Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3918 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 մարտի 2025թ. ՍԴԱՈ - 39 | ««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ

Ամբողջ Տեքստ

««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«• ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին, 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը,

• ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը,

• ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը»:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

Օրենքի՝ «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից»:

Վերոնշյալ հոդվածը փոփոխվել է 2009 թվականի փետրվարի 5-ի ՀՕ-48-Ն օրենքով, խմբագրվել և փոփոխվել՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքով, խմբագրվել՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով:

Օրենքի՝ «Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)» վերտառությամբ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` (…)

3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.»:

Օրենքի վերոնշյալ հոդվածը լրացվել և փոփոխվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-235-Ն օրենքներով, խմբագրվել՝ 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքով, լրացվել՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-192-Ն օրենքով, փոփոխվել և խմբագրվել՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-298-Ն օրենքով, խմբագրվել և լրացվել՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով, խմբագրվել՝ 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-222-Ն օրենքով, լրացվել՝ 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-187-Ն և 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-22-Ն օրենքներով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի՝ «Գործին մասնակցող անձանց կազմը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.

«1. Գործին մասնակցող անձինք են`

(…)

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով»:

Օրենսգրքի 31-րդ հոդվածը որևէ օրենսդրական փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը

2.1. Սնանկության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 դատական գործն ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի նոյեմբերի 14-ին վճռել է.

«Դիմումը բավարարել. «Իմպերիալ Պալաս Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ…»:

Սույն վճռով Դատարանը փաստել է.

«Տվյալ դեպքում Դատարանը հաստատված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի գրավոր գործարքի՝ 31.05.2019թ. կնքված փոխառության պայմանագրի վրա հիմնված 250.000 ԱՄՆ դոլարի պարտավորություն (…):

Դատարանն ապացուցված է համարում նաև այն, որ Ընկերության ունեցած վերը նշված պարտավորությունը կետանցված է 60 օրից ավելի ժամկետով, և այդ կետանցը շարունակվում է, քանի որ այդ պարտավորությունը մարելու վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել: Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ վճարային պարտավորություն ունենալու, այդ պարտավորության չափի և այն կետանցված լինելու վերաբերյալ որևէ առարկություն Դատարան չի ներկայացրել:

Այսպիսով, Դատարանն ապացուցված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող, 60 օրից ավելի ժամկետով կետանցված անվիճելի վճարային պարտավորություն, որի կետանցը շարունակվում է:

Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված բոլոր անհրաժեշտ պայմանները՝ անձին սնանկ ճանաչելու համար, ուստի Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ Արմեն Աթանեսյանի դիմումը ենթակա է բավարարման»:

2.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին վճռել է.

«1. Ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ հայցը բավարարել:

2. Կիրառել կեղծ լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագիրը»:

Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ:

2.3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից նոր հանգամանքով ներկայացված՝ Դատարանի 14.11.2019 թ. վճռի վերանայման բողոքը, 2023 թվականի հունվարի 5-ին որոշել է. «1. Թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացրած վերանայման բողոքը բավարարել. նշված վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:

Սույն որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է. «Տվյալ դեպքում վկայակոչելով Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բողոքաբերը որպես 14.11.2019 թվականի վճռի վերանայման համար նոր հանգամանք է դիտարկել այն փաստը, որ մեկ այլ՝ ԵԴ/8529/02/20 գործով, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, այն հանգամանքը, որ վերանայվող դատական ակտի հիմքում դրված գործարքը եղել է կեղծ:

Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում նշված հիմքի առկայությունը.

Մասնավորապես՝ գործի նյութերով հիմնավորվել է, որ Ընկերության և Արմեն Աթանեսյանի միջև 31.05.2019 թվականին կնքված վերոնշյալ փոխառության պայմանագրի հիման վրա հաստատելով Ընկերությանը սնանկ ճանաչելու պայմանների առկայությունը՝ վերանայվող դատական ակտով ՀՀ սնանկության դատարանը 14.11.2019 թվականի վճռով Ընկերությանը ճանաչել է սնանկ:

Հետագայում այդ վճռի հիմքում ընկած փոխառության պայմանագիրը ԵԴ/8529/02/20 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (տե՛ս բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ փաստը) ճանաչվել է անվավեր, հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում առկա են Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:

2.4. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2023 թ. որոշման դեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

3. Դիմողի դիրքորոշումները

Ներկայացնելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության և թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ կողմերը վստահել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությանը՝ ակնկալելով, որ դատական ակտով վրա հասնող հետևանքները (պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով) իրավաչափ են, և եթե անգամ ինչ-որ հանգամանքի ուժով բեկանվի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, ապա դրա հետևանքով պարտապանի ֆինանսական վիճակը չի կարող էլ ավելի վատթարանալ, քանի որ պարտապանը չի կարող կրել անօրինական դատական ակտի բացասական հետևանքները՝ դադարած պարտավորությունների վերականգնման տեսանկյունից:

Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացը, իրավական որոշակիության բացակայությունը, ըստ էության, իրավաբանական անձի համար անդառնալի և կործանիչ հետևանքներ են առաջացնում այն իմաստով, որ դադարած տույժերի վերականգնման և վերահաշվարկման արդյունքում կրկնապատկված պարտավորությունը թույլ չի տա պարտապանին ֆինանսապես առողջանալ, և պարտապանն իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կորցնելու ակնհայտ վտանգի առջև կկանգնի:

Անդրադառնալով Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին՝ Դիմողը գտնում է, որ տվյալ դրույթում անորոշ է, թե ովքե՞ր կարող են հանդիսանալ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք և ո՞ր օրենքներով նախատեսված գործերով: Ըստ Դիմողի՝ քննարկվող դեպքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով և բավարարելով վերջնական ցուցակում ընդգրկված և նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացրած պարտատիրոջ վերաքննիչ բողոքը, համարել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք կարող են համարվել բոլոր պարտատերերը, և վերջիններս դեռևս պարտատեր հանդիսանալու իրավունքը ծագած չլինելու փուլում կարող են օգտվել պարտապանին սնանկ ճանաչելու գործընթացում դատավարական իրավունքներից:

Դիմողը պնդում է. «Հաշվի առնելով, որ (…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության այն բոլոր իրավակարգավորումներով, որոնցով դատավարական իրավունքներն ու պարտականությունները տրվում են գործին մասնակցող անձանց, ստացվում է, որ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք՝ նման անորոշ ձևակերպման պայմաններում, սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով օգտվում են համապատասխան բոլոր դատավարական իրավունքներից և պարտականություններից, ինչը անհստակություն է առաջացնում նմանատիպ բոլոր իրավակարգավորումներով, ինչպես նաև այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի չեն լինում դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ Դիմողը գտնում է, որ «(…) պարտապանի պարտավորությունների դադարեցումը օրինական ուժի մեջ մտած սնանկ ճանաչելու վճռի հիմքով (տույժերի հաշվարկման մասով), այնուհետև դրանց վերականգնումը հակասահմանադրական է», քանի որ, եթե օրինակ, սնանկության վարույթի ավարտին մոտ ժամանակահատվածում վարույթին ներգրավվի որևէ նոր պարտատեր և բողոքարկի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, որն արդյունքում բեկանվի և ուղարկվի նոր քննության, իսկ սնանկության վարույթից անցած լինի հինգ և ավելի տարիներ, նույնիսկ նոր քննության փուլում սնանկ ճանաչվելու պարագայում պարտապանի համար տեղի են ունենալու անդառնալի հետևանքներ, քանի որ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի բեկանմամբ չեղարկվելու են մինչ այդ դադարեցված տույժերի հաշվարկումները, և եթե գործնականում նմանատիպ իրավիճակները բազմաթիվ լինեն, որևէ պարտապան արդյունքում չի կարողանա ֆինանսապես առողջանալ՝ իրենից անկախ հանգամանքներում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնում թե՛ ընկերության, թե՛ երկրի տնտեսության համար:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) փաստում է, որ «(…) օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել առ այն, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը վերապահված է միայն այն պարտատիրոջը, ով սնանկության դիմում է ներկայացրել: Դա սուբյեկտիվ մեկնաբանություն է և չի բխում նորմում նշված կարգավորումից: Օրենսդիրը առանց որևէ այլ սահմանափակումների նշել է պարտատեր (պարտատերեր), հետևաբար ցանկացած այլ հատկանիշի կամ նախապայմանի սահմանումը մեկնաբանության արդյունք է»:

Պատասխանողն արձանագրում է, որ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը ոչ միայն չի կարող հակասել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, այլ` ընդհակառակը, նշված իրավունքի իրացման լրացուցիչ միջոց է այն անձանց համար, որոնց օրինական շահերը շոշափող վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում կայացված վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, «(…) համաձայն որի՝ պարտատիրոջ հանդեպ պարտապանի ունեցած պարտավորության դադարման դեպքում` դրա հիմքը հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և այդպիսի դադարումը պետք է լինի վերջնական և որևէ կերպ ենթակա չլինի վերականգնման», Պատասխանողը գտնում է, որ նման մոտեցումն իմաստազրկում է ոչ միայն նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այլև խաթարում է սնանկության գործով բոլոր պարտատերերի իրավունքների իրացումը:

Ըստ Պատասխանողի՝ բոլոր պարտատերերն ունեն իրավահավասար մասնակցություն սնանկության գործընթացին` անկախ այն հանգամանքից, թե որ պարտատերն է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրել, և պետք է ապահովել պարտատերերի պահանջների արդար և հավասար բավարարումը: Հետևաբար` սնանկության վարույթի նպատակը միայն մեկ պարտատիրոջ (սնանկության դիմում ներկայացրած) սեփականության իրավունքի պաշտպանության ապահովումը չէ, այլ բոլոր պարտատերերի արդարացի հավասարակշռված շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերի պաշտպանությունը:

Հետևաբար` նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը չի կարող մեկնաբանվել որպես այլ անձանց սեփականության իրավունքի սահմանափակում նախատեսող կարգավորում:

Պատասխանողը գտնում է, որ առարկայազուրկ է Դիմողի այն պնդումը, ըստ որի՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի վերանայման արդյունքում խախտվում է իր նկատմամբ կայացված դատական ակտի կանխատեսելիությունն ու անհերքելիությունը, քանի որ երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գործարքն անվավեր է ճանաչվում առոչնչության հիմքով, ապա այդ գործարքի կողմի համար բոլորովին անկանխատեսելի չէ, որ այն դատական ակտը, որի հիմքում դրվել է կեղծ գործարքը, կարող է բեկանվել և գործն ուղարկվել նոր քննության:

Իրավական որոշակիության համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին՝ Պատասխանողը գտնում է, որ հիշյալ դրույթի մասով սահմանադրականության հարց չի առաջանում, քանի որ այն ուղղակիորեն սահմանում է գործին մասնակցող անձանց ցանկը:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է` սույն գործով ընդունել որոշում` վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

5.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրաիրավական վերոնշյալ նորմի հիման վրա Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ տվյալ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ պահանջներն են.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշման մեջ հայտնել է դիրքորոշում առ այն, որ «(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.

- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն՝ իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,

- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն՝ պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»:

Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

5.1.1. Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորվածության պահանջի պահպանման տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, որ դիմումը հիմնավոր փաստարկներ բովանդակի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը ենթադրյալ խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և վիճարկվող նորմի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) միջև, այլ նաև հիշատակված պատճառահետևանքային կապը կրի անմիջական բնույթ. այլ կերպ ասած՝ դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ կիրառվելու հետևանքով դիմողի համար առաջացած բացասական իրավական հետևանքների առկայության վերաբերյալ հիմնավորումը չի կարող ներկայացվել միայն դիմողի անուղղակի ենթադրությունների, կանխատեսումների կամ վերացական դատողությունների վրա հիմնված փաստարկների միջոցով:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը վիճարկում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրության 10, 60 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթների և իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը՝ սահմանափակվելով վիճարկվող դրույթների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ:

Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը սահմանել է հստակ պահանջ, այն է՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում սնանկության վարույթի ընթացքում բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և շարունակվում են պարտապանին սնանկ ճանաչելու պահից:

Նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքով առաջացող հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների: Իսկ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, թե ովքեր են գործին մասնակցող անձինք:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Դիմողի կողմից որևէ կերպ չի հիմնավորվում հիշատակված կարգավորումների և իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված վիճարկվող դրույթների՝ Սահմանադրության 10-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդմանը, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, մինչդեռ կոնկրետ սահմանադրական վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն գործի վարույթը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 մարտի 2025 թվականի

ՍԴԱՈ-39

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-39
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել