Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1714 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-171)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 171 | «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վարչական դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը: Վարչական դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ թիվ ՎԴ/1299/05/21 վարչական գործի վարույթը կասեցվել է: Վարչական դատարանը հիշյալ գործով նույն օրը որոշել է («Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշում). «Դիմել Սահմանադրական դատարան 2020 թվականի հունվարի 01-ին ուժի մեջ մտած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրության 45-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, այնքանով, որքանով աուդիտորական ծառայություններ մատուցող յուրաքանչյուր կազմակերպություն աուդիտորական գործունեություն կարող է իրականացնել բացառապես մասնագիտացված կառույցի անդամակցելով»:

2. Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/1299/05/21 վարչական գործով վեճի բովանդակությունը վերաբերում է հայցվոր ընկերության աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունքին: Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որի համաձայն ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ մասնավոր միավորման, նշում է, որ նշված դրույթը վերաբերում է մասնավոր միավորմանն անդամագրվելու իմպերատիվ արգելքին. հետևապես անհրաժեշտ է բացահայտել վիճարկվող իրավակարգավորումները նախատեսու՞մ են արդյոք մասնավոր միավորմանն անդամագրվելու հարկադրանք: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերով սահմանափակվում է տնտեսական գործունեության ազատությունն այնքանով, որքանով սահմանափակվում է իրավաբանական անձի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունքը: Արդյունքում իրավաբանական անձը զրկվում է նշված գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Դիմողը նշում է. «Գործի քննության ժամանակ Հայցվոր ընկերությունը, ի թիվս այլնի, բարձրացրել է նաև այն հարցը, որ անդամագրվելով մասնավոր միավորմանը, առևտրային գաղտնիք կազմող և միայն իր տիրապետման տակ գտնվող տեղեկությունները հասանելի են դառնում այլ մասնավոր սուբյեկտների»: Այդ առնչությամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի առանձին դրույթներ, դիմողը հետևություն է անում, որ «(...) օրենսդրական կարգավորումների տրամաբանությունն ուղղված է առևտրային գաղտնիքի պահպանմանը, մինչդեռ տվյալ դեպքում դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ վիճարկվող դրույթները, իրավունքի իրացման համար սահմանելով մասնավոր միավորմանն անդամագրվելու պարտադիր պահանջ, չեն համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածին, մասնավորապես վիճարկվող նորմերով նախատեսված սահմանափակման նպատակն արդյոք լեգիտիմ է, արդյոք ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար: (...) աուդիտորական ծառայությունների իրականացման գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը և այդ բնագավառում լիցենզավորման պահանջը փոխարինվել է մասնավոր միավորմանն անդամակցելու պահանջով, ինչը պարունակում է աուդիտորական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների իրավունքների նկատմամբ առավել մեծ միջամտության ռիսկ, և նման պահանջի նախատեսումը դատարանը խնդրահարույց է համարում Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից»:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական հիշյալ նորմն արտացոլված է նաև Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրության վերը վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ,

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սույն գործով Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր 06.05.2022 թ. ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: Սույն դիմումով բարձրացվում է «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրության 45-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարց (այնքանով, որքանով աուդիտորական ծառայություններ մատուցող յուրաքանչյուր կազմակերպություն աուդիտորական գործունեություն կարող է իրականացնել բացառապես մասնագիտացված կառույցի անդամակցելով): Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի 14.01.2022 թ. ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՕ-284-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է: Այսինքն սույն դիմումով վիճարկվող «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության հարցով վարչական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան: Սույն դիմումով վիճարկվող մյուս օրինադրույթի «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առնչությամբ, որով սահմանված է «աուդիտորական կազմակերպություն» հասկացության բովանդակությունը («աուդիտորական կազմակերպություն մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող իրավաբանական անձ, որն իրավունք ունի մատուցելու աուդիտորական ծառայություններ»), Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև նախորդ դիմումի խնդրամասով վարչական դատարանը Սահմանադրական դատարան է դիմել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի սահմանադրականության հարցով, որով սահմանված է «մասնագիտացված կառույց» հասկացության բովանդակությունը («մասնագիտացված կառույց ըստ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման»), վարչական դատարանն այդ դիմումի շրջանակում անդրադարձել է նաև «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սույն դիմումով վիճարկվող 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարցին: Վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականության հարցը Դիմողը (վարչական դատարանը) բարձրացրել է Սահմանադրական դատարան ներկայացված մեկ այլ դիմումի շրջանակում, որի հիման վրա գործի քննությունը մերժվել է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ Դիմողի կողմից չեն ներկայացվել, Դիմողը Սահմանադրական դատարանին չի ներկայացրել այն հիմնավորումները, որոնք վերջինիս համար վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ձևավորելու հիմք են: Մասնավորապես Դիմողը Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի տարրերի ընդհանուր նկարագրությունից հետո նշել է. «Գործի քննության ժամանակ Հայցվոր ընկերությունը, ի թիվս այլնի, բարձրացրել է նաև այն հարցը, որ անդամագրվելով մասնավոր միավորմանը, առևտրային գաղտնիք կազմող և միայն իր տիրապետման տակ գտնվող տեղեկությունները հասանելի են դառնում այլ մասնավոր սուբյեկտների»: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը սույն դիմումով վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության հարցի համատեքստում առևտրային գաղտնիքին առնչվող իրավադրույթների (առանձին վերցված) սահմանադրականության հարց չի բարձրացրել սոսկ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները ըստ այդմ հանգելով հետևության, որ օրենսդրական կարգավորումների տրամաբանությունն ուղղված է առևտրային գաղտնիքի պահպանմանը: Այնուհետև դիմողը նշել է. «(…) դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ վիճարկվող դրույթները, իրավունքի իրացման համար սահմանելով մասնավոր միավորմանն անդամագրվելու պարտադիր պահանջ, չեն համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածին, մասնավորապես վիճարկվող նորմերով նախատեսված սահմանափակման նպատակն արդյոք լեգիտիմ է, արդյոք ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը մեջբերվածի առնչությամբ Դիմողի կողմից որևէ բովանդակային հիմնավորում չի ներկայացվել: Սույն գործով Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտներին ուղղված առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը վերաբերելի է նաև դատարաններին, որոնք, կոնկրետ գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում Սահմանադրական դատարան դիմելով, անառարկելիորեն նպաստում են մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդմանն ու սահմանադրական արդարադատության շարունակական զարգացմանը» (ՍԴԱՈ-83): Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը չի հաղթահարել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած ունենալու» օրենսդրական պահանջը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-171

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-171
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել