Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1918 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 ապրիլի 2025թ. ՍԴԴԿՈ - 19 | ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 ապրիլի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Կարեն Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարեն Սարգսյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սարգսյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 4-ին), խնդրել է հետևյալը.

«(...)

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով որքանով հնարավորություն է տալիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքով կամ փաստով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 29-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ըստ Դիմողի՝ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից։ Գործի վերաքննության փուլում այս սկզբունքը պարտավորեցնում է վերաքննիչ դատարանին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար, սակայն չի լիազորում դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։

Դիմողը նշում է, որ ի հակադրումն վերոնշյալի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 144-րդ հոդվածը չի ապահովում կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների իրագործումը, քանի որ վերաքննիչ վարչական դատարանին հնարավորություն է տալիս ի օգուտ բողոքաբերի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը և վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքի կամ փաստի հիման վրա կայացնել համապատասխան դատական ակտ, որը մյուս կողմի համար ստեղծում է անբարենպաստ վիճակ: Ավելին՝ Դիմողի պնդմամբ՝ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից ի օգուտ վարչական մարմնի դուրս գալու պարագայում իմաստազրկվում է նաև Օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, քանի որ, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու փոխարեն, դրանք դառնում են էլ առավել՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դնելով ծայրահեղ անբարենպաստ վիճակում և նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը դարձնելով անհնարին:

Ըստ Դիմողի՝ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը Վերաքննիչ վարչական դատարանին օժտել է չարդարացված լայն հայեցողական լիազորությամբ, այն է՝ ինքնուրույն որոշել՝ բողոքը քննել դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում, թե՞ դուրս գալ դրանց սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքով կամ փաստով:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը, օգտվելով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռված հնարավորությունից, ոչ միայն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և կայացրել է դատական ակտ՝ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքերով ու փաստերով, այլև նույնիսկ այդ հիմքերն ու փաստերը դատական նիստում քննության առարկա չի դարձրել՝ հայցվորին զրկելով դրանց վերաբերյալ դիրքորոշում, առաջարկներ, առարկություններ ու փաստարկներ ներկայացնելու իրավունքից և հնարավորությունից։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը խախտում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ կողմերի իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքները, ինչպես նաև խտրականության արգելքի սկզբունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և Սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Դիմողի ներկայացրած հիմնավորումները վերաբերում են Վերաքննիչ վարչական դատարանի կողմից սույն դիմումի հարուցման հիմք հանդիսացող թիվ ՎԴ/8944/05/21 վարչական գործի քննության սահմաններին, և ըստ այդմ՝ դրա արդյունքում Վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2024 թվականի մայիսի 24-ին կայացված որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի առնչությամբ, ի թիվս այլնի, նշել է հետևյալը.

- «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը հնարավորություն է տալիս վերաքննիչ վարչական դատարանին դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված հիմքով և չվիճարկված փաստերով»:

- «Վերաքննիչ դատարանը, օգտվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռած հնարավորությունից, ոչ միայն դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և կայացրել է դատական ակտ վերաքննիչ բողոքում չվիճարկված հիմքերով ու փաստերով, այլ նույնիսկ այդ հիմքերն ու փաստերը դատական նիստում քննության առարկա չի դարձրել՝ Հայցվոր կողմին զրկելով դրանց վերաբերյալ դիրքորոշում, առաջարկներ, առարկություններ ու փաստարկներ ներկայացնելու իրավունքից և հնարավորությունից»։

Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն ըստ էության վիճարկում է Վերաքննիչ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/8944/05/21 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտի և Վերաքննիչ վարչական դատարանի գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարեն Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

18 ապրիլի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել