ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2020թ. ՍԴԴԿՈ - 45 | ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2020 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
նախագահությամբ դատավոր Ա. Թունյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Ռաֆիկ Խաչատրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռաֆիկ Խաչատրյանը 2020 թվականի հուլիսի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվել փոստային եղանակով 2020 թվականի հուլիսի 14-ին)` խնդրելով. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր «անհարգելի» եզրույթի իրավական պետության իրավական որոշակիության, կանխատեսելիության և կամայականությունների արգելքի պահանջներին հակասելու հիմնավորմամբ կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը դիմողի հանձինս իմ նկատմամբ, սխալ է մեկնաբանվել և կիրառվել (հնարավորություն ընձեռնել վերանայել որպես նոր հանգամանք և հասնել դրա արդարացի լուծմանը, ինչը կարևոր նշանակություն ունի իմ աշխատանքային իրավունքի և ընտանիքի պաշտպանության համար)»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 25-ը ներառյալ:
2. Դիմողը գտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «անհարգելի» եզրույթը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 32-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ նշված դրույթներն անորոշ են և հստակ չեն, ինչի արդյունքում գործատուների համար ստեղծվում է կամայականությունների իրացման հնարավորություն, և խախտվում են աշխատողների իրավունքները: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմին իրավակիրառական պրակտիկայում տրված տարաբնույթ, կամայական մեկնաբանություններն աշխատողներին հնարավորություն չեն տալիս իրականացնել Սահմանադրությամբ վերապահված աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը դրանով իսկ խախտելով Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը, աշխատանքից անհիմն ազատելու դեպքում դատական պաշտպանության իրավունքը և ընտանիքի պաշտպանությունը»: Ըստ դիմողի գործատուի կողմից չեն պահպանվել Աշխատանքային օրենսգրքի 7-րդ գլխով նախատեսված գործընկերության կանոնները, մասնավորապես նույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված իրատեսականության պահանջը, և նախատեսված «անհարգելի» եզրույթը մեկնաբանվել է կամայականորեն: Դիմողն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը 3 անգամ, պարբերաբար, չպատճառաբանված, չհիմնավորված ձևով, կամայականորեն իրացնելով իրեն վերապահված իրավունքներն ու չկատարելով իր պարտականությունները խաթարել է իր դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, արդյունավետ միջոցի իրավունքը անհնարին դարձնելով արդարադատության իրացումն ու ճշմարտության բացահայտումը:
3. Ելնելով դիմումի և դրան կից դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու համար օրենսդրորեն նախատեսված ժամկետները: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը հանգեցնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կոնկրետ իրավական գործընթացների, որոնք պայմանավորված են դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, … երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Դիմումին կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունից պարզվում է, որ Վճռաբեկ դատարանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ դիմողը սույն գործով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումն ստորագրել և Սահմանադրական դատարանին փոստով ուղարկել է 2020 թվականի հուլիսի 14-ին, այսինքն Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետից դուրս, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռաֆիկ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
25 օգոստոսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
