Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԵԼԻ ՕԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԵԼԻ ՕԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3026 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հունիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 30 | ՆԵԼԻ ՕԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 հունիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի,

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի,

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Նելի Օխանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նելի Օխանյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գայանե Գրիգորյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունիսի 12-ին (դիմումը համապատասխանեցվելուց հետո վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան 16.06.2025 թ.), որով Դիմողը խնդրել է.

««Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վ. Սիսակյանի կողմից 05.04.2023թ-ին կայացված՝ «Նելի Օխանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 70-Ա հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3,5,6,61-րդ հոդվածի 1-ին, 63, 82 հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով գործատուի աշխատանքային վեճի և վերջինիս կապակցությամբ հարուցված թիվ ԼԴ4/0044/02/23 քաղաքացիական գործի նախապատմությունը՝ Դիմողը պնդում է, որ գործատուն՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, իրեն աշխատանքից ազատել է խտրական կերպով: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ինքը 2023 թվականի մարտի 26-ին՝ կիրակի օրը, ողջ աշխատանքային օրով բացակայել է աշխատանքից՝ հիմքում ունենալով տնօրենի և բաժնի վարիչի հանձնարարությունն առ այն, որ աշխատողները շաբաթ և կիրակի օրերին պարտավոր են ներկայանալ աշխատանքի, երբ նախատեսված է վիրահատություն: Նույն օրն աշխատանքի չի ներկայացել նաև այլ բուժաշխատող՝ Հերմինե Գալստյանը: Մինչդեռ, ի տարբերություն Դիմողի, որը գործատուի՝ 2023 թվականի ապրիլի 5-ի թիվ 70-Ա հրամանով (այսուհետ նաև՝ Հրաման) ենթարկվել է կարգապահական տույժի՝ աշխատանքային պայմանագրի լուծման, Հերմինե Գալստյանը ոչ միայն կարգապահական տույժի չի ենթարկվել և աշխատանքից չի ազատվել, այլև, ըստ Դիմողի, աշխատաժամանակի տեղեկագրում կեղծիք կատարելով՝ նշվել է, թե Հերմինե Գալստյանը 2023 թվականի մարտի 26-ին լրիվ ժամանակով ներկայացել է աշխատանքի: Ըստ Դիմողի՝ հետագայում, երբ ինքը բարձրաձայնել է գործատուի կողմից իր նկատմամբ սկսված ապօրինի հետապնդումների, ապօրինի հրամանների և խտրական վերաբերմունքի մասին, գործատուն զարտուղի ճանապարհներով աշխատաժամանակի տեղեկագրում նշել է, որ 2023 թվականի մարտի 26-ին Հերմինե Գալստյանը ոչ թե ողջ աշխատանքային օրը բացակայել է աշխատանքից, այլ այդ օրն ուշացմամբ է ներկայացել աշխատանքի՝ ներկայացնելով իր ուշացումը հարգելի համարելու հիմնավորումներ: Դիմողի կարծիքով՝ այդպես գործատուի կողմից հիմնավորվել է Հերմինե Գալստյանին աշխատանքից չազատելու հանգամանքը:

Դիմողը նշում է, որ գործատուի կողմից չի ներկայացվել հստակ պատճառաբանություն, թե ինչ տրամաբանությամբ է Դիմողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ, իսկ Հերմինե Գալստյանի նկատմամբ՝ ո՛չ:

Ըստ Դիմողի՝ դատարանները նշյալ տարբերակված վերաբերմունքն օրինաչափ են համարել՝ գտնելով, որ գործատուն որևէ խախտում թույլ չի տվել, և վիճարկվող հրամանն իրավաչափ է:

Վկայակոչելով վերաբերելի օրենսդրության համապատասխան դրույթները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումները՝ Դիմողը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատելը եղել է խտրականության դրսևորում, և այդ հիմքով վիճարկում է Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և գործատուի հրամանը:

Դիմողը նաև գտնում է, որ դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ՝ չարձանագրելով իրեն աշխատանքից ազատելու ընթացակարգում տեղ գտած մի շարք խախտումներ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

3.1. Հրամանի վիճարկման սահմանադրաչափության մասով.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող սահմանադրական մարմին է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը նորմատիվ իրավական ակտերի (դրանց առանձին դրույթների) սահմանադրականության ստուգման (սահմանադրական-դատական վերահսկողություն) միջոցով:

Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը հանդես է գալիս որպես իրավունքի դատարան, որը քննության է առնում ոչ թե փաստերի հիմնավորվածության կամ դատական ակտով նորմատիվ իրավական ակտի (դրա առանձին դրույթի) կիրառման իրավաչափության, այլ նորմատիվ իրավական ակտի (դրա առանձին դրույթի) սահմանադրականության հարցեր:

Ընդ որում՝ իր նշյալ գործառույթն իրականացնելիս Սահմանադրական դատարանն ամենևին հանդես չի գալիս որպես ընդհանուր կամ մասնագիտացված դատարանների վերադաս դատական ատյան և իր իրավասության ներքո գտնվող գործերը չի քննում ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության կարգով: Փոխարենը՝ Սահմանադրական դատարանն իր իրավասության շրջանակներում գործը քննում է Սահմանադրությամբ կանխորոշված լիազորությունների շրջանակներում և Սահմանադրական օրենքով սահմանված դատավարական առանձնահատուկ կարգով:

Վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում ընդգծել դիմումի բովանդակությանն առաջադրվող օրենսդրական պահանջների և Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակների միջև նորմատիվ և պատճառահետևանքային կապի ամրագրվածությունը, որը դրսևորվում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դիմումում նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի վիճարկման պահանջով: Վերջինս ակնհայտորեն տարածվում է նաև դիմումի առարկայի, այն է՝ Սահմանադրական դատարանին ուղղված պահանջի վրա, որը պետք է համապատասխանի Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ հաշվի առնելով անհատական դիմումի քննության առանձնահատկությունները:

Տվյալ պարագայում դիմումի խնդրամասում Սահմանադրական դատարանից պահանջվել է ««Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վ. Սիսակյանի կողմից 05.04.2023թ-ին կայացված՝ «Նելի Օխանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 70-Ա հրամանը (...) ճանաչել ՀՀ Սահմանադրության 3,5,6,61-րդ հոդվածի 1-ին, 63, 82 հոդվածներին հակասող և անվավեր»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանին ուղղված նշյալ պահանջը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի լիազորություններին, դուրս է Սահմանադրական դատարանի սահմանադրական իրավասությունից և, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության առնվել չի կարող, քանի որ Հրամանը նորմատիվ իրավական ակտ չէ, հետևապես՝ սահմանադրական դատավարության կարգով վերանայման ենթակա չէ:

3.2. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի մասի սահմանադրականության վիճարկման մասով.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ սահմանված են դիմումի ընդունելիության օրենսդրական չափանիշների իրավական առանձնահատկությունները, որոնք դիմողը պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս: Ի շարս այլ չափանիշների՝ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումի առարկայի վերաբերելիությանը Սահմանադրական դատարանի իրավասությանը և այդ համատեքստում՝ նաև դիմումի առերևույթ հիմնավորվածությանը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ըստ այդմ՝ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սույն պարագայում Դիմողի կողմից վիճարկվել է Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի սահմանադրականությունը, սակայն չի ներկայացվել այդ օրինադրույթի հակասահմանադրականության որևէ ողջամիտ փաստարկ: Փոխարենը՝ Դիմողը վիճարկել է դատարանների կողմից իր գործի փաստերի գնահատման և դրանց նկատմամբ նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությունը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկում է իր նկատմամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով գործատուի կողմից Հրամանի ընդունումն այն դեպքում, երբ միևնույն կարգապահական զանցանքի համար մեկ այլ աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել, ներկայացվում են փաստարկներ, որ իր նկատմամբ գործատուի կողմից իրականացվել է հետապնդում և այլն:

Հարկ է նշել, որ դիմումում առկա է փաստական և իրավական հանգամանքների բովանդակային շփոթ. բազմաթիվ փաստերի շարադրումը սույն գործի համար նշանակություն չունի, առկա չեն անհրաժեշտ իրավատրամաբանական կապեր վկայակոչող փաստերի և կիրառելի իրավունքի միջև:

Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված նշյալ հարցերը դուրս են Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի մասով, ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նելի Օխանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

26 հունիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել