Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-124 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 12 | «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՍԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 4 փետրվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1․ «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սարգիս Մադաթյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2026 թվականի հունվարի 9-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է.

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 22.11.2023 թվականի թիվ ՀՕ-347-Ն օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ենթակետի մասով սահմանված նորմ/եր/ին տրված և կիրառվող մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»:

Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան, երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՍՆԴ/0314/04/24 և թիվ ԸԻԴ/0005/04/23 սնանկության գործերի դատավարական նախապատմությունը, նշում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.11.2024 թ․ կայացրած որոշմամբ բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 30.04.2024 թ․ «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության՝ այն հիմնավորմամբ, որ «կիրառելի օրենսդրական կարգավորումներով բացակայում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռեր շահագրգիռ այլ անձանց, այդ թվում՝ պարտատերերին, հարկադրելու իրավաբանական անձի՝ ՀՀ-ում գրանցման ճանաչումը՝ դրանից բխող իրավունքները իրացնելու, ներառյալ՝ ՀՀ դատարաններում նշված իրավաբանական անձի դեմ իրենց դատական պաշտպանության իրավունքից օգտվելու նպատակով»:

Դիմողը, հղում կատարելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ինչը նույն օրենքի 35.1 հոդվածի 1-ին մասի իրավակարգավորմամբ պահանջում է այլ տարածքում գրանցված իրավաբանական անձանց գրանցման ճանաչում, հակառակ պարագայում նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ընկերությունը համարվում է պետական հաշվառում կամ գրանցում չստացած, գտնում է, որ այն պարագայում, երբ «Արցախի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ ՀՀ պետական միասնական գրանցամատյանում առկա չէ պետական գրանցման ճանաչման վերաբերյալ գրառում, տվյալ սուբյեկտը ՀՀ իրավակարգում չի կարող ունենալ այնպիսի դատավարական կարգավիճակ, որը թույլ կտա նրան դիտարկել որպես դատավարության կողմ»:

Դիմողի պնդմամբ՝ խնդրո առարկա սնանկության գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ անտեսվել է Արցախի Հանրապետությունում գրանցված, սակայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ճանաչում չստացած իրավաբանական անձանց կարգավիճակի առանձնահատկությունները և փաստացի ընդունվում է, որ տվյալ իրավաբանական անձանց մասնակցությամբ վեճերը կարող են քննվել ՀՀ դատական համակարգում՝ այդպիսի իրավաբանական անձանց դիտարկելով որպես դատավարության իրավունակ և գործունակ սուբյեկտ, վերջիններիս ենթարկելով ՀՀ դատարանների իրավազորությանը, ինչպես նաև անտեսելով նման իրավաբանական անձանց՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իրենց գործի քննության իրավունքը: Միաժամանակ, ըստ Դիմողի՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի խնդրո առարկա որոշման բովանդակությունից հետևում է, որ տվյալ դատարանը, արձանագրելով ՀՀ դատարանների կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունը, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու պարտավորությունը, դրանցում ստանձնած երաշխիքները կիրառելի է համարել միայն օտարերկրյա իրավաբանական անձանց պարտատերերի համար:

Դիմողն ընդգծում է, որ սույն դիմումով վիճարկվող նորմերը վերոնշյալ մեկնաբանությամբ կիրառելու դեպքում ստացվում է, որ վիճարկվող իրավանորմերով օտարերկրյա իրավաբանական անձանց պարտատերերի արդար դատաքննության իրավունքը գերակա է Արցախի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ճանաչում չստացած իրավաբանական անձանց նույն իրավունքի նկատմամբ:

Դիմողը եզրահանգում է, որ Օրենքի 3-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից սույն գործով տրված մեկնաբանությամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին, քանի որ նշված նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, որը հանգեցնում է իր՝ որպես պարտապան կազմակերպության արդյունավետ դատական պաշտպանության և օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի քննության հիմնական իրավունքների խախտման:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(․․.) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները (…)»:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես, վերոնշյալ սնանկության գործի շրջանակներում ՀՀ սնանկության դատարանը 2024 թվականի ապրիլի 30-ին, դռնբաց դատական նիստում քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «Ամիօ բանկ» ՓԲ ընկերության` «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, որոշել է.

«Ըստ դիմումի «Ամիօ բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0314/04/24 սնանկության գործի վարույթը կարճել:

(...)»։

Վերոգրյալ որոշման դեմ «Ամիօ բանկ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 21-ին որոշել է.

«(...) Վերաքննիչ բողոքը բավարարել։ Թիվ ՍնԴ/0314/04/22 սնանկության գործով Դատարանի 30.04.2024 թվականի «Սնանկության գործի վարույթը կարճելու մասին» վերտառությամբ որոշումը վերացնել և հարցն ուղարկել նույն Դատարան՝ նոր քննության»:

«(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը հիմնավոր է և անհրաժեշտ է սույն սնանկության գործի՝ Դատարանին ենթակայության հարցի նոր քննություն՝ Վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշմամբ ներկայացված իրավական վերլուծությունների և մատնանշված ուշադրության արժանի հանգամանքների լույսի ներքո:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ հարցի նոր քննության անհրաժեշտության մասին, պայմանավորված են նրանով, որ Դատարանի կողմից կատարված առաջին քննության ընթացքում, ըստ էության, չեն հետազոտվել այն ապացույցները, որոնց համադրված հետազոտումը և գնահատումը անհրաժեշտ է առաջադրված հարցադրումները պարզելու համար, ուստի Վերաքննիչ դատարանը զրկված է հարցը սույն վերաքննության փուլում լուծելու հնարավորությունից»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվել Դիմողի կողմից, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

Վճռաբեկ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման հիմքով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Սնանկության դատարանի համապատասխան որոշումը վերացնելու և հարցը նույն դատարան նոր քննության ուղարկելու պայմաններում սնանկության գործը ներկայումս գտնվում է նոր քննության փուլում։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում թիվ ՍնԴ/0314/04/24 սնանկության գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տվյալ գործի նոր քննության շրջանակներում Սնանկության դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ին կայացրել է «Սնանկության գործը վարույթ ընդունելու մասին» որոշում: Հետևաբար՝ տվյալ սնանկության գործով Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ դեռևս շարունակվում է գործի քննությունը:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Քննարկվող համատեքստում հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

4 փետրվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել