Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1623 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 16 | ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 փետրվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Արմեն Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Հակոբյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 3-ին :

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...) Ճանաչել, որ ստորադաս դատարանների կողմից հայցը բովանդակային քննության չառնելը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված իմ դատական պաշտպանության իրավունքը։

(...) Ճանաչել, որ ստորադաս դատարանների կողմից 2009 թվականին ընդունված կանոնադրությունը ոչ իրավական ակտ որակելը և դրա հիմքով հայցը բովանդակային քննության չառնելը հակասել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/18080/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է հետևյալը. «(...) իմ հայցը կապված է իմ հարազատի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի անվան և հուշ-հիշատակի պահպանման հետ: 1987 թվականին «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈւՐԴԻ» կողմից, իմ պապիկի՝ Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը պաշտոնապես անվանակոչվել է հերոս Գրիգոր Հակոբյանի անունով։ 2025 թվականին Հոկտեմբեր ամսվա կեսերին ինձ` հայտնի է դարձել, որ առանց հարազատներին նախապես տեղեկացնելու և առանց նրանց համաձայնությունը հաշվի առնելու՝ դպրոցի անվանակոչվելուց հեռացվել է «Գրիգոր Հակոբյան» ի անունը անվան ձևաչափը, նոր ընդունված 2009 թվականի կանոնադրությունից: Այն հանվել է կոնկրետ այդ ժամանակվա տնօրեն, Ռազմիկ Սիմոնյանի գլխավորությամբ և շարունակվում է նույն իրավական վիճակը այժմյան տնօրեն Համեստ Մելիքյանի իմացությամբ: Նշված անվանումը ունի ոչ միայն պատմական, այլև հուշային և բարոյական արժեք և անմիջականորեն առնչվում է իմ՝ Արմեն Հակոբյանիս, անձնական պատմությանը, արժանապատվությանը և իմ հարազատի հիշատակի պահպանման իրավունքին (...)»։

Դիմողը գտնում է, որ քննարկվող համատեքստում ՀՀ դատական ատյանների կողմից խախտվել են Սահմանադրության 3, 28, 61 և 63-րդ հոդվածները։ Այս առումով Դիմողը նշում է, որ դատարաններն իր դիմումը բովանդակային քննության չեն առել և մերժել են այն՝ պատճառաբանելով, թե 2009 թվականին ընդունված կանոնադրությունը համարվում է ոչ իրավական ակտ, և դատարաններն այն չեն ճանաչել որպես դատարանի կողմից քննելի վարչական ակտ, որ Դիմողը չունի շահագրգռվածություն տվյալ գործով, այսինքն՝ չի հանդիսանում տվյալ վարչական վեճում իրավական շահ ունեցող անձ և դատարանների գնահատմամբ՝ իր կապը Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի հետ չի ճանաչվել ակնհայտ և բավարար կերպով հիմնավորված:

Դիմողն այս հիմնավորումները գնահատում է անհիմն: Դիմողի պնդմամբ՝ «(...) դպրոցի 2009 թվականին ընդունված նոր կանոնադրությունը հանդիսանում է կառավարության որոշումից բխող և դրա կատարման նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտ (...), և որպես այդպիսին այն ենթակա է դատարանում դատական վիճարկման (...)»:

Դիմողի կարծիքով՝ «(...) 2009 թվականին կրթական հաստատության անվանումը փոփոխելու կամ հեռացնելու համար չկար առանձին, օրենքով սահմանված ընթացակարգ, և որևէ փոփոխություն կարող էր կատարվել միայն այն կառավարական որոշման շրջանակում և սահմաններում, որի հիման վրա իրականացվել է դպրոցների վերակազմավորումը: Հետևաբար՝ առանց իրավական հստակ հիմքի և առանց իրավաչափ վարչական ակտի իրականացված անվանման հեռացումը չի կարող համարվել օրինական և ենթակա է դատական վիճարկման»:

Դիմողը նաև նշում է, որ «(...) Իմ շահը ոչ ենթադրական է, ոչ էլ վերացական: Այն ունի անձնական, անմիջական և իրավական բնույթ: Դատարանների սխալը եղել է այն, որ նրանք շահը ընկալել են միայն գույքային կամ վարչական ենթակայության տեսանկյունից, մինչդեռ Սահմանադրությունն ու դատարանների պրակտիկան ճանաչում են նաև ոչ գույքային (բարոյական) շահը։ Իմ իրավական շահը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արմեն Հակոբյանս հանդիսանում եմ Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի հարազատը, (...) ում անունով էլ պետական կրթական հաստատություն է անվանակոչվել:

Նշված անվան ապօրինի հեռացումը անմիջականորեն առնչվում է իմ անձնական և ընտանեկան կյանքի ոլորտին, իմ արժանապատվությանը և իմ հարազատի հիշատակի պահպանման իրավունքին։ Դատարանների կողմից իմ շահի բացակայության ճանաչումը հանգեցրել է նրան, որ ինձ փաստացի զրկել են Սահմանադրության երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից»:

Ամփոփելով՝ Դիմողը պահանջել է ստորադաս դատարանների կողմից հայցը բովանդակային քննության չառնելը և 2009 թվականին ընդունված կանոնադրությունը ոչ իրավական ակտ որակելը ճանաչել հակասող՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքին, Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

Միաժամանակ, Դիմողն իր անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ 1-ին խմբի հաշմանդամություն ունենալու և վճարունակ չլինելու հանգամանքների հաշվառմամբ:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է Սահմանադրական դատարանին անհատական դիմումներ ներկայացնելու միաժամանակյա հիմքերը:

Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանի դատական կազմի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրվել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները (…)»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.

սույն անհատական դիմումի և թիվ ՎԴ/18080/05/25 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ վերոնշյալ վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որոշել է.

«1. Վերադարձնել թիվ ՎԴ/18080/05/25 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.12․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը:

2. Սույն որոշմամբ նշված սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել տվյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում շտկել Վճռաբեկ դատարանի կողմից նշված սխալը և կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:

Մինչդեռ, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված սխալը շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, չի օգտվել տվյալ իրավական հնարավորությունից և կրկին չի ներկայացրել վճռաբեկ բողոք՝ դրանով իսկ չիրացնելով իր ենթադրյալ խախտված իրավունքների և (կամ) ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ժամանակագրական տեսանկյունից կայացված վերջին դատական ակտը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ «(...) սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն»։

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ, ինչպես արդեն վկայակոչվել է, Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Օրենսդիրը նման պարտադիր կանոնների սահմանմամբ ապահովում է իրավական պաշտպանության արդյունավետ գործիքակազմերի ամբողջական շղթան՝ յուրաքանչյուր ատյանին օժտելով առանձին գործառույթներով՝ հնարավորինս նվազեցնելով իրավակիրառ պրակտիկայի հակասական ձևավորումը:

Սույն գործի նյութերից պարզվում է, որ մասնավորապես՝ «շահագրգիռ անձ» եզրույթի կապակցությամբ միջանկյալ դատական ակտերում արձանագրված հակասական մոտեցման արդյունքում կարևոր է եղել Վճռաբեկ դատարանի վերջնական վճռորոշ խոսքը, մինչդեռ Դիմողը հետամուտ չի եղել Վճռաբեկ դատարանի որոշմամբ մատնանշած՝ 5-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքում ուղղումներ կատարելու և թերությունները վերացնելուց հետո վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելուն, որն էլ Դիմողի համար հանգեցրել է նման իրավական հետևանքի՝ սույն անհատական դիմումը դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու հիմքով մերժելուն:

Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանում՝ իր վճռաբեկ բողոքի վարութային գործընթացին հետամուտ լինելը բխում է, մի կողմից՝ դատական ատյաններում դատական պաշտպանությունը սպառելու սահմանադրական պահանջից, մյուս կողմից՝ հարցի հնարավոր լուծման հավանականությունից, մասնավորապես, սույն գործին վերաբերվող դատական ակտերում արձանագրված մոտեցումների՝ օրենքի միասնական կիրառման ապահովման պատասխանատուի՝ բարձրագույն դատական ատյանի խոսքն ունենալու անհրաժեշտությունից:

Սահմանադրական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրվել է.

«(...) Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը՝ ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում՝ մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման պատճառաբանություններով Դիմողի անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Հակոբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Ա. Վաղարշյան

23 փետրվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել