ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 23 | ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 մայիսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Աղասի Դանիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Աղասի Դանիելյանի (այսուհետ դիմող) դիմումը (ներկայացուցիչ Զ․ Ապրեսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 11-ին, որով դիմողը խնդրել է. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով վճռաբեկ բողոքի ընդունելության հիմք չի սահմանում ստորադաս դատարանների կողմից գործի սխալ լուծման հանգեցրած առերևույթ դատական սխալը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով չի բացահայտում «արդարադատության բուն էությունը խաթարող խախտման» հասկացությունը և չափանիշները, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանի համար սահմանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում ստորադաս դատարանների կողմից արդարադատության բուն էությունը խաթարող խախտման (այլ ոչ թե առերևույթ նման խախտման) փաստի հաստատման լիազորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է չլինել հիմնավորված և պատճառաբանված և այդ որոշման նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
5. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը այնքանով, որքանով երկու և ավելի ներկայացված պահանջների պայմաններում, երբ դրանցից երկրորդի կամ դրան հաջորդող յուրաքանչյուր պահանջի քննության համար անհրաժեշտ է դրան նախորդող պահանջի բավարարումը, նախորդ պահանջի մերժման դեպքում չի նախատեսում դրան հաջորդող չքննված պահանջների համար պետական տուրքը չգանձելու կամ վճարված պետական տուրքը վերադարձնելու պայման, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմող Աղասի Շավարշի Դանիելյանի նկատմամբ թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով կայացված Վճռաբեկ դատարանի 20.01.2023թ. որոշումը և Վերաքննիչ դատարանի 29.09.2020թ. որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումները դիմողը նշում է, որ դատական սխալը կարող է հանգեցնել վճռի բեկանման, եթե այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Ըստ դիմողի նշվածից բացառություն են կազմում Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերը: Մասնավորապես դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ (…) եթե օրենսդիրը արդարադատության բուն էության խաթարման հատկանիշը սահմանելիս նկատի ունենար տվյալ գործի սխալ լուծման հանգեցնող սխալը, ապա ուղղակիորեն կնախատեսեր այնպես, ինչպես սահմանված է Օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածներում: Հետևապես, խոսելով դատարանի կողմից խախտման արդարադատության բուն էության խաթարման հատկանիշի մասին, ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը նկատի է ունեցել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում ավելի բարձր չափանիշ, քան կոնկրետ գործի սխալ լուծման հանգեցրած դատական սխալը: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելու փուլում Վճռաբեկ դատարանը չի իրականացնում գործի ըստ էության քննություն և այդ փուլում չի կարող ուղղակիորեն հաստատել գործի սխալ լուծման հանգեցրած սխալի մասին: Դրա փոխարեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանը կարող է անդրադառնալ առերևույթ խախտման առկայությանը և գործի ելքի վրա դրա ազդեցության հնարավորությանը»։ Դիմողը նշում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից չի երևում, որ դատական սխալը, որն առերևույթ հանգեցրել է (կարող է հանգեցնել) գործի սխալ լուծման, հանդիսանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք: Դրա փոխարեն օգտագործվում է «արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» եզրույթը, որի չափանիշները Օրենսգրքով սահմանված չեն, և որը չի նույնանում գործի սխալ լուծման հանգեցնող առերևույթ խախտման հետ: (...)
(…) եթե առկա է գործի սխալ լուծման հանգեցրած դատական սխալով դատական ակտ, որը օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել է վերադաս ատյան, իսկ վերադաս ատյանը դատական սխալի առերևույթ առկայության պայմաններում այն վարույթ չի ընդունում, ապա ակնհայտորեն չի պահպանվում մարդու դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքը, արդյունքում նաև այն մյուս հիմնական իրավունքները ի պաշտպանություն որոնց անձը դիմել էր դատարան: Հետևապես, գործի քննությունը մերժելը այն հիմքով, որ առկա են բողոքը վարույթ ընդունելու ավելի բարձր չափանիշներ քան առերևույթ սխալ դատական ակտի առկայությունը, ակնհայտորեն հակասում է մարդու արդար դատաքննության սահմանադրական իրավունքին և իմաստազրկում արդարադատության հասկացությունը»: Դիմողը գտնում է, որ «(…) Օրենսգրքի 394-րդ հոդվածում առկա «Արդարադատության բուն էության խաթարում» եզրույթը կանխատեսելի չէ դատական պաշտպանության իրավունքն իրացնող անձանց համար, և տվյալ նորմը սահմանված չէ բավարար որոշակիությամբ: Պրակտիկայում հանդիպող վճռաբեկ բողոքները մեծ ծավալներով վարույթ չընդունվելու պատճառը զգալի թիվ կազմող դեպքերում հենց վերոնշյալ նորմի իրավական անորոշությունն է, մասնավորապես արդարադատության բուն էությունը խաթարող խախտման չափանիշների ամրագրման բացակայությունը նորմատիվ իրավական ակտերում և Սահմանադրական դատարանի որոշումներում: (…)
(…) օրենսդրական կարգավորումը պետք է առնվազն հնարավորություն տրամադրի վիճելի եզրույթը մեկնաբանել այնպես, որ խոսքը վերաբերում է այն խախտումներին, որոնք հանգեցրել են գործի այնպիսի լուծման, որին չպետք է հանգեցնեին գործի ճիշտ քննության արդյունքում, ինչպես նաև անձի Սահմանադրությամբ նախատեսված այնպիսի ելակետային իրավունքների չպահպանման, որոնք կասկած են հարուցում իրավական պետությունում անձի արդար դատաքննության իրավունքի առկայության վերաբերյալ: Ընդ որում ցանկալի կլիներ, որ արդար դատաքննության իրավունքի առկայությունը կասկածի տակ դնող նման ակնհայտ կոպիտ խախտումները ուղղակիորեն նախատեսված լինեն Օրենսգրքով»: Դիմողը, փաստելով, որ Օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է բավարարի Օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները, նշում է. «(…) եթե շարժվենք Վճռաբեկ դատարանի այն տրամաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է բավարարի միայն 200-րդ հոդվածով (…) նախատեսված պայմաններին և Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառելի չեն, ապա կստացվի, որ առաջին ատյանի դատարանները ևս առանձին ակտի ձևով որոշումներ կայացնելիս կաշկանդված չեն Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով դատական ակտին ներկայացվող պահանջներով: Նման մոտեցումը ընդհանրապես կբացառի Օրենսգրքի 6-9-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կիրառումը, թեև այն հանդիսանում է արդար դատաքննության սկզբունքի տարր հանդիսացող պատճառաբանված դատական ակտի իրավունքի օրենսդրական հիմքը քաղաքացիական դատավարությունում»: Դիմողը նշում է նաև, որ եթե դատարան են ներկայացվել երկու և ավելի պահանջներ, և դրանցից երկրորդի կամ դրան հաջորդող յուրաքանչյուր պահանջի քննության համար անհրաժեշտ է դրան նախորդող պահանջի բավարարումը, ապա նախորդ պահանջի մերժման պայմաններում հաջորդող չքննված պահանջների համար պետական տուրքի գանձումը ոչ իրավաչափորեն կսահմանափակի անձի սեփականության իրավունքը: Դիմողը նշում է, որ «(…) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը (…) չի սահմանում պետական տուրքի չվճարման կամ վճարված պետական տուրքի վերադարձի հնարավորություն այն դեպքերում, երբ ներկայացված մի քանի պահանջներից մեկի մերժման դեպքում, մյուս պահանջն ընդհանրապես չի ենթարկվում քննության դատարանի կողմից: Նման պայմաններում ստացվում է, որ խեղաթյուրվում է պետական տուրքի էությունը, իսկ դատական պաշտպանություն հայցող անձանց վրա դրվում է փաստացի պետական տուրք չհանդիսացող դրամական պարտավորություն ոչ իրավաչափորեն սահմանափակելով նրանց հիմնական իրավունք հանդիսացող սեփականության իրավունքը»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի, վերջինիս 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի առնչությամբ Սույն անհատական դիմումի խնդրամասում դիմողն Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ բարձրացրել է երեք հարց Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց այնքանով, որքանով վիճարկվող դրույթը վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմք չի սահմանում ստորադաս դատարանների կողմից գործի սխալ լուծման հանգեցրած առերևույթ դատական սխալը. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց այնքանով, որքանով նշված դրույթը չի բացահայտում «արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» հասկացությունը և դրան ներկայացվող չափանիշները. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության հարց այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանի համար սահմանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում ստորադաս դատարանների կողմից արդարադատության բուն էությունը խաթարող խախտման (այլ ոչ թե առերևույթ նման խախտման) փաստի հաստատման լիազորություն: Վերոշարադրյալի հաշվառմամբ դիմողի Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասին առնչվող երեք խնդրանքները, ըստ էության, նույնաբնույթ են և վերաբերում են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերին ու այդ համատեքստում «արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» ձևակերպման բովանդակությանը։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար: (...)
(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և այդ իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ 2021 թվականի օգոստոսի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմողի Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցով անհատական դիմումը, որի կապակցությամբ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի օգոստոսի 25-ի ՍԴԴԿՈ-54 որոշումը, որով անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու, ինչպես նաև դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքերով: Նշված որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք: Առաջին հիմքը վերաբերում է այն դեպքերին, երբ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, իսկ երկրորդ հիմքի դեպքում առերևույթ պետք է առկա լինի մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսդիրն ամրագրել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներին համապատասխան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը դրանցից յուրաքանչյուրին հաղորդելով առանձին բովանդակություն: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասը բացահայտում է նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքի, իսկ 3-րդ մասը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված հիմքի բովանդակությունը, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք իրարից էապես տարբերվող դրույթներ են, և դրանցից յուրաքանչյուրի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելիս հիմնավորման առարկան տարբեր է: Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով դիմողի փաստարկն առ այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առկա է օրենսդրական բաց, քանի որ վիճարկվող հոդվածը չի նախատեսում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում թույլ տալու հիմքով և որպես բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում ներկայացվում է իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված հակասական մեկնաբանությունը, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշված փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմի հակասող մեկնաբանությամբ կիրառվելու կետը կոչված է ապահովելու Վճռաբեկ դատարանի օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության գործառույթի, իսկ դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի արդարադատության բուն էությունը խաթարող խախտում թույլ տալու կետը Վճռաբեկ դատարանի մեկ այլ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթի արդյունավետ իրացումը: Ավելին, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները բացահայտված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 390-րդ հոդվածում»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի եզրահանգումները, ըստ էության, վերաբերում են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերին և այդ համատեքստում «արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» ձևակերպման բովանդակության և դրա չափանիշների բացահայտման անորոշությանը: Սահմանադրության «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածին համապատասխան հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Նշված սահմանադրաիրավական նորմը, այնուամենայնիվ, չի բացառում օրենսդրական կարգավորումների շրջանակներում այնպիսի եզրույթների և ձևակերպումների առկայությունը, որոնք լրացուցիչ մեկնաբանման կամ գնահատման կարիք ունեն, որպիսի պայմաններում առանցքային նշանակություն ունի իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավանորմերին տրվող/հաղորդվող մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն իր որոշումներում (ՍԴՈ-1270, ՍԴՈ-1452, ՍԴՈ-1488, ՍԴՈ-1592, ՍԴՈ-1669 և այլն) բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա «արդարադատության բուն էությունը խաթարող խախտում» ձևակերպման որոշակիության սկզբունքին համապատասխանության առումով օբյեկտիվորեն հնարավոր չէ ամբողջական ներկայացնել այն բոլոր ենթադրյալ խախտումները, վերջիններիս սպառիչ ցանկը, որոնք հնարավոր կլինի ներառել հիշյալ ձևակերպման բովանդակության ներքո: Նման պայմաններում խնդիրը լուծվում է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան դրույթը մեկնաբանելու միջոցով. կոնկրետ գործի առանձնահատկություններով պայմանավորված` նշված ձևակերպումը կարող է ունենալ տարբեր նրբերանգներ, և Վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում է նորմատիվ այդ պահանջի բովանդակության բացահայտումն ու դրա միատեսակ կիրառության ապահովումը: Դիմողի ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել իր մատնանշած ենթադրյալ օրենսդրական բացի բացասական հետևանքներն իր սահմանադրական իրավունքների իրացման առումով: Այլ կերպ դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ ողջամիտ հետևության հանգել, թե ինչպես է վիճարկվող դրույթը հանգեցրել դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը
գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմք է։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ (…) եթե օրենսդիրը արդարադատության բուն էության խաթարման հատկանիշը սահմանելիս նկատի ունենար տվյալ գործի սխալ լուծման հանգեցնող սխալը, ապա ուղղակիորեն կնախատեսեր այնպես, ինչպես սահմանված է Օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածներում: Հետևապես, խոսելով դատարանի կողմից խախտման արդարադատության բուն էության խաթարման հատկանիշի մասին, ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը նկատի է ունեցել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում ավելի բարձր չափանիշ, քան կոնկրետ գործի սխալ լուծման հանգեցրած դատական սխալը: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելու փուլում Վճռաբեկ դատարանը չի իրականացնում գործի ըստ էության քննություն և այդ փուլում չի կարող ուղղակիորեն հաստատել գործի սխալ լուծման հանգեցրած սխալի մասին: Դրա փոխարեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանը կարող է անդրադառնալ առերևույթ խախտման առկայությանը և գործի ելքի վրա դրա ազդեցության հնարավորությանը»։ Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը վիճարկվող նորմի դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի գործողությունների (դատական ակտի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (նաև դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, ենթակա է մերժման նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ 3.2. Օրենսգրքի 397-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի առնչությամբ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Սույն անհատական դիմումով Օրենսգրքի 397-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) վիճարկման համատեքստում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության հարցին, դրանք ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանմամբ, համաձայն որի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։ Մասնավորապես ՍԴՈ-1628 որոշման 5.4-րդ կետում Սահմանադրական դատարանը, վերլուծելով Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, արձանագրել է. «(…) դրանցով Օրենսգրքի ընդհանուր հիմնարար դրույթներում նախատեսված է դատական ակտերի պատճառաբանվածության պահանջը որպես քաղաքացիական դատավարությունում դատական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջ: Մասնավորապես` Օրենսգրքի 6-րդ հոդվածով սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի մասով նախատեսված է, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով (մաս 2), իսկ Օրենսգրքի 9-րդ հոդվածը մանրամասնում է դատական ակտին առաջադրվող պատճառաբանվածության պահանջի բովանդակությունը սահմանելով, որ պատճառաբանվածության պահանջը ներառում է ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները (մաս 1): Օրենսդիրը դատական ակտին ներկայացվող նշյալ պահանջները պարտադիր է համարել բոլոր ատյանների դատարանների համար: Այսինքն` ցանկացած ակտ կայացնելիս դատարանը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն պատճառաբանելու, եթե Օրենսգրքով նախատեսված չէ պատճառաբանվածության ընդհանուր պահանջից բացառություն»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է․ «(…) Միաժամանակ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների նկատմամբ սահմանված է, որ դրանք պետք է համապատասխանեն Օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացվող որոշումների համար պարտադիր են համարում դրանցում ներառել «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»։ Այսինքն Օրենսգրքի սույն գործով դիմողի կողմից վիճարկվող, ինչպես նաև Օրենսգրքի որևէ այլ դրույթով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու ընդհանուր կանոնից որևէ շեղում նախատեսված չէ»։ Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշմամբ Ա. Դանիելյանի դիմումի հիման վրա Օրենսգրքի նաև 397-րդ հոդվածի մասով գործի վարույթը կարճվել է այն հիմնավորմամբ, որ դիմողի կողմից մատնանշված հարցը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման պատճառաբանվածության խնդիրը, դուրս է Օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորման առարկայից և ենթակա է քննության Օրենսգրքի վիճարկվող 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության ստուգման շրջանակում: Այսինքն Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի կողմից բարձրացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության հարցը Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների կարգավորման տիրույթում է, ինչի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը։ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում բարձրացրել է նույնաբովանդակ հարց այն դիտարկելով Օրենսգրքի 397-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համատեքստում։ Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Օրենսգրքի 397-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով, քանզի դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը: 3.3. «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի առնչությամբ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատաս-խան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրա-վունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Վերաքննիչ դատարանը գործով քննել է միայն շինծու գործարքի առոչնչության հետևանքներ կիրառելու պահանջը և չի քննել գումարի բռնագանձման պահանջը: Ողջամտորեն գումարի բռնագանձման պահանջը, որն ուղղված էր շինծու գործարքի առոչնչության հետևանքներ կիրառելու արդյունքում իրական կողմի նկատմամբ, կարող էր քննության առարկա դարձվել միայն ոչ դրամական պահանջը բավարարվելուց հետո։ (…)
Վերաքննիչ դատարանը չի քննել գումարի բռնագանձման պահանջը կամ դրա դեմ բերված բողոքը, և գտնելով, որ գործարքի շինծու լինելը հիմնավորված չէ միանգամից որոշմամբ մերժել է ներկայացված ամբողջ հայցը: Արդյունքում վերաքննիչ դատարանը Դիմողի նկատմամբ կիրառել է իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը պետական տուրքի վճարման պարտականություն սահմանելով նաև ներկայացված դրամական պահանջի համար առանց այդ պահանջը քննելու»: Սույն հարցի համատեքստում հարկ է նաև արձանագրել, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին: Նույն հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ վերոնշյալ օրինադրույթների կիրառումը և դրանց հետ կապված հարցերի պարզաբանումը դատարանի իրավասության տիրույթում են։ Մասնավորապես դատարանն է իրավասու կոնկրետ գործով գնահատելու և որոշելու արդյոք ներկայացված պահանջը հիմնակա՞ն է, թե՞ ածանցյալ, և ըստ այդմ էլ անդրադառնալու պետական տուրքի գանձմանն առնչվող հարցին: Ուստի դիմողի կողմից բարձրացված պետական տուրքի գանձմանն առնչվող հարցը կոնկրետ գործի քննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով ենթակա է լուծման դատարանի կողմից հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ նշված է․ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Աղասի Դանիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Ա. Վաղարշյան
29 մայիսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
