Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-126 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 մայիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 մայիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ Ռուստամ Բադասյան) 25.04.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ (այնքանով, որքանով չեն նախատեսում ոչ վերջնական գործողությունների վիճարկումը դատական կարգով այն պարագայում, երբ դրանք ինքնուրույն խախտում (միջամտում) են անձանց իրավունքներն ու ազատությունները) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 69-րդ հոդվածի 1-ին մասը պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, իսպառ բացառում են, բացի վերջնական վարչական կամ ռեալ ակտերից, վարչական մարմինների վարույթի նախապատրաստական կամ ընթացիկ փուլերում այլ գործողությունների մասով դատական պաշտպանության իրավունքի իրացումը` այն պարագայում, երբ դրանք իրենցից առանձին միջամտում, խախտում են ներկայացնում: Նման իրավիճակը հակասում է ՀՀ Սահմանադրության վկայակոչված հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, հիմնական իրավունքների սահմանափակման թույլատրելի չափանիշներին: Դիմողը գտնում է, որ վարչական մարմինների գործողությունները, որոնք խախտում են անձանց իրավունքները, անկախ այն հանգամանքից, թե դրանք իրականացվում են վարույթի ընթացքում, թե վարույթն ավարտող վերջնական ակտով, պետք է ենթակա լինեն դատական պաշտպանության, հակառակ դեպքում կխաթարվի իրավունքի բուն էությունը:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այսպես, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: Հարկ է նշել, որ օրենսդրական բացը` որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է. «…որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն առ այն, որ վիճարկվող հոդվածներում առկա իրավական բացով պայմանավորված ստեղծվել է մի իրավիճակ, որը «հնարավորություն չի տալիս դատական կարգով բողոքարկել վարչական վարույթը սկսող և ընթացիկ գործողությունները, մինչդեռ բազմաթիվ վարույթներ հենց սկսման պահից կարելի է համարել հասունացած դատական պաշտպանության համար», ակնհայտ անհիմն են, քանի որ մատնանշվող «խնդիրը» պայմանավորված է ողջ վարչական դատավարության օրենսդրությամբ, այլ ոչ թե դիմողի կողմից վկայակոչված կոնկրետ հոդվածներով: Բացի դրանից, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «… այն դեպքերում, երբ վարչական վարույթը եզրափակվում է վարչարարության արդյունքում ընդունված վարչական ակտով, ապա անձի համար իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն այդ ակտը, այլ ոչ թե այդ ակտի ընդունմանն ուղղված գործողությունները, քանի որ անձի ենթադրյալ իրավունքները խախտող ակտի վիճարկումն արդեն իսկ ենթադրում է, որ դատարանն այս պարագայում անպայմանորեն պետք է անդրադառնա և քննարկման առարկա դարձնի ակտի ընդունմանն ուղղված բոլոր գործողությունների իրավաչափության հարցը, ինչի արդյունքում էլ, ի վերջո, կլուծվի վարչական ակտի ճակատագիրը` առանց լրացուցիչ պահանջների ներկայացման»: Այսինքն, առկա է անձի իրավունքների ենթադրյալ խախտումների պաշտպանության օրենքով սահմանված հստակ եղանակ, այն է վարչարարության հետևանքով կայացվելիք վերջնական վարչական ակտի վիճարկում, եթե կողմը կգտնի, որ դրանով խախտվել են իր իրավունքները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

6 մայիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել