«ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 67 | «ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 դեկտեմբեր 2025 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով «ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արգիշտի Մեսրոպյան, Միքայել Դանիելյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 27-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այդ թվում նաև՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ հոդվածի և 387-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին»։
2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) նախատեսված չէ առաջին ատյանի դատարանի կայացրած՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն, սակայն ըստ Դիմողի՝ վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում։ Միաժամանակ Դիմողն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում բացառվում է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի հարուցումը, այսինքն՝ անձն այլևս զրկվում է նույն հարցով դատարան կրկին դիմելու և ըստ այդմ՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներն իրացնելու հնարավորությունից։
Բացի դրանից, Դիմողը նշում է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած միջանկյալ դատական ակտը որևէ այլ եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակում «հետաձգված բողոքարկման» կարգով բողոքարկել Վճռաբեկ դատարան, և հայցադիմումի ընդունումը մերժելու օրինականության հարցը բարձրացնել նաև վերադաս ատյանում։
Ըստ Դիմողի՝ վերոնշյալ սահմանադրական իրավունքների չխախտման համար անհրաժեշտ է սահմանել այդ հարցի վերաբերյալ եռաստիճան դատական համակարգով քննության համապատասխան կառուցակարգեր, ինչպես օրինակ՝ Օրենսգրքով սահմանված է գործի վարույթը կարճելու մասին որոշման համար, և ինչպես օրինակ՝ նախատեսված է գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքում` հենց հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման համար։
Դիմողը գտնում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ խնդրո առարկա որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորության համար անհրաժեշտ կառուցակարգեր նախատեսված չլինելը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, քանի որ հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում բացառվում է դատարանի մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միևնույն ժամանակ Սահմանադրության հենց վերոգրյալ հոդվածներով է երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը՝ դատական ակտի բողոքարկման իրավունքը: Մինչդեռ համազոր այլ իրավիճակներում, երբ խոսքը նույն հիմքով գործի վարույթը կարճելու, ոչ թե հայցի ընդունումը մերժելու մասին է, անձն այդպիսի իրավունքով և փաստացի հնարավորությամբ օժտված է, սակայն նման տարբերակման համար օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգիրքը, այդ թվում նաև՝ դրա 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 126 և 387-րդ հոդվածները չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, ինչպես նաև դրանց իրացման սկզբունքներ, երաշխիքներ ու օժանդակ պահանջներ սահմանող 75, 78 և 80-րդ հոդվածներին այնքանով, որքանով չեն սահմանում առաջին ատյանի դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավական հնարավորություն (իրավունք)։
Միաժամանակ Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ սնանկ ճանաչվելու արդյունքում իրեն պատկանող գույքն ու դրամական միջոցներն արգելադրվել են, արդյունքում՝ վերջինս զրկվել է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ՝ պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Համանման կարգավորում է նախատեսում նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։
Այսինքն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում, ի թիվս այլնի, գործում է կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ անձի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որն իրացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Սահմանադրականը դատարանը, 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ անդրադառնալով կոնկրետ սահմանադրական վերահսկողության ինստիտուտին, նշել է, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը, մասնավորապես, բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն իր հերթին 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ վերահսկողություն, ինչը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականությունն առնչվում է դատաքննության առարկա դարձած այս կամ այն կոնկրետ գործին: Ի վերջո Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության ինստիտուտի՝ դիմողի համար վերջնական և հիմնական հետևանքը դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայումն է։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանում կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունն իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության գնահատման միջոցով կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործի շրջանակում։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ ենթադրյալ սահմանադրականության վերաբերյալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործով դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց։ Ավելին՝ դիմողն իր հերթին կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ իր հիմնավորումները պետք է փորձի կառուցել կոնկրետ գործով փաստական հանգամանքների հիման վրա։
Ի տարբերություն կոնկրետ սահմանադրական վերահսկողության՝ վերացական վերահսկողության պարագայում սահմանադրական արդարադատությունն իրականացվում է անորոշ հանգամանքներով պայմանավորված իրավահարաբերությունների նկատմամբ, որպիսի դեպքում ստուգվում է դիմողի կողմից վիճարկվող նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը` անկախ կոնկրետ դեպքում տվյալ նորմերի կիրառման հանգամանքի։
Բացի վերոնշյալից, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու պայմաններից մեկը վիճարկվող դրույթի՝ դիմողի նկատմամբ կիրառված լինելն է։
Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Միաժամանակ, Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…):
Տվյալ դեպքում թիվ ԵԴ2/9619/02/25 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածը (բացառությամբ նշված հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի) Դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի պայմաններում Դիմողը նշված դրույթի սահմանադրականության հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:
Բացի դրանից, դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողն անորոշ կերպով վիճարկում է նաև ողջ Օրենսգիրքը՝ սահմանափակվելով իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ։ Մինչդեռ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով չի հիմնավորել ողջ Օրենսգրքի ենթադրյալ հակասահմանադրականությունը, Օրենսգրքի և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, որպիսի պայմաններում սույն անհատական դիմումն այդ մասով ակնհայտ անհիմն է։
Ինչ վերաբերում է վիճարկվող մյուս դրույթների ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներին, որ նույն հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում անձը զրկված չէ այդ որոշման բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքից, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Օրենսգրքի համապատասխան հոդվածների ուսումնասիրությունից հետևում է, որ գործի վարույթը կարճելու հիմքերի շարքում առկա չէ այնպիսի հիմք, որը վերաբերում է հայցադիմում ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացնելուն (որպիսի հիմք նախատեսվել է հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում, և որպիսի դրույթն էլ հիմք է հանդիսացել Դիմողի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումն առաջին ատյանի դատարանի կողմից մերժելու համար): Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի նկատմամբ կիրառված դրույթների ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումները համատեղելի չեն սույն դիմումով քննության առարկա գործի փաստերի բովանդակային ծավալի հետ։ Նման պայմաններում դիմումը՝ Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետի և 387-րդ հոդվածի մասով ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն է։
Բացի դրանից, Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետի և 387-րդ հոդվածի մասով Դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հիմնավորումները ներկայացվել են նաև սույն դիմումով քննության առարկա գործի փաստերից վերացարկված, որպիսի պարագայում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հարցը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ սահմանադրական վերահսկողության, այլ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի սահմաններից, ուստի՝ վերջինս նշված դրույթների սահմանադրականության հարցով ներկայացրած պատճառաբանություններով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի հիմքով։
Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, անհատական դիմումին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ, ներկայացրել է միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։ Վերջինս միջնորդությունը հիմնավորել է այն փաստարկով, որ սնանկ ճանաչվելու արդյունքում իրեն պատկանող գույքն ու դրամական միջոցներն արգելադրվել են, արդյունքում՝ վերջինս զրկվել է իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու, ներառյալ՝ պետական տուրքի գումար վճարելու իրավունքից և հնարավորությունից։
Սահմանադրական դատարանի դատական կազմը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման պատճառաբանություններով Դիմողի դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՖԻՇԿՈ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
9 դեկտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-67
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-67
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
