«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 386-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 387-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-145)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 145 | «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 386-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 387-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 386-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 387-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի, 387-րդ հոդվածի 1-ին մասի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արամ Մանուկյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.
«(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի. «Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված և դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում:», 3-րդ մասի «Որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել» դրույթը, 387-րդ հոդվածի 1-ին մասի «Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո» դրույթը և 391-րդ հոդվածի 1-ին մասի «Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը ...» դրույթները և/կամ դրանցում առկա օրենսդրական բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի երաշխավորվում արդյունավետ կառուցակարգ դատարանի իրավունքի, արդար դատաքննության իրավունքի պիտանի, պատշաճ և իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքներին համապատասխան:
(...) Կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով և 391-րդ հոդվածի 1-ին մասով սահմանած կարգավորումներին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել հակասող ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավորություն են ընձեռում կիրառելու այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հնարավոր է նվազեցնել շահագրգիռ անձի կամքից անկախ պատճառներով, խնդիրներով պայմանավորված»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/5882/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ օրենսդիրը պատշաճ և որոշակիորեն չի երաշխավորել դատարանի իրավունքը, տվյալ պարագայում՝ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը: Դիմողի պնդմամբ՝ օրենքով սահմանված կարգավորումները չեն երաշխավորում վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար սահմանված մեկամսյա ժամկետը, քանի որ դատական ակտը հրապարակվելուց հետո այն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով անմիջապես չի տրամադրվում, ավելին՝ կարող է օրեր անց միայն հասնել հասցեատիրոջը: Դիմողը գտնում է, որ հասցեատիրոջը դատական ակտի հասնելու ժամկետը հնարավոր չէ կանխատեսել կամ հաշվարկել, քանի որ դա իր հերթին կախված է տարբեր ծառայությունների (դատարանի գրասենյակ, փոստային ծառայություն) աշխատանքի արագությունից և ժամկետներից: Հետևաբար, ըստ Դիմողի, նաև խնդրո առարկա իրավակարգավորման շրջանակում անորոշ է մնում, թե կոնկրետ քանի օր կունենա անձը դատական ակտը ստանալուց հետո բողոքարկելու համար:
Դիմողը փաստում է, որ վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետը չպետք է որևէ կերպ նվազեցվի՝ կախված անորոշ և անկանխատեսելի հանգամանքներից, որոնք անկախ են բողոք բերողի կամքից, այլ պետք է սահմանվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բողոքարկման մեկամսյա ժամկետը տվյալ դատական ակտը ստանալու պահից:
Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է իրավական անորոշություն, որն ուղիղ հակոտնյա է իրավական որոշակիության սկզբունքին, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը կանգնում է խնդրո առարկա իրավական նորմի կարգավորումները տարբեր բովանդակությամբ մեկնաբանելու և կիրառելու խնդրի առաջ:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմի ոչ լիարժեքության և ոչ որոշակի լինելու հետևանքով ստեղծվում է իրավական որոշակիության և իրավական նորմի միատեսակ կիրառման հետ կապված խնդիր, մասնավորապես, այն հանգեցնում է Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածների խախտման:
Դիմողը եզրահանգում է, որ իր նկատմամբ կիրառված դրույթները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերը, 387-րդ հոդվածի 1-ին մասը և 391-րդ հոդվածի 1-ին մասը, հակասում են Սահմանադրության 1-ին, 3, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին՝ այնքանով, որքանով դրանցով հաշվի չեն առնվում դատական ակտը կողմին հասանելի դարձնելու և դրա մատչելիությունն ապահովելու հանգամանքները:
3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ/5882/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3․1․ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերոգրյալ դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով, 387-րդ հոդվածի 1-ին մասով և 391-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց: Մինչդեռ, դիմումի և թիվ ԵԴ/5882/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 1-ին, 3, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, չի հիմնավորել վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականությունը:
Այսինքն՝ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով, 387-րդ հոդվածի 1-ին մասով և 391-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:
Այս առումով կարևոր է հստակ արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից բարձրացված այն հարցին, որ «(...) Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բողոքարկելու համար սահմանվել է դատական ակտի հրապարակման պահից հետո մեկ ամիս ժամկետ, միևնույն ժամանակ սահմանվել մեկօրյա ժամկետ՝ որոշումը գործին մասնակցող անձին ուղարկելու համար՝ հաշվի չառնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման իրական հնարավորությունները (այն տեսանկյունից, որ որևէ կերպ կանխատեսելի և որոշակի չէ, թե դատական ակտը երբ կհանձնվի հասցեատիրոջը)» (ընդգծումը՝ Դիմողի), ապա այդ կապակցությամբ հարկ է ընդգծել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսել է համապատասխան ընթացակարգ՝ ուղղված այն բոլոր դեպքերում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների պատշաճ երաշխավորմանը, երբ տվյալ անձն իր կամքից անկախ հանգամանքներում, հիմնավոր պատճառաբանությամբ բաց է թողնում օրենքով հստակ սահմանված դատավարական ժամկետը: Այս առումով օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն՝ որպես անձի վերոնշյալ հիմնական իրավունքների պատշաճ ապահովման երաշխիք: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը» վերտառությամբ 119-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
2. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում:
4. Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
5. Օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Միաժամանակ, Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների կապակցությամբ հարկ է փաստել, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում:
Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
3․2․ Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց՝ այն համատեքստում, որ տվյալ դրույթով սահմանված իրավակարգավորմամբ պատշաճ կերպով և որոշակիորեն չի երաշխավորվում վճռաբեկ բողոք բերելու իրավունքը: Մասնավորապես, ըստ Դիմողի՝ խնդրո առարկա իրավակարգավորմամբ չի երաշխավորվում վերաքննիչ դատարանի որոշման բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը, քանի որ դատական ակտը հրապարակվելուց հետո այն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով անմիջապես չի տրամադրվում, ավելին՝ կարող է օրեր անց միայն հասնել հասցեատիրոջը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 2-ի ՍԴՈ-1575 որոշումը: Տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում:
Ավելին, Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) Օրենսգրքով վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ է դիտարկվում դատական ակտի հրապարակման պահը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է. «(…) Օրենսգրքին համապատասխան՝ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգը, նպատակամղված լինելով նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական վարույթի հրապարակայնության, դատական ակտի՝ ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովմանը, այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի բացառում դատական ակտի թղթային տարբերակը դատական ակտի բողոքարկման՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի կեսերին կամ ավարտին կամ ժամկետից հետո գործին մասնակցող անձին հասանելիության հնարավորությունն, անգամ այն պայմաններում, երբ Օրենսգրքով դատարանի՝ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, սահմանված է նաև դատարանի՝ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (…)»:
Վերոշարադրյալից բխում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությանն առնչվող հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 2-ի ՍԴՈ-1575 որոշումը, որը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի մասով, ենթակա է մերժման նաև՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արամ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի, 387-րդ հոդվածի 1-ին մասի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
24 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-145
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-145
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
