Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3711 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 37 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 սեպտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 28-ին) խնդրելով. «Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 64-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի այն դեպքերում, երբ Օրենսգրքի կամ դատական ակտի համաձայն դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից և դատավարական փաստաթուղթը դատարանի կողմից պատվիրված նամակով ուղարկվում է իրավաբանական անձ հանդիսացող դատավարության մասնակցին, դատավարական փաստաթղթի ստանալու պատշաճ ծանուցման օր է համարվում իրավաբանական անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեում համապատասխան դատավարական փաստաթղթի ստանալու օրը անգամ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը մատնանշել է այլ հասցե ծանուցման հասցե, որով դատավարական փաստաթուղթը դատարանի կողմից չի ուղարկվել»:

2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/0321/04/16 սնանկության գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև դրանում վկայակոչված Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը պարունակում են դրույթներ, ըստ որոնց որոշվում է դատավարական փաստաթղթի ուղարկելու և ծանուցումներ իրականացնելու այլընտրանքային կարգ, երբ սովորական կարգով ծանուցումը կամ փաստաթղթի հանձնումը ծանուցման հասցեով ուղարկելու պարագայում անհնար է, և սահմանվում է, թե երբ է այլընտրանքային կարգով ծանուցում իրականացնելու դեպքում դատավարական փաստաթուղթը պետք է համարվի ստացված, նշված նորմերը չեն պարունակում որևէ դրույթ, ըստ որի հնարավոր է որոշել, թե երբ է դատավարական փաստաթուղթը համարվում ստացված, եթե այն չի ուղարկվել դատարանին հայտնած ծանուցման հասցեով: Այդպիսով, այդ հարցում առկա է իրավական անորոշություն»: Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը պարունակում է այնպիսի շարադրանք, որը տրամաբանորեն թույլ է տալիս ենթադրել և մեկնաբանել, որ դատավարական փաստաթուղթը պետք է ստացված համարվի բոլոր այն դեպքերում, երբ այն ուղարկվել է դատարանին հայտնի հասցեով», առանց հստակեցնելու, թե դատարանին հայտնի ի՞նչ հասցեի մասին է գնում խոսքը, մասնավորապես, առանց հստակ մատնանշելու, որ խոսքը գնում է հենց ծանուցման հասցեի մասին»: Դիմողն ընդգծում է, որ «(...) դիտարկվող հարցի հստակ կարգավորված չլինելը գործնականում հանգեցնում է ժամկետների հաշվարկի և դրանց վերականգնման խնդիրների, որը կարող է ակնհայտորեն ազդել ինչպես դատական պաշտպանության արդյունավետության, այդպես էլ առհասարակ դրա հնարավորության վրա, որի արդյունքում խախտվում է արդարադատության մատչելիության սկզբունքը»: Դիմողը նաև նշում է, որ «Եթե ծանուցման հասցեով դատավարական փաստաթղթի ուղարկված չլինելու և այլ հասցեով ուղարկված լինելու պարագայում այդ հասցեով դատավարական փաստաթղթի ստացման օրը համարվի պատշաճ ծանուցման օր, ապա կխախտվի նաև իրավական օգնություն ստանալու հիմնական իրավունքը, քանի որ դա կարող է հանգեցնել իրավական օգնության անարդյունավետության դատավարական ժամկետների անտեղի կրճատման պատճառով, որը կարող է ազդել իրավական օգնության որակի վրա, և անգամ հանգեցնել իրավական օգնությունից օգտվելու անհնարինության, եթե սխալ հասցեի օգտագործման պատճառով ակամայից խախտվեն դատավարական ժամկետները, իսկ դատարանը մերժի դատավարական գործողությունների կատարումը դատավարական ժամկետների բացթողնման և դրանց դատարանի կողմից չվերականգնման պատճառով»: Դիմողը գտնում է, որ «(...) դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա վստահ լինել, որ եթե նա մատնանշում է որոշակի ծանուցման հասցե, ապա կարող է ակնկալել, որ այդ հասցեով ծանուցումների և դատավարական փաստաթղթերի պատշաճ կերպով ստացումը ապահովելու դեպքում ինքը կարող է վստահ լինել իր դատավարական իրավունքներում, հատկապես, եթե ծանուցման հասցեն իրեն մասնագիտական իրավական օգնություն ցուցաբերող սուբյեկտի հասցեն է»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: www.datalex.am կայքում դատական տեղեկատվական համակարգում պարունակվող թիվ ԵԿԴ/0321/04/16 սնանկության գործով որոշումների ուսումնասիրությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ առանց քննության է թողել Դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 17․08․2022 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն Ընկերությունը ստացել է 05.09.2022 թվականին (հիմք փոստային հավաստագիր) և ունեցել է հնգօրյա ժամկետ բողոքը կրկին ներկայացնելու համար մինչև 12.09.2022 թվականը ներառյալ: Սակայն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացրել է 13.09.2022 թվականին, այսինքն կրկին վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի վերոնշյալ որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է»։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի կողմից ներկայացված դիմումում առաջադրվող ենթադրյալ սահմանադրական վեճի էությունը Վճռաբեկ դատարանի կողմից որոշումը կողմին ուղարկվելու հարաբերությունները կարգավորող նորմի իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանությամբ ենթադրյալ հակասահմանադրականությունն է: Այս իմաստով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով վերջնական դատական ակտը թիվ ԵԿԴ/0321/04/16 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն է, որն Օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Մինչդեռ, Սահմանադրական դատարան սույն դիմումը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսպիսով, սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմանների առկայությանը, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

11 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել