ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2024թ. ՍԴԱՈ - 23 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 փետրվարի 2024 թվականի
ՍԴԱՈ-23
Հավելված
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ՍԴԱՈ-23
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 156 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը ըստ դիմող սուբյեկտների, հետևյալն է.
1. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ 2 դիմում,
2. Կառավարություն 24 դիմում,
3. Հանրապետության նախագահ 1 դիմում
4. ֆիզիկական և իրավաբանական անձինք – 123 դիմում,
5. դատարաններ – 6 դիմում:
2023 թվականին Սահմանադրական դատարանը կայացրել է 262 որոշում, որից 33 ըստ էության որոշում, 162 աշխատակարգային որոշում, 67 դատական կազմի որոշում:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ԿԱՏԱՐՈՒՄԸ
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից 2023 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 2 դիմում, որից 1-ի քննությունը մերժվել է, իսկ 1-ով կայացվել է համապատասխան որոշում: 2023 թվականին կասեցվել է նախորդ տարվանից փոխանցված 1 գործի վարույթ (դիմումը մուտքագրվել է 23.11.2021թ.): ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2023 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումը.
1. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաև այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1708 որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին որոշել է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
4. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու
անհրաժեշտությունը Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին և 19-րդ մասին համապատասխան` Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2024 թվականի մայիսի 31-ը հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը»:
Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության հիշյալ նորմերն ուղղված են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում խորհրդարանական ուժերի ժողովրդից ստացած քվեին համաչափ ներկայացվածության ապահովմանը, ինչով պայմանավորված է դրանից բխող համամասնությունը պահպանելու հրամայականը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան պաշտոնները բաշխելիս Սահմանադրության վերոնշյալ նորմերով ամրագրված
խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունից ցանկացած շեղում կձևախեղի ժողովրդի Ազգային ժողովի ընտրությամբ արտահայտված կամահայտնության արդյունքը, Ազգային ժողովի Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված ժողովրդի ներկայացուցչական մարմնի բնույթը:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադիրն ամրագրել է հրամայական պահանջ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետք է ապահովվի խորհրդարանական ուժերի համամասն ներկայացվածությունը Ազգային ժողովի խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների անդամների տեղերի, մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների համամասն բաշխման միջոցով։ Սահմանադրի կողմից նախանշված մշտական հանձնաժողովների ձևավորմանն ու գործունեությանն առնչվող կարգավորումների համատեքստում սահմանադրական հրամայականն է մշտական հանձնաժողովներում տեղերը պետք է բաշխվեն ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության, հետևաբար մշտական հանձնաժողովների ձևավորմանն առնչվող օրենսդրական կարգավորումները պետք է ուղղված լինեն նշված սահմանադրաիրավական պահանջի գործնական ապահովմանը և պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն բացառապես վերջինիս էությանը և նպատակին համահունչ։ (…)
(…) Օրենսդրի կողմից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի ընտրության կարգ նախատեսվելը թելադրված է խորհրդարանական բոլոր ուժերի շահերի հավասարակշռմամբ և հիմնավորված է մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի իրավական կարգավիճակների առանձնահատկություններով։ Ի վերջո, Ազգային ժողովը չի կարող բացարձակապես մասնակցություն չունենալ Կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան իր առանցքային մարմնի մշտական հանձնաժողովի ձևավորման և կառավարման, տվյալ դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացին: Այլ հարց է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան պաշտոնները բաշխելիս պարտադիր կարգով պետք է հաշվի առնվի Ազգային ժողովի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից Կանոնակարգում ամրագրված մշտական հանձնաժողովի անդամի տեղը, մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնելու կարգերի տարբերակումը համահունչ է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված ըստ պատգամավորների թվի համամասնության բաշխման պահանջին:
(…)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ օրենսդրական
կարգավորումը համահունչ չէ Սահմանադրական դատարանի այն եզրահանգմանը, որի համաձայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության պարտադիր լիազորությունն է: Իրավասու խմբակցությունը չի կարող հրաժարվել մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի սահմանադրական պահանջի ուժով իրեն պատկանող համապատասխան պաշտոններում թեկնածուներ առաջադրելու պարտադիր լիազորությունից (խմբակցությունների միջև համապատասխան լիազորության փոխհամաձայնությամբ փոխանակման հնարավորությամբ): Այդ առնչությամբ, նկատի առնելով նաև Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «տեղերը բաշխվում են» և երկրորդ նախադասությունում գործածված «պաշտոնները (...) բաշխվում են» ձևակերպումների բովանդակության առնչությամբ Սահմանադրական դատարանի սույն որոշման 4.2-րդ կետում արտացոլված մոտեցումը, Սահմանադրական դատարանի սույն որոշման 4.3-րդ կետում արտացոլված այն փաստումը, որ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկու նախադասություններում շեշտադրումը կատարված է մշտական հանձնաժողովներում տեղերը, մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխելիս խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության վրա, որից ցանկացած շեղում կբովանդակազրկի Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասում արտացոլված նախադասություններն ինչպես առանձին վերցված, այնպես էլ համակցության մեջ հավելելով, որ նման պայմաններում, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոնները բաշխելիս Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված համամասնությունից շեղումը կխեղաթյուրի Սահմանադրության հիշյալ նորմի բովանդակությունը փաստելով, որ Կանոնակարգի 138-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգավորումները (այդ թվում բանաձևը) վերաբերելի են ինչպես մշտական հանձնաժողովների նախագահների, այնպես էլ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրումներին, կիրառելի են վերջիններիս նկատմամբ, երկու պաշտոնների մասով էլ նույնաբովանդակ են Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի որևէ այլ խմբակցություն, այդ թվում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունը, մեկ այլ խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելու լիազորության (Սահմանադրական դատարանի գնահատմամբ պարտադիր լիազորության) իրացման իրավասու սուբյեկտ չէ: Խնդրո առարկա հարաբերություններում Ազգային ժողովի իրավասու խմբակցությունն այն խմբակցությունն է, որին համամասն ներկայացվածության սահմանադրական սկզբունքով պաշտոնների բաշխմամբ ի սկզբանե վերապահված են մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնները, և իրավասու խմբակցության նշված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու լիազորությունը պահպանվում է մինչ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Ամփոփելով վերոնշյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնակարգի 138-րդ հոդվածի 12-րդ մասով ամրագրված կարգավորումների գործողության պայմաններում խեղաթյուրվում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված մշտական հանձնաժողովներում պաշտոնների ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության բաշխման Սահմանադրի պահանջը, հետևաբար Կանոնակարգի 138-րդ հոդվածի 12-րդ մասը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին»:
Կառավարության դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
2023 թվականին միջազգային պայմանագրերով ստանձնված
պարտավորությունների սահմանադրականության հարցով Կառավարության կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել 24 դիմում:
Վերոհիշյալ 24 դիմումներից 4-ի դատաքննությունը կսկսվի 2024 թվականին:
Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցով դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանը 2023 թվականին կայացրել է 24 որոշում: Նշված 24 գործերով 4 դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2022 թվականին:
2023 թվականին մուտքագրված 24 միջազգային պայմանագրերից 13-ը բազմակողմ են, 11-ը` երկկողմ, որոնցից 4-ը` վարկային: Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականին քննության առնված 24 միջազգային պայմանագրերից 2023 թվականի ընթացքում վավերացվել են 19-ը: Քննության առնված 2 միջազգային պայմանագրերով ընդունված որոշումներով Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ, կատարել մի շարք արձանագրումներ, փաստարկումներ, մասնավորապես.
1. 2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից` «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2023 թվականի հուլիսի 28-ի ՍԴՈ-1694 որոշմամբ արձանագրել է.
«4. Սահմանադրական դատարանը շեշտում է, սույն գործով Սահմանադրական դատարանի խնդիրն է որոշել Արձանագրությունում ամրագրված
պարտավորությունների համապատասխանությունը 2015 թվականի
փոփոխություններով Սահմանադրությանը:
Սահմանադրաիրավական վերաբերելի փոփոխությունների համալիր
վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա հարցում հայ ժողովրդի կամքն անսասան է: Այսպես 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 17-րդ հոդվածը հռչակում էր. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Մահապատիժը մինչև դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով առանձնապես ծանր
հանցագործությունների համար»։
Սահմանադրական դատարանն իր 2003 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-437 որոշմամբ արձանագրել է. «(...) Հայաստանի Հանրապետությունը, իր անկախությունը հռչակելուց հետո, միանալով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ կարևորագույն համընդգրկուն և տարածաշրջանային միջազգային պայմանագրերին, ճանաչեց մարդուն, նրա կյանքն ու առողջությունը, պատիվը և արժանապատվությունը, անձեռնմխելիությունը և անվտանգությունը որպես բարձրագույն սոցիալական արժեք:
(...)
ՀՀ Սահմանադրությունը 17 հոդվածում սահմանելով, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, այդ իրավունքի պաշտպանության առնչությամբ պարունակում է միայն մեկ շեղում` կապված մահապատժի հետ: Դա Սահմանադրության նույն 17 հոդվածում ամրագրված այն դրույթն է, համաձայն որի «Մահապատիժը` մինչև դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց կարող է սահմանվել օրենքով` առանձնապես ծանր հանցագործությունների համար»: (...) Ինչպես ՀՀ Սահմանադրության համակարգային վերլուծությունը, այնպես էլ ՀՀ միջազգային պայմանագրերի բովանդակության ուսումնասիրությունը վկայում են, որ հանրապետությունը, որպես կյանքի իրավունքի երաշխավորման գործոն, մերժում է մահապատիժը` որպես պատժատեսակ, և որպես նորմ-նպատակ ամրագրում է մահապատժի վերացումը:
Մահապատժի վերացումը պայմանավորելով հասարակական գիտակցության մեջ որոշակի արժեքների փոխակերպման անհրաժեշտությամբ, որի կարևոր տարրերից է նաև ժամանակի գործոնը, Սահմանադրության 17 հոդվածը մահապատիժը թույլատրում է որպես «ժամանակավոր» և «բացառիկ» պատժատեսակ, և որ այն կարող է նշանակվել միայն «ծանր հանցագործությունների համար»: Միաժամանակ, ըստ Սահմանադրության 17 հոդվածի` մահապատիժը, որպես բացառիկ պատժատեսակ, կարող է նշանակվել օրենքով»:
2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 15-րդ հոդվածը հռչակում էր. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»:
Սահմանադրաիրավական նույն արժեբանությունն է ընկած Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) «Կյանքի իրավունքը» վերտառությամբ 24-րդ հոդվածի հիմքում, որով սահմանված է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 24-րդ հոդվածը լրացվել է «ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից» դրույթով, որն ընդգծում է սահմանադրի կամքը վերադասել անձի կյանքի իրավունքը բացառելով մահապատժի առկայությունը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ 2005 թվականի
փոփոխություններով Սահմանադրության 15-րդ հոդվածով ամրագրված կարգավորումներն իրենց արտացոլումն են գտել 2015 թվականի
փոփոխություններով Սահմանադրության 24-րդ հոդվածում, ինչը բխում է հայ ժողովրդի սահմանադրական ինքնությունից, որի հետ անհամատեղելի է մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը խախտող մահապատժի գոյությունը: Այսպիսով, որդեգրելով մարդու արժանապատվության ուժով անհատի հասարակական արժևորման գաղափարները հայ ժողովուրդը 1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ, հետագայում նաև 2005 և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ, ինքնասահմանափակվելով ընտրել է մահապատժից հրաժարվելու անխախտ հունը:
Վերոնշյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ Սահմանադրությունը 2015 թվականին բովանդակային առումով չի ենթարկվել այնպիսի փոփոխության, որը կհանգեցներ Արձանագրությունում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու/դրա արդյունքի առումով այլ/տարբերվող գնահատականի»:
2. «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1680 որոշմամբ 2023 թվականի մարտի 24-ին որոշել է.
«1. 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված
պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»: Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(…)
Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ սահմանադրական որևէ նորմի մեկնաբանություն շեղվում է իր արժեբանական հունից, եթե այն համատեղելի չէ Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի մյուս դրույթներում հռչակված նպատակների, արժեքների և սկզբունքների հետ:
(…)
Սահմանադրության նախաբանում Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, Սահմանադրությունն ընդունել է նաև «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Սահմանադրության նախաբանում այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը դարձնում է Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ:
(…)
6.5. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության նախաբանում Հայ ժողովրդի համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքը հատկապես համընդհանուր խաղաղությանն սպառնացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարին վերաբերելի մասով որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման արժեբանական ուղենիշ դիտարկելու սահմանադրական հրամայականի հիմքում ընկած է նաև այն պատմական, էթիկական և քաղաքակրթական չափորոշիչը, որ Կանոնադրության նախաբանում շարադրված ոճրագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի կարևորությունն արդեն իսկ արձանագրված է եղել Հայաստանի անկախության գործընթացում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին հռչակմամբ (Հայաստանի անկախության մասին հռչակագիր, կետ 11): Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին դրույթը Հայաստանի անկախության հռչակագրում ունի ոչ միայն պատմական իրողության հետադարձորեն ճանաչման, այլև առավել ևս ապագայում նման ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի միջոցով համընդհանուր խաղաղության և անվտանգության պաշտպանության միջազգային ջանքերին մասնակցության քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն»:
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Հանրապետության նախագահի կողմից 2023 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 1 դիմում, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին կայացրել է ՍԴՈ-1691 որոշումը:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է.
«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակված անձը, որի լիազորությունները դադարել են պալատի վերացման հիմքով (անկախ որպես պալատի նախագահ նրա պաշտոնավարման ժամկետից), չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն»:
Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ պետական իշխանությունը, առաջնորդվելով սահմանադրի ժողովրդավարական և իրավական պետության կերտման և շարունակական զարգացման աներկբա պատվիրանով, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները դիտարկելով որպես իրավունքի գերակայության ապահովման անսասան հենասյուներ, սահմանադրական պարտավորություն ունի ձևավորել սահմանադրական արժեբանությանը համահունչ արդարադատության համակարգ: Այս առումով սահմանադիրը հստակ ուրվագծել է արդարադատության համակարգի կառուցվածքն ու ձևավորման սկզբունքները օրենսդրին վերապահելով սոսկ մանրամասները սահմանելու հնարավորություն, որոնց հիմքերը պետք է խարսխված լինեն սահմանադրաիրավական կարգավորումների վրա բխելով սահմանադրի կողմից դրանց հիմքում ներդրած արժեքներից և տրամաբանությունից:
Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է. «Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման, ըստ այդմ պաշտոնավարման վեցամյա ժամկետը, բնականաբար, վերաբերելի է պալատի նախագահին, այլ ոչ դատավորին. այլ կերպ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները (պաշտոնավարման ժամկետը լրանալու, ինչպես նաև Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1- ին մասում թվարկված որոշ այլ հիմքերով, այդ թվում Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի վերացումը) դադարելն ինքնաբերաբար չի հանգեցնում նրա որպես Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների դադարմանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունների դադարման Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված մի շարք հիմքեր, այդ թվում Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի վերացումը, չեն կարող դիտարկվել նույն հարթությունում, ինչ դատավորի լիազորությունները դադարելու Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում թվարկված հիմքերը սահմանադրաիրավական համապատասխան երաշխիքներով: Նման պայմաններում Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված վեցամյա ժամկետը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման առավելագույն ժամկետն է:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական մակարդակում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետի ամրագրումն ինքնանպատակ չէ և հնարավորություն է ընձեռում համապատասխան պալատի այլ դատավորներին հավակնել/նշանակվել պալատի նախագահի պաշտոնին Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված համապատասխան պահանջների պահպանմամբ: Սահմանադրական դատարանի գնահատմամբ նման սահմանափակ ժամկետը թույլ է տալիս կանոնավոր կերպով համալրել պալատի նախագահի պաշտոնը ապահովելով տարասեռության և բազմակարծության աստիճանը,
ներկայացուցչականության ավելի բարձր հավասարակշռությունը հաշվի առնելով պալատի նախագահի պաշտոնին ներհատուկ գործառույթների բովանդակությունը»: Սահմանադրական դատարանը, բացահայտելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների բովանդակությունը, գտել է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ համապատասխան պալատի կազմից կարող է նշանակվել միայն այն անձը, որը երբևէ չի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:
Ավելին, Սահմանադրական դատարանը գտել է. «Հաշվի առնելով Խորհրդի որպես սահմանադրական մարմնի, առանձնահատուկ կարգավիճակը, ըստ այդմ Խորհրդի սահմանադրական առաքելությունը, կազմի և կազմավորման կարգի առանձնահատկությունները, սահմանադրական լիազորությունների բացառիկությունը, Խորհրդի Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4- րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման առնչությամբ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3–7-րդ մասերին համապատասխան դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության (Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության) գործընթացներին առանցքային սահմանադրական մարմինների/ ինստիտուտների Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի, մասնակցությունը (ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով), ինչպես նաև Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի արդյունավետ կենսագործումն ապահովելուն ուղղված համապատասխան սահմանադրական կարգավորումների առկայությունը, այդ առնչությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի սահմանադրական վերաբերելի լիազորությունների ծավալը և դրանց արդյունավետ իրացումն ապահովող զսպումների և հակակշիռների կառուցակարգերի առկայությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները չեն կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա. դրանք դատական կարգով չեն կարող բողոքարկվել»:
Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
2023 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել են 123 դիմումներ, որոնցից 88-ը ֆիզիկական անձանցից, իսկ 35-ը իրավաբանական անձանցից։
Անհատական դիմումներից 15-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին: Նշված 15 դիմումներից 11-ը համապատասխանեցվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և վերստին ներկայացվել են Սահմանադրական դատարան, 1-ը կրկին ներկայացվել է Սահմանադրական դատարան, սակայն համապատասխանեցված չի եղել դիմումին ներկայացվող պահանջներին, ինչի պատճառով Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից վերադարձվել է դիմողին, 1-ը վերստին չի ներկայացվել Սահմանադրական դատարան, իսկ 2-ը դիմողների դիմումների հիման վրա վերադարձվել են վերջիններիս։ Դատական կազմերն ստացել են 126 դիմում (քաղաքացիների և իրավաբանական անձանց), որոնցից 3-ը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի դեկտեմբեր ամսին: 2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումների կապակցությամբ դատական կազմերի որոշումներով քննության են ընդունվել 13 անհատական դիմումներ, մերժվել 50-ը։ 2023 թվականին դատական կազմի կողմից քննվել և որոշում է կայացվել նաև վերոնշյալ 2022 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված 3 անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ 10.01.2023 թ․ ՍԴԴԿՈ-1, 13.01.2023 թ. ՍԴԴԿՈ-2, 18.01.2023 թ. ՍԴԴԿՈ-3, որոնցով դիմումների քննությունը մերժվել է:
Միաժամանակ, դատական կազմի կողմից քննության է առնվել անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված 1 բողոք, որը մերժվել է դատական կազմի որոշմամբ:
2 անհատական դիմումների ընդունելիության հարցի քննությունը փոխանցվել է 2024 թվական:
58 դիմումների ընդունելիության հարցը փոխադրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ: Նշված 58 դիմումներից 11-ն ընդունվել են քննության, 47-ը մերժվել:
Այսինքն 2023 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից քննության են ընդունվել 24 անհատական դիմումներ:
Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված 24 անհատական դիմումների հիման վրա 4 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 27.06.2023 թ․ ՍԴԱՈ-69, 27.06.2023 թ․ ՍԴԱՈ-70, 01.08.2023 թ․ ՍԴԱՈ-87, 10.10.2023 թ. ՍԴԱՈ-115 աշխատակարգային որոշումներով կարճվել են, իսկ 2 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 30.05.2023 թ. ՍԴԱՈ-52 և 03.10.2023 թ. ՍԴԱՈ-114 աշխատակարգային որոշումներով կարճվել են մասամբ։ 2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված 1 անհատական դիմում մերժվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքով:
Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված 9 գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականին, իսկ 2 գործի դատաքննությունը 2023 թվականին հետաձգվել է և նշանակվել 2024 թվականին:
2023 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված և քննության ընդունված 3 անհատական դիմումով գործի վարույթը կասեցվել է 11.04.2023 թ. ՍԴԱՈ-32, 30.08.2023 թ. ՍԴԱՈ-98, 19.12.2023 թ. ՍԴԱՈ-156: 2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումներից 1-ի վերաբերյալ որոշում, մասնավորապես աշխատակարգային որոշում, կայացվել է 2023 թվականին 24.01.2023 թ. ՍԴԱՈ-6: 2022 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումներից 5-ի վերաբերյալ որոշումներ, մասնավորապես աշխատակարգային որոշումներ, կայացվել են 2023 թվականին 24.01.2023 թ. ՍԴԱՈ-4, 31.01.2023
թ. ՍԴԱՈ-8, 14.02.2023 թ. ՍԴԱՈ-11, 24.02.2023 թ. ՍԴԱՈ-14, 27.06.2023 թ.
ՍԴԱՈ-71:
Անհատական դիմումների հիման վրա 2023 թվականի ընթացքում քննության առնված 5 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.
1. «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1690 որոշմամբ 2023 թվականի մայիսի 30-ին որոշել է.
«1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
ՍԴՈ-1690 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(…) Օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների համակարգում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու ենթադրաբար ամենամեղմ միջոցից, կախված հանգամանքներից (ում նկատմամբ է կիրառվում նշված խափանման միջոցը հաշվի առնելով անձի մասնագիտական
գործունեությունը, զբաղմունքը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը և այլն), կարող է վերաճել սահմանափակման առավել ինտենսիվ միջոցի մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքից զատ սահմանափակելով նաև այլ հիմնական իրավունքներ և ազատություններ:
Այդ առնչությամբ իրավակիրառ պրակտիկան որպես ուղենիշ պետք է ընդունի այն մոտեցումը, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ուղղակիորեն միջամտում է անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքին, դրա կիրառումը ենթադրում է անձի այլ տեղանք մեկնելու կամ բնակության վայրը փոխելու, նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակում. հետևաբար ցանկացած խափանման միջոց, մասնավորապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, պետք է կիրառվի Օրենսգրքով դրա պայմանների և հիմք(եր)ի առկայության պայմաններում միայն երաշխավորելով հիմնական իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափությունը և դրանով իսկ բացառելով հիմնական իրավունքի/ազատության խախտումները:
(…)
Քրեական վարույթի տևողությունը սահմանափակված չէ ժամկետներով, որպիսի պարագայում հետաձգված բողոքարկման գործիքակազմի կիրարկումը կարող է խիստ անարդյունավետ լինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանափակվող հիմնական իրավունքների/ազատությունների պաշտպանության առումով։ Նման պայմաններում չի բացառվում, որ անձին մինչդատական վարույթի շրջանակներում ոչ իրավաչափորեն սահմանափակված իր, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի դատական պաշտպանության իրական հնարավորություն ընձեռվի նշված իրավունքի ենթադրյալ խախտման պահից տևական ժամանակ անց։ Բացի դրանից, նշված խափանման միջոցի կիրառման անմիջական բողոքարկման հնարավորությունը բացառող մեկնաբանությունն այն պայմաններում, երբ մեղադրյալի (կասկածյալի) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի, այլ կերպ վարույթն ավարտվի մինչդատական փուլում չթևակոխելով դատական քննության փուլ, գործնականում կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ անձն ընդհանրապես կզրկվի իր խախտված իրավունքների/ազատությունների դատական պաշտպանության հնարավորությունից։
(…)
(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման անմիջական բողոքարկումը չպետք է բացառվի. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումները ենթակա են դատական կարգով անմիջական բողոքարկման մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում առաջնորդվելով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին (համապատասխան որոշմամբ սահմանափակվող նաև այլ իրավունքներին և ազատություններին) միջամտության իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու հրամայականով»:
2. «Սուսաննա Բազիկյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1693 որոշմամբ 2023 թվականի հուլիսի 4-ին որոշել է.
«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, ապա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»: Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը պետք է լինի իրական, այլ ոչ թե կրի երևութական բնույթ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանները պետք է հայցային վաղեմության հարցը քննելիս միանշանակ հետևություն անեն, թե արդյո՞ք անձն ուներ իրական հնարավորություն իր իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունն իրականացնելու համար, քանի դեռ դատական կարգով չէր բեկանվել համապատասխան դատական ակտը:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ սնանկության վարույթի շրջանակներում գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշման հիման վրա կնքված գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել տվյալ գործարքի կնքման թույլտվություն տվող դատական ակտը բեկանող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տվել եզրահանգելու, որ հիշատակված սահմանադրաիրավական արժեքների սեփականության իրավունքի երաշխավորման և արդյունավետ դատական պաշտպանության ապահովման հետ անհամատեղելի է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունն առ այն, որ անձի իրավունքի խախտման փաստը, այն է գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված լինելու պարագայում տվյալ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում անձի իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահը, և հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ իրավունքի խախտման փաստը հաստատված է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
«Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրվել է սույն որոշման մեջ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը»:
3. «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1699 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 7-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում։
2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման»:
Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(…) հաշվի առնելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում նյութական շահերի համադրման այնպիսի դրվածքը, երբ
ա) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակի (հանրության գերակա շահերի) որոշման հարցը վերապահված է բացառապես հանրային իշխանության մարմինների հայեցողությանը, և
բ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման շահառուն պետությունն է, և
գ) հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ծանրակշիռ ազդեցությամբ անհատի սեփականության իրավունքի պաշտպանության անհատական շահը ստորադասվում է հանրության գերակա շահի (հասարակության և պետության կարիքների) ապահովման անհրաժեշտությանը, և
դ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքի վերականգնումն օտարված գույքի նկատմամբ անդառնալի հետևանք է այդ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման իմաստով հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակը հանրության գերակա շահի վտանգման ռիսկ է պարունակում,
հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման
իրավահարաբերությունների սուբյեկտային կազմի բերումով, երբ պետություն- անհատ հարաբերություններում սեփականության իրավունքին միջամտության համաչափությունը անհատին հասանելի մասնակցային հնարավորություն ընձեռող միակ հնարավոր հարցն է, Սահմանադիրը հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռության հաստատման միջոցի (փոխհատուցման) և դրա որակական չափանիշների (նախնական և համարժեք) սահմանման նպատակով ամրագրել է համաչափության սահմանադրական սկզբունքի առանցքային տարրերը Սահմանադրությամբ բացառություն կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումների սահմանադրաչափության չափանիշների հստակեցումն օրենսդրին վերապահելու ընդհանուր կանոնից»:
Ավելին, Սահմանադրական դատարանը գտել է` հաշվի առնելով, որ հանրային իշխանության որևէ մարմնի, ներառյալ օրենսդրին վերապահված չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու Սահմանադրի խոստման սահմանափակման իրավասություն, որի իրականացմամբ Սահմանադրի խոստումը զրկվում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանված լինելու հատկություններից, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի կարող մեկնաբանվել որպես հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող 1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները առհասարակ չեն կարող տարածվել։
4. «Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1704 որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 21- ին որոշել է.
«1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչև 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ- 131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
ՍԴՈ-1704 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Հանրային ծառայության անցնելու իրավունքը որպես ժողովրդավարական իշխանության իրացման յուրօրինակ դրսևորում, մի կողմից իրավական և ժողովրդավարական պետության քաղաքացու պետական կառավարման ոլորտում հանրային ծառայության` օրենքով նախատեսված կարգով և պայմաններով անցնելու հնարավորության ապահովման երաշխիք է: Մյուս կողմից հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ միայն մասնակցում է օրենքով նախանշված կարգով և պայմաններով հանրային իշխանության մարմինների քաղաքականության իրականացմանը, այլև հնարավորություն է ունենում հանրային ծառայության ոլորտում ծավալել աշխատանքային գործունեություն իր մասնագիտական գիտելիքներին և կարողություններին համապատասխան»:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ պայմանավորված ազգային անվտանգության մարմինների գործառույթներով, նրանց կողմից լուծման ենթակա խնդիրների առանձնահատկություններով, այդ մարմինների գործունեության ոլորտներում համապատասխան ծառայողներից պահանջվող Հայաստանի Հանրապետության նկատմամբ հատուկ և անվերապահ հավատարմությամբ, ինչպես նաև նրանց վերապահված իրավասությունների հատուկ բնույթով, Հայաստանի Հանրապետության և ազգային անվտանգության մարմինների ծառայողի փոխհարաբերությունները որակվում են որպես «հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» հարաբերություններ։ Այս
իրավահարաբերություններն ազգային անվտանգության մարմինների ծառայողին պետության կողմից ցուցաբերված հատուկ վստահության և, փոխադարձաբար պահանջվող, ազգային անվտանգության մարմինների ծառայողից Հայաստանի Հանրապետության նկատմամբ հատուկ հավատարմության հարաբերություններ են։ Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և դրանք համադրելով վիճարկվող կարգավորումների հետ Սահմանադրական դատարանը գտել է. «(…) ազգային անվտանգության մարմինների ծառայողին բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի տրամադրության տակ թողնելը առանց որևէ դրամական ապահովման, մինչև տվյալ գործով վերջնական որոշումը, համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքին, քանզի օրենսդրական կարգավորումները չեն բավարարում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված` հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու` Սահմանադրի պահանջը հանգեցնելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի` հանրային ծառայության անցնելու իրավունքին անհամաչափ միջամտության»:
5. «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398- րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի Վճռաբեկ դատարանի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար
արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավարական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում: Ընդսմին, բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները, լինելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գործառույթի իրացման բաղկացուցիչ մաս, պետք է ապահովեն վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը: «Սահմանադրական դատարանի դիտարկմամբ Վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես իրավական որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն Վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը»:
Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ Դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3- րդ մասը կիրառվել է այն մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար Դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթը մեկնաբանվել և կիրառվել է Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2023 թվականին Սահմանադրական դատարան դիմում չի ներկայացվել:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2022 թվականին ներկայացված դիմումների հիման վրա 2023 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 2 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է հետևյալ որոշումները.
1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա`
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1685 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2023 թվականի ապրիլի 25-ին որոշել է.
«1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41- րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է.
«Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձինք նոր իրավակարգավորումներով առաջադրված նոր պայմաններն ու պահանջները դրանք իրենց համար վատթարացնող լինելու փաստարկով պայմանավորված, իրենց նկատմամբ չկիրառելու ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի օրենսդիրը խնդրո առարկա իրավահարաբերությունների բովանդակությանը ներկայացվող նոր պայմաններ ու պահանջներ է առաջադրել, որոնք տարածվում են նաև բոլոր այն անձանց վրա, որոնք մինչ այդ արդեն իսկ հանդիսացել են տվյալ իրավահարաբերության սուբյեկտներ: Դա նշանակում է, որ օրենսդրական նոր կարգավորումները հավասարապես վերաբերում են ինչպես ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու մտադրություն ունեցող, այնպես էլ մինչ այդ կարգավորումներն այդպիսի գործունեություն ծավալած և այն շարունակելու ցանկություն ունեցող սուբյեկտներին։
(…)
Միաժամանակ, ելնելով տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման հրամայականից օրենսդրի խնդիրն է տնտեսական քաղաքականությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներ նախատեսելիս կամ առկա կարգավորումներում այնպիսի փոփոխություններ կատարելիս, որոնք առնչվում են տնտեսվարողներին առաջադրվող պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությանը, որը միջամտում է անձի
իրավունքներին/ազատություններին, որպես ուղենիշ ընդունել տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման այնպիսի գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությունը, այդ թվում օրենսդրական ժամկետների մասով, որոնք, փարատելով տնտեսական գործունեություն ծավալող անձանց համար իրենց կատարած ներդրումների արդարացման վերաբերյալ հնարավոր մտահոգությունները և ապահովելով որոշակի կանխատեսելիություն վերջիններիս համար, կլինեն հնարավորինս կշռադատված, իրավական առումով հիմնավորված, տնտեսական առումով արդյունավետ ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը»:
2. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա`
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1683 որոշմամբ 2023 թվականի ապրիլի 11- ին որոշել է.
«1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը ազգային անվտանգության մարմինների ծառայողի կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրված կարգավորումը զինծառայողի կրոնական միավորումներ ստեղծելու արգելքի մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:
3. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք, ճանաչել Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:
4. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված կարգավորումը ոստիկանության ծառայողի արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով, ճանաչել Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:
5. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը ազգային անվտանգության մարմինների ծառայողի արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով, ճանաչել Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:
6. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրված կարգավորումը զինծառայողի արհեստակցական միության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով, ճանաչել Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող:
7. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու
անհրաժեշտությունը Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին և 19-րդ մասին համապատասխան`
Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը»: ՍԴՈ-1683 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կրոնի ազատության իրավունքի ներքին բաղադրիչը վերաբերում է հավատքի ազատությանը, մարդու ներաշխարհին և ունի կենսագործման յուրահատուկ կառուցակարգ, իսկ արտաքին բաղադրիչը վերաբերում է կրոնական դավանանքի կամ համոզմունքների հիման վրա որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի վարքագծից ձեռնպահ մնալու իրավունքին, և իր հերթին բաժանվում է կրոնական ազատության դրական (պոզիտիվ) և բացասական (նեգատիվ) տարրերի: Կրոնական դրական ազատությունը դասական իմաստով սեփական կրոնական հավատալիքները կամ համոզմունքներն ակտիվորեն դավանելու ազատությունն է: Սեփական կրոնը դավանելու իրավունքի կենսագործման հնարավորություններն առավել բազմազան ներկայացված են «Կրոնի կամ համոզմունքների հիման վրա
անհանդուրժողականության կամ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի 1981 թվականի Հռչակագրում, համաձայն որի մտքի, խղճի, կրոնի կամ համոզմունքների ազատությունը, ի թիվս այլնի, ընդգրկում է հետևյալ ազատությունները կրոնի կամ համոզմունքների հետ կապված ծեսեր կատարելը կամ հավաքվելը, այդ նպատակներով տեղեր ստեղծելը և պահելը. համապատասխան հրապարակումներ գրելը, թողարկելը և տարածելը. կրոնը կամ համոզմունքները քարոզելն այդ նպատակներին հարմար վայրերում. հանգստի օրերը պահպանելը. տոնական օրերը նշելը և արարողությունների մասնակցելը տվյալ անձի կրոնի կամ համոզմունքների պահանջներին համաձայն. կրոնի և համոզմունքների հարցերի հետ կապված այլ անհատների և համայնքների հետ հաղորդակցվելը` ներպետական և միջազգային մակարդակով:
Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է. «Սույն գործով կրոնի ազատության մասով վիճարկվող դրույթներով սահմանված սահմանափակումները դիտարկելով կրոնի ազատության իրավունքի բովանդակության մաս կազմող ներքին ու արտաքին բաղադրիչների, արտաքին դրսևորման բազում ձևերի ու դրանց եղանակների շրջանակում Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ սահմանափակումները վերաբերում են դրա միայն մեկ բաղադրիչի ենթատարրին, այն է կրոնական համոզմունքները համատեղ իրականացնելու եղանակներից մեկին պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությանն անդամակցելուն կամ կրոնական միավորում ստեղծելուն։ Հետևաբար այդ սահմանափակումը բացարձակ չէ ո՛չ բովանդակային (չի արգելում իրավունքի բոլոր կամ նույնիսկ հիմնական հնարավորությունները), ո՛չ սուբյեկտային առումներով, որովհետև խնդրո առարկա արգելքը համընդհանուր չէ, այլ հասցեագրված է հատուկ կարգավիճակ ունեցող որոշակի սուբյեկտների, որոնց չի արգելվում կրոնական կազմակերպության հետ առնչությունն ընդհանրապես, այլ միայն կրոնական կազմակերպության անդամ լինելը թույլատրելով դրա հետևորդ հավատացյալի կարգավիճակը:
(...)
Կրոնական միավորումներ ստեղծելու արգելքը և կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում ծառայակիցների շրջանում քարոզչական գործունեություն իրականացնելու արգելքը կիրառվում են ծառայության սուբյեկտների նկատմամբ, սահմանափակում են նրանց մինչծառայական իրավասուբյեկտությունը, սակայն իրենց բովանդակությամբ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների տեսանկյունից համապատասխանում են Սահմանադրությանը, որովհետև սահմանված են օրենքով, բխում են զինված ուժերի և այլ զորքերի, հետևաբար զինծառայողների հատուկ առաքելությունից, դրանց չեզոքության սկզբունքից, համապատասխանում են զինվորական ծառայության հիմքում դրված սկզբունքներին, չեն խախտում կրոնի ազատության հիմնական իրավունքի էությունը դրա արտահայտման արտաքին բազում ձևերից արգելելով միայն երկու տարր կրոնական միավորման ստեղծումը և այդ միավորման անդամ լինելու դեպքում ծառայության ընթացքում ու ծառայակիցների շրջանում կրոնական քարոզչությունը:
(...)
Միջազգային իրավական կարգավորումների ու նախադեպային դիրքորոշումների մոտեցումների ամփոփումը հնարավորություն է ընձեռում Սահմանադրական դատարանին փաստելու, որ միավորումների ազատության, այդ թվում արհեստակցական միությունների ստեղծման և անդամագրման իրավունքի իրականացման վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումներն առաջին հերթին կարևորում են այդ իրավունքների պետության կողմից ճանաչումը կամ «իրականացման իրավական հնարավորությունների ամրագրումը» իհարկե, միևնույն ժամանակ չբացառելով կոնկրետ անձանց կոնկրետ խմբերի կարգավիճակի առանձնահատկություններով պայմանավորված այդ իրավունքների իրականացման որոշ սահմանափակումների նախատեսումը: Սահմանադրական դատարանը վերն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում պետական ծառայության սույն գործով խնդրո առարկա համարվող ոլորտներում ծառայողների համար արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքի որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության ձևի, բացարձակ արգելքի նախատեսումը համարում է Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող»։
Ի լրումն Սահմանադրական դատարանը, ի թիվ այլնի, հարկ է համարել նշել, որ սահմանադիրը միավորումների ազատության, այդ թվում արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքի իրականացման սահմանափակումների հիմք հանդիսացող նպատակներն ամրագրելով հանդերձ սահմանափակումների մանրամասների նախատեսումը վերապահել է օրենսդրին: Հիմնական իրավունքի բացարձակ արգելք չնախատեսելով հանդերձ, օրենսդիրն ունի հնարավորություն ամրագրելու միավորումների ազատության, այդ թվում արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքի իրականացման այնպիսի սահմանափակումներ, որոնք, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների, Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, կարող են ապահովել վերջիններիս կողմից իրենց ծառայական (աշխատանքային) իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացման այնպիսի իրավական հնարավորությունները, որոնք խոչընդոտներ չեն հարուցի համապատասխան ոլորտներում խնդիրների, իրավասության արդյունավետ իրականացման համար:
Դատարանների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Դատարանների կողմից 2023 թվականին Սահմանադրական դատարան է ներկայացվել 6 դիմում, որից 4-ի քննությունը մերժվել է, 1-ով գործի վարույթը կարճվել է, իսկ 1-ի քննությունը փոխանցվել է 2024 թվական:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Անհատական դիմումների հիման վրա գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշ դիրքորոշումներ
1. 2023 թվականի հունիսի 27-ին ընդունված ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի, 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին ՍԴԱՈ-71 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սնանկության ինստիտուտը կոչված է հավասարակշռելու անձանց ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ծագող ռիսկերը մի կողմից ապահովելու պարտապանների քաղաքացիական շրջանառությունում իրենց պարտավորությունների պատշաճ կատարումը, երաշխավորելու բարեխիղճ պարտատերերի շահերի պաշտպանությունը, մյուս կողմից օրենսդրական առանձին միջոցառումների կիրառմամբ աջակցելու ժամանակավոր ֆինանսական խնդիրներ ունեցող պարտապաններին այդպիսով երաշխավորելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունը: Օրենսդիրը, սնանկության ինստիտուտը դիտարկելով իբրև պարտապանի և պարտատիրոջ շահերի ողջամիտ և արդարացի հավասարակշռությունն ապահովող գործիք, ոլորտը կարգավորող իրավանորմերն ամրագրել է հակընդդեմ շահեր հետապնդող այս երկու սուբյեկտների սնանկության վարույթի տարբեր փուլերում իրենց իրավունքների պաշտպանության եղանակների ընտրության հնարավորությունների երաշխավորմամբ (դրանից բխող հետևանքների հաշվառմամբ), որոնք իրացված են Օրենքով ներառյալ 43-րդ հոդվածի 2-րդ մասում (23.06.2011 թ. ՀՕ-235-Ն օրենքի խմբագրությամբ): Խնդրո առարկա իրավադրույթը գրավով ապահովված պարտատիրոջն ընձեռում է սնանկության վարույթի շրջանակներում իրավունքի պաշտպանության երկու եղանակ. կա΄մ մնալ սնանկության վարույթում և իր պահանջի բավարարում ստանալ սնանկության վարույթի շրջանակներում, կա΄մ դուրս գալ սնանկության վարույթից իր ապահովված պահանջի բավարարումն ստանալով բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին զրկվելով հետագայում պարտապանի այլ գույքի նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիսպոզիտիվության սկզբունքն իր ուրույն դրսևորումն ունի նաև սնանկության վարույթում, իսկ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով (23.06.2011 թ. ՀՕ-235-Ն օրենքի խմբագրությամբ) ամրագրված իրավակարգավորումն այդ սկզբունքի արտահայտման տարբերակ է: Նման պայմաններում դիմողի կողմից չի հիմնավորվում հիշյալ կարգավորման Սահմանադրության 59-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց լինելը, քանզի տվյալ կարգավորումն անձին որևէ կերպ չի խոչընդոտում իրացնել հիշատակված հոդվածով ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իր սահմանադրական իրավունքը, այլ ընդհակառակը հնարավորություն է ընձեռում սուբյեկտին ընտրելու իրավունքի պաշտպանության իր համար նախընտրելի տարբերակը միաժամանակ սահմանելով դրանից բխող հետևանքները: Ավելին Օրենքի նպատակը սնանկության վարույթի շրջանակներում ծագող և դրա վրա անմիջական ներգործություն ունեցող
իրավահարաբերությունների կարգավորումն է, մինչդեռ սույն պարագայում դիմողն ընտրել է իր իրավունքների պաշտպանությունը սնանկության վարույթից դուրս իրականացնելու տարբերակը, որպիսի պայմաններում դիմողը չի հիմնավորել վիճարկվող կարգավորման արդյունքում Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը»:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սույն գործով դիմողը, դատարան ներկայացնելով մորատորիում չտարածելու մասին դիմում, իբրև գրավով ապահովված պարտատեր դուրս է եկել սնանկության վարույթից ձեռք չբերելով ապահովված պարտատիրոջ դատավարական կարգավիճակ: Հետևաբար սնանկության գործի ավարտի դատավարական փուլում դիմողն ապահովված պարտատեր չի հանդիսացել, ուստի վերջինիս նկատմամբ Օրենքի 87-րդ հոդվածի վիճարկվող մասերը, ըստ էության, չեն կիրառվել և չէին էլ կարող կիրառվել (դիմողի չապահովված պահանջով պարտատիրոջ դատավարական կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող դիտվել իբրև վերջինիս որպես ապահովված պահանջով պարտատիրոջ նկատմամբ նշված հոդվածի կիրառում հաշվի առնելով հիշյալ դատավարական կարգավիճակների առանձնահատկությունները): Օրենքի վիճարկվող 1- ին հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված իրավադրույթը իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ, կարգավորում էր ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանելով, որ ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում էին Օրենքի 39 և 43-րդ հոդվածներով: Հիշյալ դրույթը դիմողի համար ուղղակի իրավական հետևանք չի առաջացրել, քանզի, ինչպես նշվեց վերը, այն փոխկապակցված է Օրենքի 43-րդ հոդվածի իրավակարգավորման հետ:
2. 2023 թվականի հունիսի 27-ին ընդունված ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83- րդ հոդվածի 2-րդ մասի այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնելու օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(...) տվյալ դեպքում իրավակիրառի կողմից Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունը չի կարող դիտարկվել որպես դիմողի կողմից իր հիմնական իրավունքների իրացման խոչընդոտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի սույն գործով ներկայացված անհատական դիմումի համար հիմք հանդիսացած թիվ ՎԴ/2935/05/22 վարչական գործից (նշված գործով կայացվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատական ակտ), առկա են նաև թիվ ԿԴ/0641/02/17 քաղաքացիական և թիվ ՎԴ/10849/05/21 վարչական գործերով այդ իրավունքների իրացման առնչությամբ կիրառված հայցի ապահովման միջոցներ։ Ընդ որում, նշված քաղաքացիական և վարչական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցների կապակցությամբ դիմողը զրկված չէ (զրկված չի եղել) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Օրենսգրքով սահմանված գործիքակազմով դրանց վերացման, փոփոխման, փոխարինման կամ ձևափոխման հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից։
Ավելին վերոնշյալ դատական գործերի ուսումնասիրությունից հետևում է, որ այդ գործերը դեռևս գտնվում են համապատասխան դատարաններում քննության փուլում, և առկա չէ որևէ տեղեկատվություն այդ դատական գործերով եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու հիմքով այդ դատական գործերի ավարտի վերաբերյալ։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նաև լիարժեքորեն չի հիմնավորել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պայմանը նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը չի իրացրել քաղաքացիական և վարչական գործերով իր հիմնական իրավունքների իրացման համար խոչընդոտ հանդիսացած որոշումների առնչությամբ դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը որևէ գործնական իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, քանի որ դիմողի կողմից բարձրացված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման հանգեցրել է ոչ թե սույն դիմումով վիճարկվող դրույթին իրավակիրառի կողմից տրված մեկնաբանությունը, այլ որպես այդ իրավունքների իրացման խոչընդոտ արդեն իսկ առկա են եղել այլ քաղաքացիական և վարչական գործերով կիրառված հայցի ապահովման միջոցներ»:
3. 2023 թվականի հունվարի 31-ին ընդունված «Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նույն հոդվածի 1- ին մասի բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում կիրառվող իրավադրույթներում առկա ընդհանրական ձևակերպումներին հստակություն հաղորդելու և այդպիսով իրավական որոշակիության սահմանադրական հրամայականը կենսագործելու խնդրում հիմնարար դերակատարություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ի զորու է համապատասխան իրավանորմերի, տվյալ դեպքում դատական մեկնաբանման միջոցով դրանց հաղորդել անհրաժեշտ որոշակիություն։
Այդ առումով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է առաջնորդվի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը»:
Դատարանների կողմից ներկայացված դիմումների մասով
Դատարանների կողմից ներկայացված դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործի վարույթ 2023 թվականի ընթացքում կարճվել է, որի շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումը.
1. 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունված «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110- րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին ՍԴԱՈ-99 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է. «(...) Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետն ինքնին նախատեսում է գործի քննության ընթացքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն այն դեպքում, երբ գործի վարույթը կարճվում է, ենթակա չէ քննության համապատասխան դատարանում (տվյալ վարույթի/դատավարության շրջանակներում), այն է այն դատարանում, որի վարույթում տվյալ պահին գտնվում է տվյալ գործը, ինչը, սակայն, չի բացառում այդ գործի քննությունն այլ դատարանում (տվյալ պարագայում սնանկության վարույթում պահանջի քննության շրջանակներում, այլ ոչ թե սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ), որի ենթակայությանը վերապահված է տվյալ գործի քննությունը:
Ամփոփելով վերոնշյալը Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու կարգավորումն Օրենքի 38- րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքի լույսի ներքո մեկնաբանելու պայմաններում Դիմողի կողմից չի հիմնավորվում Օրենքի 38-րդ հոդվածում ենթադրյալ օրենսդրական բացի առկայությունը:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները չեն կարող բավարար չափով հիմնավոր համարվել, քանզի Դիմողը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը: Ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման»:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացրած դիմումների մասով
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2023 թվականի ընթացքում 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, մասնավորապես Սահմանադրական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴԱՈ-105 աշխատակարգային որոշմամբ մերժել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը: Սույն աշխատակարգային որոշմամբ գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Դիմողի դատողությունները որևէ կերպ պատճառաբանված չեն, հիմնված են խիստ վերացական ենթադրությունների, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր հակասական մեկնաբանության և կիրառման վրա, որպիսի հանգամանքը Սահմանադրական դատարանին թույլ է տվել արձանագրել, որ Դիմողն առաջնորդվում է իրավակիրառի վիճարկվող դրույթների հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման չհիմնավորված կանխավարկածով, ինչը չի կարող ինքնին ներկայացված ենթադրյալ վեճին սահմանադրաիրավական բովանդակություն հաղորդել:
«Վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ անորոշ իրավական հասկացությունների «(․․․) օգտագործումն օրենսդրի հայեցողության տիրույթում է, իսկ մեկնաբանման միջոցով դրա բովանդակության բացահայտման իրավազորությունը վերապահված է իրավակիրառ մարմինների ու առաջին հերթին եռաստիճան դատական համակարգին» (2022 թ․ սեպտեմբերի 6-ի ՍԴԱՈ-143 աշխատակարգային որոշման 4․2 կետ) Սահմանադրական դատարանը կրկին անգամ ընդգծում է, որ Օրենսդրի հայեցողության տիրույթում է իրավական նորմերը ձևակերպել, այդ թվում նաև անորոշ իրավական հասկացությունների օգտագործմամբ իրավակիրառին տալով, դրա կենսագործման ընթացքում կոնկրետ իրավիճակից և գործի փաստական հանգամանքներից ելնելով, նորմին իրավաչափ բովանդակություն/ մեկնաբանություն հաղորդելու հնարավորություն։ Ըստ այդմ անորոշ իրավական հասկացությամբ պայմանավորված նորմի` ապագայում ձևախեղված հնարավոր մեկնաբանության և կամայական կիրառման վերաբերյալ վերացական ենթադրությունները, ինքնին սահմանադրական վերահսկողության առարկա չեն կարող դառնալ»:
Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու հիմնավոր փաստարկներ, իսկ վերջինիս մտահոգությունները կապված իրավակիրառ պրակտիկայում դրանց հնարավոր հակասահմանադրական մեկնաբանության և կիրառման հետ, կարող են սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ այն պարագայում, երբ իրավակիրառ պրակտիկան իրապես զարգանա Դիմողի կողմից վկայակոչված հակասահմանադրական հունով: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Դիմողի վիճարկվող նորմերի իրավակիրառ պրակտիկայում ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները։
«Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը: Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, ուստի յուրաքանչյուր դեպքում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս բացահայտել վիճարկվող օրինադրույթների
հակասահմանադրականությունը ինչպես իրավական, այնպես էլ մեթոդաբանական ու մեկնաբանողական ճիշտ գործիքակազմի կիրարկմամբ պայմանավորված նաև իրողությամբ առ այն, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, բացառապես հանրային շահով առաջնորդվող Դիմողի շահերից»:
Անհատական դիմումների մասով գործի քննությունը մերժելու վերաբերյալ որոշ դիրքորոշումներ
1. 2023 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված ««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170- րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-135 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին հակասելու վերաբերյալ պնդում, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման փաստը, հետևաբար նաև վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս» վերտառությամբ 242-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է երեք հիմք, երբ գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Դրանք են
1) գրավ դրված գույքը հատուցմամբ օտարելը, 2) գրավ դրված գույքն անհատույց օտարելը, կամ 3) համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելը: «Այսպիսով, օրենսդրի կամքն այս առումով հստակ է, և միայն վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում է գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում իր ուժը»:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարել նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները» վերտառությամբ 170-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար: Այնուամենայնիվ, համաձայն տվյալ դրույթի նշված իրավակարգավորումից բացառություն են կազմում օրենքով սահմանված դեպքերը: Սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածով հստակ սահմանված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը: Դրանցից է նաև նշված հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքը, համաձայն որի սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի հենց 2-րդ մասով է ամրագրված գույքի օտարման գործարքի հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերումը:
Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նույն 172-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմք, այն է բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
«Գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ սույն պարագայում հենց վերոնշյալ սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմքով էլ տեղի է ունեցել սեփականության իրավունքի ձեռքբերումը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին»:
2. 2023 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված «Մավա Իմպուլս» ՍՊԸ դիմումի հիման վրա Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-132 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը սույն կոնկրետ գործի հանգամանքների և
առանձնահատկությունների հաշվառմամբ:
Ավելին, Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սնանկության մասին» ՀՀ օրենքով հստակ տարանջատված են այն դեպքերը, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, և այն դեպքերը, երբ դատավարական ժամկետների հաշվարկում ներառել է նաև ոչ աշխատանքային օրերը: Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, դա հստակ արձանագրել է Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթում աշխատանքային օր» ձևակերպմամբ, և հակառակը տե՛ս, օրինակ, Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասը և 69-րդ հոդվածի 1-ին մասը: Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 1-ին հոդվածին և 3-րդ հոդվածի 3-րդ մասին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք ամրագրված են Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 28, 74, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ապա դրանց բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության լույսի ներքո»:
3. 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Լուսինե Հակոբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-122 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Դիմողի կողմից դիմումում ներկայացված դիրքորոշումները, գտել է, որ վերջինս վիճարկվող դրույթին (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, մասնավորապես դատարանի կողմից, Դիմողի գնահատմամբ, ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանական ծառայությունների համար սահմանված ուղենշային գնացուցակով չառաջնորդվելուն, Դիմողի որպես դատական ծախս դատարանի կողմից սահմանված` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի հետ անհամաձայնությանը:
«Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»:
4. 2023 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-80 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանադիրն իրավունք է շնորհել յուրաքանչյուրին կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, վիճարկել այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրաիրավական սույն կարգավորումն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրը հստակեցրել է սույն իրավակարգավորման բովանդակությունը սահմանելով, որ սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման համատեքստում: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտել է, որ
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սահմանադրաիրավական իմաստով «յուրաքանչյուր ոք» հասկացության ներքո համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիտարկելիս սահմանադիրը նկատի չի ունեցել հանրային իրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտների հանրային գործառույթներ իրականացնելու համատեքստում ծագող հարցերի Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու իրավունքը հաշվի առնելով, որ այս կապակցությամբ սահմանադիրը յուրաքանչյուրի սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը պայմանավորել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտմամբ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով»:
5. 2023 թվականի հուլիսի 4-ին ընդունված Ալեքսեյ Սուքոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-79 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(...) Սահմանադրական դատարանի գնահատմամբ Դիմողի սույն դիմումի շրջանակում ներկայացրած հիմնավորումներն առավելապես հանգում են վիճարկվող դրույթների Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին, Սահմանադրության 162-րդ հոդվածով սահմանված միայն դատարանների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված դատավորի կարգավիճակին վերաբերող դրույթներին հակասությանը: Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 4-րդ հոդվածով երաշխավորված իշխանությունների բաժանման և հավասարակշռման և Սահմանադրության 6-րդ հոդվածով երաշխավորված օրինականության սկզբունքներին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ սկզբունքներն ամրագրված են Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Դիմողն իր դիմումի խնդրամասում չի նշել, սակայն հիմնավորումների հատվածում նաև անդրադարձել է վիճարկվող դրույթների Սահմանադրության 162 և 164-րդ հոդվածներին հակասությանը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ներկայում պաշտոնավարող դատավորները Սահմանադրական դատարանին ներկայացվող անհատական դիմումների շրջանակում հանդես են գալիս որպես ֆիզիկական անձ, հետևաբար կաշկանդված են Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իրենց որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման հարց բարձրացնելու պահանջով: Ուստի անհատական դիմումների շրջանակում չեն կարող բարձրացվել և քննարկման առարկա դառնալ Սահմանադրության 162 և 164-րդ հոդվածներով սահմանված արդարադատության իրականացմանը և դատավորի կարգավիճակին, այդ թվում անկախությանը վերաբերող հարցեր»:
6. 2023 թվականի հունիսի 27-ին ընդունված Թեղուտ» ՓԲԸ դիմումի հիման վրա` «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման ուժը կորցրել է 2018 թվականի հունիսի 23-ին հավելվածի 9- րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-73 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է վարչական դատարան դիմելու յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքը պետական մարմնի նորմատիվ իրավական ակտի դրա որևէ դրույթի դրա համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու նպատակով:
Այսինքն տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ Դիմողն իրավասու էր դիմելու վարչական դատարան «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9- րդ կետի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանությունը վիճարկելու նպատակով, քանի որ վերջինիս կողմից սույն անհատական դիմումով բարձրացված հարցը հանգում է հենց դրան: Այնուամենայնիվ, այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարել ընդգծել, որ սույն անհատական դիմումի, ինչպես նաև դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Դիմողը վերոնշյալ հարցով չի դիմել վարչական դատարան և չի օգտվել իր տվյալ իրավունքից վկայակոչված չէ հակառակը հավաստող որևէ փաստ: Մինչդեռ Դիմողի կողմից բարձրացված հարցը վերաբերում է հենց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթի օրենքին, մասնավորապես «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորող նորմին, համապատասխանությանը:
«Այսպիսով, ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Դիմողը, սույն անհատական դիմումի շրջանակում ձևականորեն վիճարկելով «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխանության հարց, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից»:
Դատարանների կողմից ներկայացված դիմումների մասով
Դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներով 2023 թվականի ընթացքում մերժվել է 4 դիմումի քննություն: Ընդունված աշխատակարգային որոշումների շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես
1. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-109 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքներով արձանագրել է, որ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների Սահմանադրության 29, 75, 79 և 81- րդ հոդվածներին ենթադրյալ հակասության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելով չմատնանշելով Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ իրավունք կամ ազատություն, որպիսին չեն կարող հանդիսանալ Դիմողի կողմից հիշատակված խտրականության արգելքի, հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման կառուցակարգերի և ընթացակարգերի, որոշակիության սկզբունքի և հիմնական իրավունքների ու ազատությունների միջազգային իրավական պրակտիկայի վերաբերյալ սահմանադրաիրավական դրույթները: Ավելին, Դիմողի վերոնշյալ որոշման եզրափակիչ մասում չեն մատնանշվել/որոշակիացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սույն դիմումով վիճարկվող կոնկրետ դրույթները («1. Թիվ ՍԴ/0124/01/23 քրեական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»):
Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողի կողմից մեկնաբանության միջոցով օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին բավարար հիմնավորումներ չներկայացնելը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառման։
2. 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունված «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության, 311-րդ հոդվածի 1-ին մասի «սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ» բառակապակցության և փոխկապակցված 273 և 278-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-103 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանված են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր կանոնները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանի համար: Նույն գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը:
Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ քննության առարկա դիմումը չի բավարարում սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը. մասնավորապես ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշումը կայացրել է 2023 թվականի հուլիսի 10-ին, մինչդեռ նշված որոշումը Դատական դեպարտամենտից Սահմանադրական դատարան է առաքվել 2023 թվականի հուլիսի 18-ին և նույն օրը մուտքագրվել Սահմանադրական դատարան: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը և, հետևաբար հիշյալ ժամկետից դուրս իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:
3. 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունված «Հայաստանի
Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (ուժը կորցրած է ճանաչվել 2023 թվականի հուլիսի 31-ին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ բոլոր դեպքերում, այդ թվում դատավարության համապատասխան մասնակիցների միջնորդությունների բավարարման արդյունքում, սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները, այլ ոչ թե սահմանափակվեն համապատասխան միջնորդություն ներկայացնող սուբյեկտի հիմնավորումներով: Հակառակ պարագայում ստացվում է, որ դատարանը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը, քանզի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, ըստ էության, բովանդակում է կոնկրետ գործի համապատասխան մասնակցի վիճարկվող դրույթի
սահմանադրականության վերաբերյալ պատճառաբանություններն ու գնահատականը, այլ ոչ թե դատարանի»:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերելի են վիճարկվող դրույթի Հայաստանի Հանրապետության վավերացրած համապատասխան միջազգային պայմանագրերին ենթադրյալ հակասությանը: Այդ առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական վերահսկողության շրջանակներից դուրս է օրենքի դրույթների միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանության հարցի ստուգումը: Ավելին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ապա «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետք է կիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի` Դիմողը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնել անմիջականորեն կիրառելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի դրույթները, որոնց ենթադրաբար հակասում է վերջինիս կողմից վիճարկվող օրենքի դրույթը:
4. 2023 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-36 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողի հարցադրումները (նկատի առնելով կոնկրետ գործի հանգամանքները), մի կողմից ընդհանրական են, հավակնում են վերացական սահմանադրական վերահսկողության առարկա դառնալուն, մյուս կողմից Դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վիճարկվող դրույթի (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն) կիրառման միջոցով հնարավոր լինելու» վերաբերյալ պայմանը:
Դիմողի կողմից բարձրացված ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերջնական լինելու պայմաններում անձի ոչ օրինական կազմով գործի քննության հանգամանքով պայմանավորված նշված դատական ակտերի պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման և, ըստ այդմ, վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքի հնարավոր սահմանափակման հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թ. ապրիլի 14-ի ԲԴԽ-20-Ո-Կ-4 որոշմամբ Արդարադատության նախարարի միջնորդությունը` Վարչական դատարանի դատավոր Դ. Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժվել է: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Է. Մարուքյանի կողմից 2021 թ. դեկտեմբերի 24-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարել անդրադառնալ նաև այն հարցադրմանը, թե արդյո՞ք թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ: Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ դատավորի կողմից թույլ չի տրվել դատավարական նորմի խախտում, ինչը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելիս Դիմողը չի պահպանել Սահմանադրության 169- րդ հոդվածի 4-րդ մասի և սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, հետևաբար Դիմողը տվյալ հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան»:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
