Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1285 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-128)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 128 | «ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԵՆԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմենակ Պետրոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Կարինե Պետրոսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) 2022 թվականի հունվարի 1-ից մինչև միևնույն թվականի դեկտեմբերի 24-ը գործած խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ ներառյալ իրավակիրառ պրակտիկայում դրան տված այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի՝ այդ իրավակարգավորման իմաստով «կառուցապատող» է համարվում նաև այն անձը, ով փաստագրել է շինարարության ավարտը և շինությունը ընդունել շահագործման, ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ օրենքով «անհատական բնակելի տուն» հասկացության սահմանման բացակայությունն ինքնին բացառում է «օրենքով» սահմանված հարկի առկայությունը, և «Եթե նույնիսկ ընդունենք, որ որևիցե այլ նորմատիվ իրավական ակտով կարող էր տրվել դրա սահմանումը, ապա առնվազն չի ապահովվում այդ կապակցությամբ անհրաժեշտ «կանխատեսելիությունը»»։ Ըստ Դիմողի՝ շինարարության թույլտվության համաձայն՝ «բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձը նույնիսկ մասնագիտական խորհրդատվության դիմելու դեպքում չէր կարող հասկանալ, թե իր կողմից կառուցվող շինության օտարումից ստացվող եկամուտը վերջնարդյունքում եկամտային հարկով հարկման ենթակա լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ անհնար է որոշել, թե ով է ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով համարվում «անհատական բնակելի տուն» կառուցապատող ֆիզիկական անձ։ Նման պայմաններում վիճարկվող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա անձին հարկային պարտավորության առաջադրումը նրա սեփականության իրավունքին արվող միջամտություն է, որը նախատեսված չէ «օրենքով», ինչով պայմանավորված՝ այն իրավաչափ չէ և խախտում է անձի սեփականության իրավունքը։

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործվող «կառուցապատող» հասկացությունը միանշանակ չի ընկալվում ՀՀ իրավական համակարգում, այսինքն՝ այն բավարար չափով հստակ և կանխատեսելի չէ: Այդ իսկ պատճառով, ըստ Դիմողի, իրավակիրառ պրակտիկայում տեղ են գտել «կառուցապատող» հասկացության՝ միմյանց հակասող, տարբեր բովանդակություն ունեցող մեկնաբանություններ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը՝ ներառյալ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 60, 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով տվյալ դրույթում սահմանված եկամտային հարկի բոլոր տարրերը, մասնավորապես՝ «անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձ» հասկացությունը տրված չէ «օրենքով»՝ դրա ձևական ու որակական առումներով, և ապահովված չէ արդար հավասարակշռություն՝ հանրային շահի և մարդու հիմնական իրավունքներով և ազատություններով պաշտպանվող շահի միջև, ինչը հանգեցնում է անձի սեփականության իրավունքին այնպիսի միջամտության, որը նախատեսված չէ «օրենքով» և խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին, քանզի տարբերակված մոտեցում է ցուցաբերում, մի կողմից՝ անհատական բնակելի տունն այլ անձից ձեռք բերած և վաճառած ֆիզիկական անձի և, մյուս կողմից՝ անհատական բնակելի տունը կառուցած և վաճառած ֆիզիկական անձի միջև՝ որպես համանման իրավիճակներում գտնվող անձինք, որպիսի տարբերակումը չունի օբյեկտիվ հիմք և չի հետապնդում իրավաչափ նպատակ:

Դիմողը պնդում է, որ ինքը բնակելի տունը կառուցել է իր անձնական և սպառողական կարիքների համար, չի հետապնդել դրանից շահույթ ստանալու նպատակ, իր իրացվելի միջոցները ցանկացել է վերածել ակտիվի, որպիսի նպատակն առաջնային պլան է մղվում որևէ ակտիվ գնելիս: Ըստ Դիմողի՝ վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելու օրենսդրական հնարավորության բացակայության պայմաններում անձի գործունեությունը որպես ձեռնարկատիրական կամ առնվազն այդպիսի հատկանիշներ պարունակող գործունեություն դիտարկելու և վաճառքից ստացված եկամուտը հարկելու արդյունքում այն դեպքում, երբ միևնույն անհատական բնակելի տունը գնած և վաճառած ֆիզիկական անձի կողմից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, խախտվել է իր՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքը՝ 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի հետ միասին:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանն այն տեսանկյունից, որ միջամտություն է արվում սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքին, որը սակայն չի բավարարում հիմնական իրավունքի սահմանափակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ սահմանված չէ «օրենքով»՝ դրան առաջադրվող ձևական և որակական տեսանկյունից, չի ապահովում արդար հավասարակշռություն՝ ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հատկապես անհրաժեշտության տեսանկյունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի/դրույթների սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումներր և հիմնավորումները, եզրահանգում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Այսպես՝ գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Դիմողը, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Օրենսգրքի վիճարկվող դրույթների կիրառելիությունը որոշելիս դատարանները շեղվել են իրենց իսկ կողմից տրված սահմանումից՝ ընդլայնելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներում օգտագործվող «կառուցապատող» հասկացության սահմանները՝ անտեսելով Օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվող կանոնն այն մասին, որ «հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով և նշանակությամբ»»:

Դիմողը նաև նշել է. «Դատարանները Օրենսգրքում օգտագործվող «կառուցապատող» հասկացությանը տվել են քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ դրան տրված իմաստից և նշանակությունից շեղվող՝ առավել ընդարձակ իմաստ և բովանդակություն: Մասնավորապես, քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրության տեսանկյունից նրանք որպես «կառուցապատող» են դիտարկել այն անձին, ով «շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության, հիման վրա իրականացնում է քաղաքաշինական գործունեություն», սակայն Օրենսգրքի տեսանկյունից «կառուցապատող»-ի կարգավիճակը չեն պայմանավորել «շինարարության ավարտման փաստի ամրագրմամբ»»:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով նաև Դիմողի ներկայացրած մյուս դիրքորոշումները, գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված ՀՕ-538-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ) (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/5286/05/22 վարչական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմենակ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-128

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-128
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել