ԱՐԹՈՒՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հունվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ԱՐԹՈՒՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 հունվարի
2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արթուր Սեդրակյանի անհատական
դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արթուր Սեդրակյանը 2012թ. դեկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8- րդ մասը գնահատման ոչ ենթակա և հայցագին չունեցող գույքային պահանջի գործերով դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափեր չնախատեսելու մասով»։
Դատական կազմը հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դիմողի կարծիքով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը պայմանավորված գնահատման ոչ ենթակա գույքային պահանջի գործերով պետական տուրքի դրույքաչափեր նախատեսելու մասով իրավակարգավորման բացակայությամբ, այն աստիճանի է սահմանափակում անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ գնահատման ոչ ենթակա գույքային պահանջի գործերով դատարանների կողմից նշված իրավադրույթի կիրառումը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի չեզոքացմանը։ Դիմողը նշելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9- րդ հոդվածում կանոնակարգված չէ այն հարցը, թե գնահատման ոչ ենթակա և հայցագին չունեցող գույքային բնույթի հայցերով պետական տուրքն ինչ դրույքաչափերով է գանձվելու, եզրակացնում է, որ դրա հետևանքով առկա է օրենսդրական բաց և օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու համար այլ իրավական երաշխիքներ, նշյալ օրենսդրական բացի կապակցությամբ ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա։
Դատական կազմը գտնում է, որ դիմումի մերժման համար հիմք են հանդիսանում հետևյալ հանգամանքները։
1. Դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողը վիճարկվող դրույթի
հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել պատճառաբանելով, որ առկա է օրենսդրական բաց։ Հարկ է նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Ասվածի հիման վրա դատական կազմն արձանագրում է, որ իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։
Այս համատեքստում, վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ
սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում, և եթե առկա է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու մենաշնորհը, ելնելով սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից, օրենսդիր մարմնին է պատկանում, այսինքն վիճարկվող դրույթը չի կարող սահմանադրական դատարանում գործի քննության առարկա հանդիսանալ ենթադրյալ օրենսդրական բացի վիճարկման լույսի ներքո։
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Արթուր Սեդրակյանի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, նման դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
3. Դատական կազմը նաև գտնում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները։
Դիմումի, ինչպես նաև կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 7-ի որոշմամբ վերադարձվել է այն
պատճառաբանությամբ, որ «...տվյալ դեպքում բողոքաբերը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, այն է պետական տուրքի վճարումը կատարել է մասնակի»։ Այդ որոշման մեջ ՀՀ վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ բողոքաբերն իրավունք ունի սահմանված կարգով ներկայացնել պետական տուրքի վճարման
արտոնությունների կիրառման միջնորդություն։ Դատական կազմը նշում է, որ դիմողը նշված որոշման կայացումից հետո չի ներկայացրել
համապատասխան միջնորդություն և վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Նման սխեման առաջին հայացքից կարծես թե բավարարում է անհատական դիմում ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջները, մասնավորապես, դատական պաշտպանության միջոցներն սպառած լինելու պահանջը։ Սակայն ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, այնուամենայնիվ, չի օգտագործել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր իրավական հնարավորությունները։ Մասնավորապես, պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդության ներկայացման ինստիտուտն օրենսդրությամբ նախատեսված յուրօրինակ մեխանիզմ է, որն ուղղված է անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրականացման երաշխավորմանը, իրավական հստակ երաշխիք, որից, սակայն, սույն գործի շրջանակներում դիմողը չի օգտվել։ Մինչդեռ, համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
• որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
• որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,
• որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
• որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ ձևավորել է իրավական դիրքորոշում, համաձայն որի օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Արթուր Սեդրակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
16 հունվարի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
