ԱՐՏԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 56 | ԱՐՏԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արտակ Աբրահամյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Աբրահամյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 12-ին) խնդրել է հետևյալը. «(…) Որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին, 72-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով պատասխանատվություն է նախատեսում ոչ թե փաստացի հափշտակված խոշոր չափերով գույք հափշտակելու համար, այլ պատասխանատվություն է նախատեսում հանցավորի կողմից խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակման համար, որպիսի իրավական անորոշությունը հանգեցրել է դիմումատուի սույն դիմումում մատնանշված իրավունքերի խախտմանը»:
2. Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթի անորոշ ձևակերպման հետևանքով խախտվել են դիմողի իրավունքները, այն է վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, որպիսի հոդվածով, ըստ դիմողի, ենթակա չէր քրեական պատասխանատվության: Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսում է ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը լիարժեք տրամաբանական է», սակայն, ըստ դիմողի` նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված «ավազակությունը, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու նպատակով» եզրույթը զրկել է իրավական նորմը որոշակիությունից: Դիմողի կարծիքով անորոշ է, որ եթե օրենսդիրը նկատի է ունեցել ուրիշի գույքը հափշտակելու նպատակով տեղի ունեցած հարձակում, սակայն որի արդյունքում հանցավորը հափշտակել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք, ապա ըստ հետևանքի պետք է որակվի հանցագործությունը: Հակառակ դեպքում, ըստ դիմողի, ստացվում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանցավորը ենթակա է քրեական պատասխանատավության, եթե վերջինս կատարել է ավազակություն խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով: Եվ ըստ դիմողի` բոլոր այն դեպքերում, երբ խոշոր չափի գույք հափշտակելու նպատակն ապացուցված չէ, ապա արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Տվյալ դեպքում դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2021 թվականի փետրվարի 9-ին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 423-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։ Հետևաբար` Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2021 թվականի փետրվարի 9-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2021 թվականի օգոստոսի 10-ին, մինչդեռ սույն գործով դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի օգոստոսի 12-ին։ Նման պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, մերժելու համար։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտակ Աբրահամյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
25 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-56
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-56
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
