Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2483 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-248)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 248 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ, 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 22-ՐԴ ԿԵՏԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ

Ամբողջ Տեքստ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ, 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 22-ՐԴ ԿԵՏԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, 11-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև Ազգային ժողովի պատգամավորների վրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ Դիմողի) դիմումը, որով Դիմողը խնդրել է որոշել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, 11-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև ԱԺ պատգամավորների վրա Սահմանադրության 1-ին, 79-րդ և 97-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող համապատասխան որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի վճիռները, սույն գործի շրջանակներում բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված «պարգևատրումը» կարող է տարածվել պետական քաղաքական պաշտոնների վրա»: Ներկայացնելով վիճարկվող իրավադրույթը Դիմողը մատնանշում է մի շարք քաղաքական պաշտոններ, որոնք զբաղեցնող անձինք վիճարկվող իրավանորմի կարգավորման տիրույթում չեն ընդգրկվում և իրենց կարգավիճակի առանձնահատկությամբ պայմանավորված չեն կարող պարգևատրվել, մինչդեռ վիճահարույց իրավակարգավորման հստակության, որոշակիության և կանխատեսելիության «դեֆիցիտի» հետևանքով փաստացի պրակտիկայում այն մեկնաբանվում է այնպես, որ նշված պաշտոններ զբաղեցնող անձանց ամենամսյա կտրվածքով կամ որոշակի ժամանակահատվածը մեկ տրամադրվում են պարգևատրումներ: Ներկայացված խնդիրը դիտարկելով օրենսդրական բացի լույսի ներքո Դիմողը նշում է, որ եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը գտնի, որ սույն խնդիրը չի վերաբերում հակասահմանադրական բացին և կարող է հաղթահարվել օրենսդրի կողմից օրինաստեղծ գործունեության շրջանակներում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը կարող է ուղենիշային լինել օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից միջոցներ ձեռնարկելու համար: Դիմողի պնդմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 22-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում է այնպես, որ պատգամավորներին, անկախ որևէ օրենքով սահմանված բաշխման կարգից, յուրաքանչյուր ամիս փոխանցվում է համապատասխան գումար: Այս համատեքստում Դիմողը բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք Ազգային ժողովի պատգամավորի փոխհատուցման վճարները կարող են փաստացի վերածվել «պարգևատրման» կամ «լրացուցիչ աշխատավարձի»: Դիմողը, ներկայացնելով վիճարկվող օրինադրույթը, նշում է, որ Ազգային ժողովի պատգամավորի փոխհատուցման վճարի չափի և հետապնդվող նպատակի սահմանումը հստակ չէ, մինչդեռ օրենսդիրը պետք է հաշվի առներ երկրում առկա իրավական, սոցիալական, տնտեսական և ընդհանուր ժողովրդագրական առանձնահատկությունները: Դիմողի եզրահանգմամբ վիճարկվող դրույթով նախատեսված գումարը փաստացի վերածվում է «պարգևատրման» առանց դրա օբյեկտիվ հիմքի և/կամ անհրաժեշտ պատճառաբանման: Վիճարկվող օրինադրույթը դիտարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում Դիմողը պնդում է. «… ծախսերի հատուցման անվան տակ փաստացի ամսական 250000 դրամ լրացուցիչ աշխատավարձ է վճարվում ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի»: Ամփոփելով իր դիրքորոշումները Դիմողը եզրակացնում է, որ պետական քաղաքականությունը պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն ուղղակի կամ անուղղակի վերաբերող կարգավորումների հարցերում պետք է լինի առավել զուսպ և հաշվի առնի ընդհանուր սոցիալական և տնտեսական վիճակը ապահովելով որոշակի համաչափություն:

3. Ուսումնասիրելով դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. 3.1 Վերահաստատելով և զարգացնելով 08.02.2019 թ. ՍԴԱՈ-12 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք հավասարապես վերաբերելի են սահմանադրական վերահսկողության ձևերի շրջանակներում ներկայացվող բոլոր դիմումներին և պարտադիր Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու հետ կապված հարցերը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ սահմանադիրը վերջիններիս իրավունք է վերապահել հայցել սահմանադրական արդարադատություն բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով եզրագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորություների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը: 3.2 Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող այլ սուբյեկտների կողմից ներկայացվող դիմումների, կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անհատական դիմումների ընդունելության մերժման հիմք է սահմանել, ի թիվս այլնի, դիմումի ակնհայտ անհիմն լինելը: Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդիրը սահմանափակվել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը: Սահմանադրական դատարանը Դիմողի ուշադրությունն է հրավիրում Օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին, որով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը սահմանել է սեփական փաստարկները ներկայացնելու պահանջ: Ընդհանրացնելով «իրավաբանական փաստարկում» եզրույթի վերաբերյալ իրավունքի դոկտրինում առկա մոտեցումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն բնորոշվում է, որպես տրամաբանական-կոմունիկատիվ գործընթաց, որը նպատակ ունի իրավակիրառ սուբյեկտին ընկալելի և/կամ ընդունելի դարձնել գործի իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ սեփական տեսակետի հիմնավորումը: 3.3. Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ դիմումի շրջանակներում վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականությունը Դիմողը պայմանավորվում է իրավական անորոշությամբ բարձրացնելով դրանց Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին հակասության հարց, մինչդեռ նման եզրահանգման գալու համար Դիմողը պետք է նվազագույնը պատշաճ կերպով իրավաբանորեն հիմնավորեր վիճարկվող իրավանորմերի բովանդակության անհստակությունը որևէ հիմնական իրավունքի սահմանափակման լույսի ներքո (նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրության 79-րդ հոդվածը օրենքի որոշակիության որակի վերաբերյալ պահանջը հստակորեն կապում է որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման հետ): Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` նշելով, մասնավորապես, հետևյալը.

- «(...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (18.04.2006 թ. ՍԴՈ-630), «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008 թ. ՍԴՈ-753),

- « (…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (02.12.2014 թ. ՍԴՈ-1176),

- «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (09.06.2015 թ. ՍԴՈ-1213): Անդրադառնալով Դիմողի Սահմանադրության 97-րդ հոդվածի սահմանադրաիրավական կարգավորման համատեքստում Ազգային ժողովի պատգամավորի փոխհատուցման վճարները փաստացի «պարգևատրման» կամ «լրացուցիչ աշխատավարձի» վերածվելու հնարավորության վերաբերյալ հարցադրմանը Սահմանադրական դատարանը փաստում է, որ բարձրացված հարցի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 22-րդ կետի Սահմանադրության 97-րդ հոդվածին անհամապատասխանության վերաբերյալ որևէ փաստարկված հիմնավորում, որը կբացահայտեր բարձրացված խնդրի սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը, չի ներկայացվել, ինչը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ Դիմողը, ձևականորեն վկայակոչելով վիճարկվող նորմի Սահմանադրության 97-րդ հոդվածին անհամապատասխանությունը, առաջ է քաշում վիճարկվող օրինադրույթի իրավակիրառ պրակտիկայում կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատությունը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական մարմինների լիազորությունների սահմանադրական հավասարակշռման ապահովման, սահմանադրական մշակույթի և հանրային իշխանական կյանքում սահմանադրաիրավական արժեհամակարգի ձևավորման հենքի երաշխավորում: Սահմանադրական արդարադատության հիմնարար նպատակը, ի թիվս այլնի, իրավակիրառ պրակտիկայում սահմանադրական նորմերի մեկնաբանմամբ իրավական անորոշության վերացումն է երաշխավորելով սահմանադրաիրավական նորմերի միատեսակ ընկալումն ու կիրառումը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի բովանդակությունն առավելապես վերաբերում է խնդրո առարկա ոլորտում պետական քաղաքականության հետ անհամաձայնությանը, համապատասխան պետական մարմինների գործողությունների իրավաչափության գնահատմանը, որպիսիք իրենց բնույթով սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում, ուստի դրանց քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Սահմանադրական դատարանն ընդգծում է նաև, որ Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերը լուծելու և վերջնարդյունքում Սահմանադրության գերակայությունն ու դրա միատեսակ կիրառությունն ապահովելու միջոցով: Թեև Սահմանադրական դատարանի որոշումները կանխորոշիչ նշանակություն ունեն պետության իրավական քաղաքականության մշակման և կերտման հարցում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունները պատշաճ կարգով կատարելու երաշխավորի առաքելություն գնահատելով դրանց գործողությունների իրավաչափությունը, եթե, իհարկե, դրան հնարավոր չէ հասնել բացառապես սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման եղանակով: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի առաջադրվել Սահմանադրական դատարանին ենթակա հարց, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, 11-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև Ազգային ժողովի պատգամավորների վրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

3 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-248

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-248
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել