ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 91 | ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 դեկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Գագիկ Խանդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Խանդանյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին), խնդրել է Սահմանադրությանը հակասող ճանաչել հետևյալ դրույթները. «1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող փոխկապակցված ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպումների (և դրան տրված իրավակիրառ մեկնաբանման) պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման որպես ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված նրա որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար։
2. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձի (մասնավորապես դատավորի) կողմից ձեռք բերված բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածին, 49-րդ հոդվածին հակասող։
3. ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է հղում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Սահմանադրության 79-164-րդ հոդվածների համակցված կարգավորումներին, 49-րդ հոդվածին հակասող։
4. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածն այնքանով, որքանով որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար առևտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջը կիրառելի է դատավորների համար, ՀՀ Սահմանադրության 79-164-րդ հոդվածների համակցված կարգավորումներին, 49-րդ հոդվածին հակասող»։
2. Ըստ դիմողի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում օգտագործված «որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը» ձևակերպումն այնչափ անորոշ է, որ հնարավորություն է տալիս նույնիսկ ընկերության բաժնեմասի սեփականության իրավունքի իրականացմանն ուղղված գործողությունները որակել որպես ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացում։ Միաժամանակ վերոնշյալ դրույթի անորոշությունն իրավակիրառողներին հնարավորություն է տվել այն մեկնաբանել և կիրառել խտրական ձևով։ Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ, թե դատավորն ընկերության բաժնեմաս ձեռք բերելուց հետո դրա նկատմամբ սեփականության իրավունքն ինչ կարգով պետք է իրականացնի, որն էլ չի համարվի անհամատեղելիության պահանջի խախտում։ Տվյալ դեպքում ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման կառուցակարգերի բացակայությունը Բարձրագույն դատական խորհրդին հիմք է տվել տառացի մեկնաբանման եղանակով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետից մակաբերել համընդգրկուն մի պահանջ, որը փաստացի նշանակում է, որ նշված դրույթն արգելում է ընկերության բաժնեմաս ձեռք բերած հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրականացման ուղղությամբ որևէ գործողություն կատարել կամ որոշում կայացնել։ Ըստ դիմողի դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտմանն անդրադառնալիս թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ կարող են հիմնվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն կարգավորումների վրա, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեության արգելքի կարգավորումներին, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հանրային ծառայողների համար սահմանված առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի կարգավորումները դատավորի դեպքում չեն գործում, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը դատավորների մասնակցությամբ առաջացող հարաբերությունների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները տարածում է միայն ձեռնարկատիրական գործունեության մասով, իսկ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի հարցը շարունակվում է լինել միայն Սահմանադրության կամ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորման դաշտում։ Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին, քանի որ դատավորի անհամատեղելիության պահանջների հարցերն առավել մանրամասն կարող են կարգավորվել միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մինչդեռ այն կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու հարցերը կարգավորող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նորմերը կիրառելիս չի առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ դրանք կիրառել է անմիջականերոն։ Հետևաբար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք 31-րդ հոդվածը դատավորների առևտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջի կարգավորման մասով հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին, քանի որ դատավորի անհամատեղելիության պահանջների հարցերն առավել մանրամասն կարող են կարգավորվել միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մինչդեռ այն կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որի կիրառման արդյունքում էլ խախտվել են դիմողի իրավունքները։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
1. դիմումում առաջադրված հարցը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,
6. առկա է դատարանի վերջնական ակտը,
7. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
8. դիմումն ակնհայտ անհիմն չէ,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
27 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-91
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-91
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
