Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՋԵՄՄԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՋԵՄՄԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15911 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-159)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 159 | «ՋԵՄՄԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՋԵՄՄԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ջեմմա Միրզոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 389-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 13-ին) Ջեմմա Միրզոյանի (այսուհետ` Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Արթուր Մարգարյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1“1 մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածը, որոնք չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրած բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերադաս ատյանում բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0042/11/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ, տվյալ գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնվելով, խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:

Միևնույն ժամանակ Դիմողը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշման՝ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու անհնարինությունը խախտում է իր՝ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նման կարգի չնախատեսումն անտրամաբանական է և չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից:

Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բողոքն առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կարող է վերադարձնել կամայական և անհիմն ցանկացած կերպով, որի դեմ արդյունավետ դատական պաշտպանության մեխանիզմ՝ բողոքարկման տեսքով, սահմանված չէ: Դիմողը նաև բարձրացնում է իրավական հարցադրում առ այն, թե կոնկրետ սույն դեպքում բողոքաբերն ինչու՞ պետք է ներկայացնի բողոքարկվող վարութային ակտը, եթե նման պահանջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված չէ:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթները չեն նախատեսում արդյունավետ դատական պաշտպանության մեխանիզմներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բողոքն առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն չնախատեսելով:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԵԴ1/0042/11/25 գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի՝ «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2025 թվականի ապրիլի 7-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԵԴ1/0042/11/25 գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 7-ին՝ հարկ է արձանագրել, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2025 թվականի ապրիլի 8-ից:

Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 8-ին: Մինչդեռ, Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հոկտեմբերի 14-ին (փոստային ծառայությանն է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 13-ին): Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:

Ուստի` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ջեմմա Միրզոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1.1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 389-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-159

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-159
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել