կերպ չէր կարող կիրառվել հիշյալ որոշմամբ, քանի որ վիճարկվող դրույթով կարգավորվում են դատաքննության ընթացքում ամբաստանյալի դիրքորոշման ճշտման հարաբերությունները: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթը Օրենսգրքի 334-րդ հոդվածը, թեև վկայակոչված է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ, սակայն դիմողի համար դիմումի մեջ նշված փաստարկների համատեքստում չի առաջացրել իրավական հետևանքներ: Ինչ վերաբերում է դիմումին կից ներկայացված տեսաձայնագրությանը, ապա դրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2022 թվականի փետրվարի 15-ի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստի տեսաձայնագրությունն է («NEWS.am TV» նշումով): Նշված տեսաձայնագրությունը չի հանդիսանում Օրենսգրքի 315-րդ հոդվածի իմաստով դատական նիստի արձանագրություն (որը կարող էր պարունակել մեղադրանքի դիմողի համար ոչ հասկանալի դրույթները պարզաբանելու դիմողի միջնորդության վերաբերյալ դատարանի արձանագրային որոշում), քանի որ հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի միջոցով կատարված արձանագրություն չէ: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված վերջնական դատական ակտի պահանջը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է դիմումով վիճարկվող դրույթը, սույն անհատական դիմումով պահպանված չէ: Վերոգրյալի հիման վրա դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջը: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված որևէ պայմանի բացակայությունը անհատական դիմումով գործի քննության մերժման հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
17 օգոստոսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-43
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 օգոստոսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-43
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
