Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-506 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 50 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 նոյեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ին)` խնդրելով. « Սահմանադրության 60-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/47447/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակի կերպով սահմանափակում են իր սեփականության իրավունքը, քանի որ դրանցով իր համար նախատեսվում է 300.000 դրամի չափով տուգանք սպառողների ավանդատուների նկատմամբ պարտավորությունը չկատարելու համար: Ըստ Դիմողի տվյալ պարագայում ինքը զրկվում է իր գույքից դրամական միջոցներից, հետևաբար վիճարկվող դրույթները շոշափում են Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության առարկան: Դիմողը փաստում է, որ իր որպես Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքի կրողի նկատմամբ սահմանված միջամտությունը պետք է սահմանադրաիրավական տեսանկյունից արդարացված լինի, մասնավորապես միջամտող օրենքը պետք է համապատասխանի հիմնական իրավունքների սահմանափակման համար Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին: Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթներն այս առումով խնդրահարույց են: Դիմողը նշում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որպես պատասխանատվություն սահմանող նորմեր, պետք է հստակեցնեն, թե կոնկրետ որ իրավունքների պաշտպանության նպատակով ընդունված այլ իրավական ակտերի մասին է խոսքը: Ըստ Դիմողի այլ իրավական ակտերին դինամիկ հղումը չի կարող համարվել բավարար չափով որոշակի: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներում օգտագործված «սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք» ձևակերպումն այն աստիճան անորոշ, վերացական և ընդհանուր է, որ թույլ չի տալիս հստակ տարբերակել, թե որ իրավունքների խախտման դեպքում կառաջանա սահմանված իրավական հետևանքը: Հետևաբար, Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին: Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթները որպես իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքը սահմանափակող դրույթներ, հակասում են նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին, քանի որ դրանցով նախատեսված տուգանքն անհրաժեշտ միջոց չէ: Դիմողը եզրահանգում է, որ օրենսդիրը պաշտպանում է սպառողներին, ավանդատուներին նույնիսկ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է նրանց իրավունքների ամենաթեթև խախտումներին: Դիմողի պնդմամբ մյուս կողմից օրենսդիրը ծանրակշիռ միջամտություն է գործում բանկերի Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի նկատմամբ: Հետևաբար, ըստ Դիմողի ընտրված միջոցի անփոփոխ 300.000 դրամ տուգանքի և սահմանափակվող հիմնական իրավունքի Սահմանադրության 60-րդ հոդված նշանակության միջև առկա է չհավասարակշռված հարաբերակցություն: Դիմողը նշում է, որ նման չտարբերակված մոտեցման արդյունքում իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի նկատմամբ տեղի է ունենում ծանր, անհամարժեք միջամտություն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»։ Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է․ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնա-վորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ օրենսդիրը «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առաջ» վերտառությամբ 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի գանձումը հօգուտ կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի այն դեպքում, երբ հաստատվում է տվյալ օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը: «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի Բանկի պատասխանատվությունը ավանդատուի առջև» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ բանկը պարտավոր է հօգուտ ավանդատուի վճարել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ (…): Այս առումով օրենսդրի կամքը հստակ է, և այն ուղղված է դատարանի վճռի, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հիման վրա կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի օգտին 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումարի գանձման հօգուտ նրանց վճարման ապահովմանը բոլոր այն դեպքերում, երբ հաստատվում է վերջիններիս տվյալ օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը: Միաժամանակ, օրենսդիրը վիճարկվող դրույթներով նախատեսել է նաև դրանցից բացառություն այն դեպքերում, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) կրեդիտավորողը բանկը ձեռնարկել է սպառողի ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և

2) փաստացի վերացրել է սպառողի ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) սպառողի ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով սպառողը ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը բանկը: Այսինքն պատասխանատվություն սահմանող ընդհանուր կարգավորումներից բացառություն կազմող վերոնշյալ բոլոր պայմանների միաժամանակյա առկայության պարագայում կրեդիտավորողը բանկը չի կրում վիճարկվող հոդվածներով սահմանված պատասխանատվությունը: Դիմողը բարձրացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարց, սակայն չի հիմնավորել վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 60-րդ, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին: Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է իրավաբանորեն բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սոսկ պնդումներ անելով բավարար հիմնավորումներ չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթների և նման խախտման ընդհանրության, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ չի հիմնավորել վիճարկվող դրույթների իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների առնչությամբ, վերջիններիս բովանդակությունից բխում է, որ դրանք չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության համատեքստում: Դիմողի « Վիճարկվող նորմերում տեղ գտած «սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք» բառակապակցությամբ դինամիկ հղում է արվում անորոշ թվով այլ իրավական ակտերի, որի արդյունքում բանկի համար ընդհանրապես կանխատեսելի չի կարող լինել, թե ո՞ր իրավական ակտում, ի՞նչ իրավունքներ են սահմանված, որոնց պահպանմանը պետք է բանկը հետևի» դիրքորոշման առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել հետևյալը. թիվ ԵԴ/47447/02/21 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթների կիրառմամբ համապատասխան իրավական հետևանքն առաջացել է ոչ թե հիշատակված գործով հայցվորի անորոշ թվով այլ իրավական ակտերով» սահմանված որևէ իրավունքի կամ իրավունքների, այլ հենց «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով և «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքով ուղղակիորեն սահմանված իրավունքների խախտման փաստի հաստատման արդյունքում: Մասնավորապես, նշված քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի վճռով հաստատվել է Դիմողի կողմից Սարգիս Արարատի Ազարյանի Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով և Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքների խախտման փաստը»։ Հետևաբար կոնկրետ վերահսկողության շրջանակներում անհատական դիմումով Դիմողն իրավասու չէր իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտումը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը պայմանավորել և հիմնավորել վերը վկայակոչված դիրքորոշմամբ: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

6 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել