«Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հունիսի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 հունիսի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ն 2012թ. հունիսի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Պարզեցված հարկի մասին» ՀՕ-61 ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը և դրա հետ փոխկապակցված օրենքի 16-րդ հոդվածի 3.1-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի, 83-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր»։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. Դիմողի կարծիքով օրենքը չի նախատեսում հարկ վճարողի գործողություններն այն դեպքերում, երբ վերջինս բացահայտել է, որ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափի վերաբերյալ պայմանը չի բավարարում իր կողմից հայտարարագիրը ներկայացնելու համար, և հայտարարագրի ներկայացումը եղել է սխալ։ Նշյալ պայմանների օրենսդրորեն չնախատեսումը, որի պայմաններում ենթադրվում է անխուսափելիորեն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով տուգանքի կիրառում, ակնհայտորեն հանգեցնում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռվածության ապահովման և հարկ վճարողների իրավունքների և օրինական շահերի երաշխավորման սահմանադրաիրավական պահանջների խախտման։
2. Նշված դրույթների առնչությամբ դիմողը վերջիններիս
հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։
Օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ- 864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը նշել է, որ իրավունքի բացը հաղթահարելու գործում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Տվյալ դեպքում դիմողի հիմնական փաստարկներն ուղղված են նրան, որ օրենքը չի նախատեսում հարկ վճարողի գործողություններն այն դեպքերում, երբ վերջինս բացահայտել է, որ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափի վերաբերյալ պայմանը չի բավարարում իր կողմից հայտարարագիրը ներկայացնելու համար, և հայտարարագրի ներկայացումը եղել է սխալ։ Այս համատեքստում, ՀՀ վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «...Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն պարզեցված հարկ վճարողները սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք։ Նշված իրավանորմի համաձայն տուգանք է առաջանում այն դեպքում, երբ պարզեցված հարկ վճարողները իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ են ներառում նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարի վերաբերյալ։ Այսինքն, Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով նախատեսված իրավախախտումը ավարտված է համարվում, այլ կերպ ասած առկա է, երբ հարկային տեսչություն ներկայացվել է հայտարարագիր, որտեղ նշված են ոչ ճիշտ տեղեկություններ»։ Նշյալ իրավական դիրքորոշումները հաստատվել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից։
Վերոշարադրյալը վկայում է, որ նշյալ հիմնախնդրի վերաբերյալ ձևավորվել է միասնական իրավակիրառական պրակտիկա, և եթե առկա էլ է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու մենաշնորհը, ելնելով սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից և վերոշարադրյալից, պատկանում է օրենսդիր մարմնին։
3. Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Հ.Ա.Թ.Ա.Կ.» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
20 հունիսի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունիսի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
