Հ.Հ.Պ. — ԵԿԴ/0136/11/14
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը · Հոդված 408. Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ նաև ԼՂՀ) գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ ******** քրեական գործը՝ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության մեկուսարանի կալանավոր Հ.Ա.Մ.-ի ինքնասպանության դեպքի առթիվ։ Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ, քրեական գործի մասը՝ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների ու դատապարտյալների նկատմամբ, կարճվե
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0136/11/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Պետրոսյան
5 դեկտեմբերի 2025 թվական ք. Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Գ․ՔՈԼՈԶՅԱՆԻ
Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ՝ Ն.ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով Հ.Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ն.Տեր-Մովսիսյանի և Ա.Չատինյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ նաև ԼՂՀ) գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ ******** քրեական գործը՝ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության մեկուսարանի կալանավոր Հ.Ա.Մ.-ի ինքնասպանության դեպքի առթիվ։ Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ, քրեական գործի մասը՝ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների ու դատապարտյալների նկատմամբ, կարճվել է՝ նրանց արարքում ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 111-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ 2013 թվականի մարտի 19-ին որոշում է կայացվել քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 2013 թվականի մարտի 28-ին, քրեական գործը վարույթ է ընդունվել։ Նույն օրը քրեական գործի նյութերով հարուցվել է նոր՝ թիվ ******** քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Հ.Մ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության ենթադրյալ դեպքի առթիվ, և թիվ ******** քրեական գործը միացվել է ******** քրեական գործին։ Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի՝ 2014 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալյանի ներկայացրած բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ բողոքաբերներ Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալյանի բողոքը՝ նախաքննության մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու և գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, ամբողջությամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Հ.Պ.-ի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ մերժվել է։
5. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), 2025 թվականի հունվարի 9-ին, Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ։
6. Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ն.Տեր-Մովսիսյանը և Ա.Չատինյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2025 թվականի հունվարի 9-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է բողոքի քննության բանավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքաբերները, վկայակոչելով Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող՝ կյանքի իրավունքի դատաիրավական և նյութաիրավական խախտումները, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումը, գտել են, որ կայացված վճիռը հիմք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործը ՀՀ իրավասու մարմնում վերանայելու համար։ Արդյունքում, բողոքաբերները խնդրել են հարուցել բացառիկ վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի և Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում։ Բացառիկ վերանայման բողոքի վերաբերյալ դիրքորոշում.
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացված բացառիկ վերանայման բողոքի վերաբերյալ դիրքորոշման մեջ նշել է, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ վճռի կատարման շրջանակներում վերաբացված քննության դեպքում հնարավոր չէ վերացնել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ ազգային արխիվից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերաբերելի քրեական գործի նյութերը ոչնչացվել են, իսկ Հ.Մ.-ի մահվան վայրը (դեպքի վայրը) չի գտնվում Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտով արձանագրել է հետևյալը «(...) Բողոքաբերի պատճառաբանություններն այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել բոլոր միջոցները` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, նախաքննության ընթացքում չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ` անհիմն են։ (...) Հ.Մ.-ի մահը վեցից յոթ րոպեների ընթացքում սավանի միջոցով կախվելու հետևանքով առաջանալու, զարկերակային ճնշում ունենալու դեպքում Հ.Մ.-ին արհեստական շնչառություն և սրտի մերսում կատարելու անհրաժեշտություն լինելու, Հ.Մ.-ի մահը սխալ արհեստական շնչառություն տալու արդյունքում վրա հասնելու, ինչպես նաև բժշկական միջամտության արդյունքում Հ.Մ.-ի` կենդանի մնալու հավանականության վերաբերյալ հանգամանքները նախաքննության ընթացքում չպարզելու` բողոքաբերի պատճառաբանությունները նույնպես նախաքննությամբ հերքվել են։ Պարզվել է, որ Հ.Մ.-ն համաձայն չի եղել իր վերաբերյալ կայացված դատավճռի հետ, դժգոհություններ է հայտնել զինվորական կոմիսարից, դատավորից և դատախազից` իրեն անօրեն դատապարտելու համար, պատճառաբանել է, որ ինքն ազատված է զինվորական ծառայությունից և ունի զինվորական գրքույկ։ Նրան խորհուրդ է տրվել դատավճռի դեմ ներկայացնել վերաքննիչ բողոք, որին համաձայնվել է։ 2012թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2012թ. նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Հ.Մ.-ը գտնվելով կալանքի տակ` որևէ խախտում թույլ չի տվել, բուժօգնության չի դիմել, առողջության հետ կապված դժգոհություններ չի հայտնել, մեկուսարանում գտնվող կալանավորների հետ քիչ է շփվել, նրա նկատմամբ կոնկրետ հսկողություն չի սահմանվել։ Մեկուսարանի աշխատակիցների և կալանավորների կողմից նրա նկատմամբ ճնշում չի եղել, բռնություն չի գործադրվել։ Հ.Մ.-ն իրեն մեկուսացված է պահել։ 2012թ. նոյեմբերի 27-ին, քնի ազդանշանից հետո, ժամը 21։30-ի սահմաններում` Հ.Մ.-ը, իսկ ժամը 22։00-ին` մյուս կալանավորները պառկել են քնելու։ Քննչական մեկուսարանի 1-ին և 2-րդ հարկերի հերթապահությունն իրականացնող Մ.Գ.-ն իր պարտականությունները կատարելիս շրջագայել է քննչական մեկուսարանի միջանցքով ութից մինչև տասնհինգերորդ խցերը, հինգից տաս րոպեն մեկ անգամ նայել է յուրաքանչյուր խցի դիտանցքից, սակայն արտառոց դեպք չի նկատել։ Նույն գիշերը, ժամը 00։50-ից 01։00-ի սահմաններում Հ.Մ.-ն ինքնասպանություն է գործել` ճաղավանդակից սավանով կախվելու եղանակով։ Բողոքում նշված պատճառաբանությունները հերքվել են նաև դեպքի վայրի, դիակի, իրեղեն ապացույցների, անձնական գործի զննության արձանագրություններով, կրկնակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1077/19/կ եզրակացությունով, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննված քրեական գործով ձեռք բերված և հետազոտված, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված այլ փաստաթղթերով և ապացույցներով։ Նախաքննության ընթացքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել որևէ անձի կողմից Հ.Մ.-ի նկատմամբ սպառնալիք, դաժան վերաբերմունք, գործադրելու կամ նրա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով նրան ինքնասպանության հասցնելու կամ դրան հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով Հ.Մ.-ի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականության հակելու վերաբերյալ, ինչպես նաև չի պարզվել Հ.Մ.-ի վերաբերյալ քրեական գործով նախաքննության, դրա նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատաքննության ընթացքում վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց գործառույթների իրականացման կապակցությամբ նրանց կողմից պաշտոնեական անփութության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված կամ որևէ այլ հանցագործության դեպք, ուստի պատճառաբանված որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին` դեպքի բացակայության հիմքով։ Որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերների` համամիտ չլինելը կամ բողոքաբերների կարծիքը` վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ քննություն չկատարելու, մի շարք հարցեր քննության առարկա չդարձնելու, ոչ օբյեկտիվ, անհիմն և չպատճառաբանված որոշում կայացնելու մասին, բավարար չէ` քննիչի վիճելի որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու համար։ Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշումը կայացվել է օրենքին համապատասխան, անձի իրավունքների կամ ազատությունների` խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել` դատարանը գտնում է, որ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման (...)»[1]: 10․ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(...) Այն, որ Հ.Ա.Մ.-ի նկատմամբ ԼՂՀ քննչական մեկուսարանի թիվ 8 խցում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ ԼՂՀ Ոստիկանության քրեակատարողական վարչության աշխատակիցների, քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների նկատմամբ որևէ բռնություն, սպառնալիք, դաժան կամ այլ վերաբերմունք չի եղել, ԼՂՀ վարույթն իրականացնող մարմինը հիմնավորված է համարել 2012թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով. մասնավորապես վկաներ[ի] (...) ցուցմունքներով, դատաբժշկական կրկնակի փորձաքննության թիվ 1077/19/Կ եզրակացությամբ, դատաքիմիական ուսումնասիրության արդյունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, Հ.Մ.-ի դիակի զննությամբ, ԼՂՀ Ոստիկանության Ներքին Անվտանգության Ծառայության կողմից նշված փաստով տարված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությամբ: (...)
Քրեական գործով կատարված նախաքննությամբ հարցաքննվել են Հ.Մ.-ի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարած անձինք, այդ գործով նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացրած դատախազը, դատավորը, ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական և ՀՀ ԱՆ միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև Հ.Մ.-ի ծնողները, կատարվել են այլ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: (...)
Քրեական գործով կատարված նախաքննության արդյունքներով ձեռք չեն բերվել ապացույցներ այն մասին, որ ԼՂՀ Ոստիկանության քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների կողմից Հ.Մ.-ի նկատմամբ դրսևորվել է որևէ սպառնալիք, դաժան վերաբերմունք, հոգեբանական ճնշում կամ բռնություն, անձնական արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ չեն կատարվել, այսինքն` Հ.Մ.-ի կողմից ինքնասպանություն կատարելու փաստով դրա համար մեղավոր որևէ անձի մեղադրանք ներկայացնելու փաստական հիմքեր չեն եղել: Բացի այդ, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Հ.Մ.-ի վերաբերյալ քրեական գործով /ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով/ նախաքննության, դրա նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատաքննության ընթացքում վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց գործառույթների իրականացման կապակցությամբ առկա են նրանց կողմից պաշտոնեական անփութության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված կամ որևէ այլ հանցագործության դեպք: (...)
Այս իմաստով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Պետության իրավասու մարմինների կողմից հարուցվել է պաշտոնական քննություն, կատարվել է ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, բացահայտվել է ինքնասպանության հանգամանքը: Իրականացված քննությամբ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ առ այն, որ Հ.Մ.-ի կողմից ինքնասպանություն կատարելու գործում առկա է որևէ այլ անձի մեղք: (...)
Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կանոնակարգող վերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների համատեքստում քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. սեպտեմբերի 09-ի որոշումն օրինական, հիմնավորված, պատճառաբանված է (...)»[2]: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 9-ի վճիռը արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշումը վերանայելու հիմք է:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(...)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
(…)
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է խափանման միջոց կիրառելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»։ Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․ (…)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»։
13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
14. Այսպես, Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2025 թվականի հունվարի 9-ի վճռով արձանագրել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական[3] և նյութաիրավական[4] հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի[5] խախտումներ։
15. Հիմք ընդունելով Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից անձի` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստի արձանագրումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 9-ի վճիռը, Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշումը վերանայելու հիմք է: II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման հիմքերը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները բեկանելու հիմք է:
17. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»: Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»[6]։ Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»[7]:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (…)»:
19. Դատական վարույթի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում։ Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ: Գործի վերաբացումը Եվրոպական դատարանի կողմից ևս գնահատվում է որպես «restitutio in integrum»-ը հնարավորինս ապահովելու՝ մինչև խախտումը եղած իրավիճակը վերականգնելու միջոց: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նաև գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ[8]:
20. Եվրոպական դատարանը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է հետևյալը.
«(…) i) Դատավարական հայեցակետը
121. Առկա նյութերից պարզ է դառնում, որ Հ.Մ.-ի մահվան գործով իրականացվել է երեք քննություն (երկուսը՝ քրեական և մեկը՝ ներքին)։ Մասնավորապես՝ i) «ԼՂՀ»-ի իշխանությունները այդ գործի առնչությամբ իրականացրել են քրեական գործով նախաքննություն (գործ թիվ ********), ii) «ԼՂՀ»-ի իշխանությունները, ըստ երևույթին, քրեական գործով նախաքննությանը զուգահեռ իրականացրել են նաև ներքին քննություն (…), և iii) այնուհետև Հայաստանի իշխանությունները մեկ այլ քննություն են սկսել (քրեական գործ թիվ ********)՝ ակնհայտ կերպով հիմք ընդունելով «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից թիվ ******** քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները և իրականացրել երկու գործերի համատեղ քննություն նախորդ համարի ներքո (այն է՝ թիվ ********, (…)):
122. Ինչ վերաբերում է «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննությանը, Դատարանը նշում է, որ նրանք օպերատիվ կերպով արձագանքել են խնդրո առարկա դեպքին և իրենց նախաձեռնությամբ այդ փաստի առթիվ քննություն են սկսել։ Մասնավորապես, «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը դեպքի օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին, նախաձեռնել է քրեական վարույթ (…), ինչպես նաև «ԼՂՀ»-ի ոստիկանությունը նույն օրը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն (դիահերձում), ի թիվս այլնի, մահվան պատճառը պարզելու նպատակով (…): Հետագա դիահերձման արձանագրությամբ, որը հետագայում հաստատվել է լրացուցիչ դիահերձում իրականացրած փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ, պարզվել է մահվան ժամանակը և պատճառը (…):
123. Ինչպես երևում է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ հետագա որոշումից (…), քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն (այն է՝ Շուշիի կալանավայրի թիվ 8 խուցը, (…)), ինչպես նաև զննվել է Հ.Մ.-ի դիակը՝ վնասվածքներ հայտնաբերելու նպատակով, ցուցմունքներ են վերցվել Շուշիի կալանավայրի պետից, հսկիչներից և կալանավորներից, ինչպես նաև կանչին ի պատասխան այնտեղ ժամանած շտապօգնության բժշկից (…):
124. Դատարանը նկատում է, որ «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննությունը դադարեցվել է 2013 թվականի մարտի 18-ին (…)՝ Հ.Մ.-ի մահից չորս ամիս չանցած:
125. Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը, որի ընթացքում ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ Հ.Մ.-ի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, իրականացվել է անհրաժեշտ ջանասիրությամբ՝ առանց անհարկի ձգձգումների:
126. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ դիմումատուն համապատասխան վարույթի ընթացքում՝ որևէ պահի, տեղեկացված չի եղել «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից հարուցված քրեական գործի մասին ((…), որը վերաբերում է դիմումատուի նշված վարույթներին ներգրավվելու խնդրանքին այն բանից հետո, երբ վերջինս իր որդու մահվան կապակցությամբ իշխանություններին բողոքներ և դիմումներ ներկայացնելու արդյունքում տեղեկացել էր նշված վարույթների առկայության մասին): Արդյունքում դիմումատուն որևէ մասնակցություն չի ունեցել այդ քրեական գործի քննությանը։ Արդյունավետ հետաքննության հիմնական սկզբունքներից այս ակնհայտ շեղումը մնում է լիովին անբացատրելի։
127. Ավելին, «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննության համապատասխանության և մանրակրկտության առնչությամբ Դատարանը նշում է հետևյալը.
128. 2013 թվականի մարտի 18-ի որոշումից պարզ է դառնում, որ քրեական գործով քննության ընթացքում՝ ինչ-որ պահի, դեպքի առթիվ «ԼՂՀ»-ի ոստիկանության ներքին անվտանգության ծառայության կողմից իրականացվել է ներքին քննություն։ 2013 թվականի մարտի 18-ի որոշումը չի պարունակում մանրամասներ, և պարզապես նշվում է, որ «ներքին քննությամբ [«ԼՂՀ»-ի քրեակատարողական ծառայության] աշխատակիցների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել» (…): Այս առնչությամբ դատարանին այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր չեն տրամադրվել։
129. Դատարանին չի տրամադրվել սույն որոշման մեջ նշված քննչական միջոցառումներին վերաբերող որևէ փաստաթուղթ (օրինակ՝ դեպքի վայրի և դիակի զննության, ինչպես նաև վկաների հարցաքննությունների արձանագրությունները, (…)): Արդյունքում, Դատարանը չի կարող իր սեփական քննությունն իրականացնել համապատասխան ապացույցների վերաբերյալ՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշման մեջ արտացոլված եզրահանգումների լույսի ներքո (…): Հետևաբար այն այլընտրանք չունի, քան տալ իր գնահատականը՝ հիմնվելով սույն որոշման մեջ նշված այդ ապացույցների նկարագրության վրա՝ հաշվի առնելով, որ այդ նկարագրությունը, հատկապես՝ վկաների ցուցմունքների մասով բաղկացած է միայն քննիչի կողմից ամփոփ ներկայացված ցուցմունքներից և ոչ մի դեպքում չի կարելի համարել, որ դրանք լիարժեք արտացոլում են այն անձանց ցուցմունքները, որոնք հարցաքննվել են դեպքի առնչությամբ:
130. «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը պարզել է, որ Հ.Մ.-ն մահացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.50-1.00-ի սահմաններում, Շուշիի կալանավայրի թիվ 8 խցում՝ պատուհանի ճաղավանդակից սավանով կախվելու հետևանքով (…): Թեև մահվան ժամանակի և պատճառի վերաբերյալ եզրահանգումները հիմնված էին դիահերձման արդյունքների վրա (որոնք հաստատվել են լրացուցիչ դիահերձման արդյունքներով, (…)), Դատարանը նշում է, որ մահվան հանգամանքների վերաբերյալ եզրահանգումները հիմնվել են միայն կալանավայրի ներգրավված աշխատակիցների ցուցմունքների վրա, ինչպես նշված է 2013 թվականի մարտի 18-ի որոշման մեջ (…)՝ առանց այլ ապացույցների մանրակրկիտ վերլուծության, այդ թվում՝ Հ.Մ.-ի խցակիցների ցուցմունքները և դեպքի վերակառուցումը և այլն։ Անշուշտ, դեպքի վերակառուցումը, ըստ երևույթին, օգտակար միջոց է պարզելու՝ արդյոք իսկապես հնարավոր էր, որ Հ.Մ.-ն կարողանար վեր կենալ անկողնուց, վերցնել իր սավանը, հանգույց կապել սավանից և հետո կախվել իր խցի պատուհանի ճաղերից վեցից յոթ րոպեի ընթացքում՝ առանց մյուս ութ խցակիցներից որևէ մեկին արթնացնելու:
131. Այսպիսով, 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (…) հիմնականում հիմնված էր ավագ հսկիչ Մ. Գ.-ի կողմից դեպքի առնչությամբ տրված ցուցմունքների վրա, որը, ի թիվս այլնի, այդ գիշեր հսկիչ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հետ միասին նշանակված է եղել համապատասխան խցի պատասխանատու (…): Թեև որոշումից պարզ է դառնում, որ հսկիչներ Ս. Ա.-ն և Ա. Վ.-ն նույնպես հարցաքննվել են, սակայն որոշման մեջ ամփոփված չեն նրանց համապատասխան ցուցմունքների մանրամասները, և պարզապես նշվում է, որ նրանք ներկայացրել են «իրադարձությունների միևնույն ընթացքը» (…): Հատկանշական է, որ համաձայն Մ. Գ.-ի ցուցմունքի՝ Ա. Վ.-ն կեսգիշերին մոտ երկու ժամով ընդմիջման է գնացել (…), ինչը նշանակում է, որ Մ. Գ.-ն ապահովում էր խցերի հսկողությունը Ս. Ա.-ի հետ, երբ Հ.Մ.-ի դին ենթադրաբար հայտնաբերվել էր (ենթադրաբար) ժամը 00:50-ի սահմաններում։ Ուստի անհասկանալի է, թե Ս. Ա.-ն և Ա. Վ.-ն ինչպես կարող էին ներկայացնել իրադարձությունների «միևնույն» ընթացքը, եթե վերջինս, ըստ նշված տեղեկության, բացակայել է դեպքի վայրից նշված ժամանակահատվածում։
132. 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (…) նույնպես հիմնված էր Ա. Դ.-ի (ավագ տեսուչ) կողմից տրված ամփոփ ցուցմունքների վրա, որը հայտնել է, որ ինքը մտել է թիվ 8 խուց Մ. Գ.-ի (…), Պ. Մ.-ի (Հ. Մ.-ին առաջին բուժօգնություն ցուցաբերած կրտսեր տեսուչը, (…)), մայոր Ժ .Հ.-ի և Շուշիի կալանավայրի պետ, կապիտան Սա. Ա.-ի հետ (…): Որոշման մեջ ամփոփված էր նաև Հ.Մ.-ի երկհարկանի անկողնու ներքևի հարկը զբաղեցրած խցակից Ս. Հ.-ի կողմից ներկայացված ամփոփ ցուցմունքը: Այնուամենայնիվ, այդ ցուցմունքը, թեև կարևոր էր կալանավորման ընթացքում Հ.Մ.-ի ընդհանուր վիճակի և դեպքի օրն ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում, սակայն չի պարունակել Հ.Մ.-ի մահվան ստույգ հանգամանքների վերաբերյալ որևէ կոնկրետ բան, քանի որ Ս. Հ.-ն, ըստ էության, նշել է, որ ինքը կոնկրետ որևէ բանի ականատես չի եղել, քանի որ քնած է եղել (…):
133. Ի վերջո, վիճարկվող որոշման մեջ (…) նշվում է, որ «պարզվել է», որ Հ.Մ.-ն տառապել է «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարումով [և] ոչ ադապտիվ դեկոմպենսացիա՝ ինքնասպանության փորձով»։ Այնուամենայնիվ, սույն որոշման մեջ չկա ոչինչ, ինչը հնարավորություն կտար ենթադրելու, որ ցանկացած միջոցառում ձեռնարկվել է պարզելու համար, թե արդյոք և որքանով է Շուշիի կալանավայրի վարչակազմը տեղյակ եղել Հ.Մ.-ի հոգեկան առողջության խնդիրների մասին, և որ առավել կարևոր է ներկայիս գործի համատեքստում՝ նրա նախորդ ինքնասպանության փորձերի մասին (…): Չկա նաև ոչինչ, ինչը հնարավորություն կտար ենթադրելու, որ ձեռնարկվել է որևէ քայլ՝ պարզելու համար՝ i) արդյոք կալանավայրի վարչական մարմինները ձեռնարկել են միջոցառումներ և նախազգուշական միջոցներ Հ.Մ.-ի՝ ինքն իրեն վնասելու հնարավորությունները նվազեցնելու նպատակով, եթե տեղյակ են եղել նրա հոգեկան առողջության խնդիրների մասին, կամ ii) այն դեպքում, երբ կալանավայրի վարչական մարմինները տեղյակ չեն եղել դրա մասին, արդյոք վերջիններս ձեռնարկել են միջոցառումներ պարզելու համար՝ արդյոք այն մարմինները, որոնք կալանքի տակ էին վերցրել Հ.Մ.-ին, կրում էին որևէ պատասխանատվություն Հ.Մ.-ի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին իրենց չտեղեկացնելու առնչությամբ:
134. Ընդհանուր առմամբ Դատարանն ուշագրավ է համարում, որ 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (…) չի պարունակում հղումներ կարևոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ դիակի հայտնաբերման ժամանակի և հանգամանքների վերաբերյալ, թե որքան ժամանակ է պահանջվել աշխատակիցներից խցի դուռը բացելու և մարմինն ազատելու համար, շտապօգնության կանչը գրանցելու և ժամանելու ճշգրիտ ժամանակը, Պ.Մ.-ի կողմից տրամադրված շտապ բժշկական օգնության մանրամասները կամ որևէ այլ բժշկական արձանագրություն՝ Հ.Մ.-ի (այդ թվում՝ հոգեկան առողջության) առողջական վիճակի վերաբերյալ՝ վերջինիս կալանավայրում գտնվելու ընթացքում։ Փոխարենը, ի պաշտպանություն դրանում նշված եզրահանգումների, որոշման մեջ պարզապես թվարկված է հարցաքննված որոշ վկաների, բայց ոչ բոլորի ամփոփ ցուցմունքները (…), դատաբժշկական փորձաքննությամբ ներկայացված ապացույցները (մասնավորապես՝ լրացուցիչ իրականացված դիահերձման արդյունքները, (…)), դեպքի վայրի և դիակի զննության արձանագրությունները, ինչպես նաև Հ.Մ.-ի դեմ հարուցված քրեական գործով փաստաթղթերը, որոնք ստացվել են Մարզային դատարանից (…):
135. Այս համատեքստում «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից թիվ ******* քրեական գործի շրջանակներում (…) իրականացված քննությունը միանշանակ չի կարող համարվել որպես Հ.Մ.-ի մահվան հանգամանքների պարզաբանում։
136. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, մասնավորապես՝ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), հետագայում վարույթ են ընդունել թիվ ******* քրեական գործը և համատեղ քննություն են իրականացրել սույն գործի և թիվ ******* գործի վերաբերյալ, որը նախաձեռնվել է ենթադրյալ պաշտոնեական անփութության հիմքով (…), Դատարանը կշարունակի ուսումնասիրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, եթե այդպիսիք եղել են, այդ համատեղ քննության շրջանակներում, որը կարող էր ինչ-որ կերպ վերացնել վերոնշյալ մեծ բացթողումները, որոնք առկա էին «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննության ընթացքում (…):
137. Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես ՀՔԾ-ի կողմից իրականացված քննությանը (…), Դատարանը նշում է հետևյալը.
138. 2013 թվականի մարտի 28-ին, այսինքն՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշումից տասն օր հետո, ըստ որի «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը դադարեցրել է թիվ ******** գործով քրեական վարույթը (…), ՀՔԾ-ն հարուցել է թիվ ******* քրեական գործը՝ ենթադրյալ պաշտոնեական անփութության հիմքով (…): Նույն օրը ՀՔԾ-ն որոշում է կայացրել ստանձնել թիվ ******* գործի քննությունը և երկու գործերը միացնել մեկ վարույթում (քննվելու են թիվ ******* գործի շրջանակներում): Դիմումատուն տեղեկացված չի եղել նաև այս վարույթների մասին (…):
139. Դատարանին չի տրամադրվել որևէ նյութ, որը վերաբերում է ՀՔԾ-ի կողմից իրականացված քննությանը (…): Հետևաբար այդ քննությանը վերաբերող միակ փաստաթուղթը, որը հասանելի է Դատարանին, ՀՔԾ-ի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 10-ին կայացված քննությունը դադարեցնելու մասին որոշումն է (…):
140. Ի հակադրություն 2013 թվականի մարտի 18-ի որոշման (որտեղ ամփոփված էր առնվազն որոշ վկաների ամփոփ ցուցմունքները և «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազության կողմից հավաքագրված որոշ այլ ապացույցների համառոտ նկարագրությունը, (…))՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ նշված չէ որևէ նկարագրություն այն ապացույցների մասին, որոնց վրա հիմնվել է ՀՔԾ-ն՝ ի պաշտպանություն իր եզրահանգումների, այդ թվում՝ այն վկաների ցուցմունքները, որոնք նշված են որոշման մեջ որպես հարցաքննված անձիք (…): Որոշման մեջ նշված է նաև «քննության ընթացքում հավաքագրված ապացույցները»՝ առանց այդ ապացույցները նկարագրելու և (կամ) հստակեցնելու։
141. Դատարանը հատկապես ուշագրավ է համարում, որ ներպետական քրեական դատարանները, որոնց ՀՔԾ-ի կողմից հավաքագրված «ապացույցների» հետ կապված գրեթե ոչ մի նյութ չի տրամադրվել ((…)՝ ներպետական դատարաններին տրամադրված փաստաթղթերի ճշգրիտ ցանկի համար), ի վերջո, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման առնչությամբ դատական վերանայում են իրականացրել և ըստ էության, հաստատել են դրանց եզրահանգումները՝ չունենալով ձեռքի տակ այն ապացույցները, որոնց վրա հիմնված է եղել այդ որոշումը ((…), տե՛ս նաև այդ առնչությամբ դիմումատուի՝ Արդարադատության խորհրդին ներկայացված բողոքում և վերաքննիչ բողոքում առկա փաստարկները, (…)): Հատկանշական է, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը տրամադրել են որևէ հիմնավորում, թե ինչու չեն ենթարկվել ներպետական դատարանների կողմից ներկայացված մի քանի պահանջների՝ գործի նյութերը տրամադրելու առնչությամբ (...):
142. Այս համատեքստում Դատարանը չի կարող ՀՔԾ-ի կողմից իրականացված հետաքննության եզրահանգումները բավարար հավաստի համարել (…):
143. Սույն գործով քրեական վարույթների մեկ այլ առանձնահատկություն կապված է ինչպես «ԼՂՀ»-ում, այնպես էլ Հայաստանում իրականացվող քննությունից դիմումատուի լիակատար մեկուսացման հետ։ Մասնավորապես դիմումատուն ոչ միայն տեղեկացված չի եղել իր որդու մահվան առնչությամբ նախաձեռնված վարույթների մասին (…), այլ նաև նրանց գոյության մասին իմանալուց հետո (բացառապես իր ջանքերի շնորհիվ, (…)) նրա կողմից ներկայացված մի քանի պահանջները՝ սույն վարույթներում իր ներգրավվածության վերաբերյալ, բազմիցս մերժվել են տարբեր պատճառներով (…), մինչև որ վարույթն ի վերջո դադարեցվել է նրան այդպես էլ վարույթներում չներգրավվելով (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Իորգան ընդդեմ Մոլդովայի [Iorga v. Moldova], թիվ 12219/05, § 36, 2010 թվականի մարտի 23): Հատկանշական է, որ իշխանությունների՝ դիմումատուին վարույթներում ներգրավվելու մերժումները չեն հիմնավորվել ներպետական քրեական դատավարության շրջանակներում կիրառելի որևէ դրույթով (…)։
144. Ավելին, հենց այն հիմքով, որ դիմումատուն համապատասխան վարույթների կողմ չի հանդիսացել (սկզբում՝ թիվ ****** քրեական գործը, իսկ հետո` թիվ ******** քրեական գործի շրջանակներում իրականացված համատեղ քննությունը), քննչական մարմինները մերժել են նաև այդ վարույթների ընթացքում կազմված փաստաթղթերը, ինչպես նաև դրանք հարուցելու և դադարեցնելու մասին որոշումները (…) դիմումատուին տրամադրելու պահանջները՝ ստիպելով վերջինիս դիմել դատարան՝ պահանջելով իրեն տրամադրել խնդրո առարկա փաստաթղթերը (…)։ Այնուամենայնիվ, ինչպես նշված է 141-րդ պարբերությունում, ներպետական քրեական դատարանների կողմից դատախազությանը ներկայացված համապատասխան նյութերը տրամադրելու պահանջը բավարարվել է միայն մասնակի. դիմումատուին ի վերջո տրամադրվել են միայն շատ սահմանափակ քանակությամբ նյութեր, այդ նյութերի հիման վրա նա փորձել է վիճարկել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը (…), սակայն ապարդյուն (…):
145. Դատարանը այս առնչությամբ նշում է, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ իր բողոքներում դիմումատուն Հ.Մ.-ի մահվան հանգամանքների վերաբերյալ բարձրացրել է մի շարք մանրամասն հարցեր, օրինակ՝ արդյոք հնարավոր էր, որ Հ.Մ.-ն ինքնասպանություն գործեր՝ կախվելով խցի պատուհանի ճաղերից վեցից յոթ րոպեի ընթացքում, արդյոք Հ.Մ.-ին տրամադրվել էր համապատասխան բուժօգնություն խցից դուրս բերելուց հետո, և ինչից էր առաջացել աջ նախաբազկի վնասվածքը, որը հայտնաբերվել էր լրացուցիչ դիահերձման ժամանակ (…): Այնուամենայնիվ, ներպետական դատարանները ամփոփ ձևով մերժել են նրա փաստարկները (…)՝ չնայած այն հանգամանքին, որ, ինչպես նշված է վերևում՝ 141-րդ և 144-րդ պարբերություններում, դատախազությունը նրանց չէր տրամադրել գործի նյութերի ամբողջական փաթեթը։
146. Դատարանի կարծիքով՝ քննչական մարմինների (նախ՝ «ԼՂՀ»-ի իշխանությունների, ապա Հայաստանում՝ ՀՔԾ-ի) կողմից դիմումատուին քննությանը ներգրավելու կամ նույնիսկ համապատասխան քրեական վարույթների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին դիմումատուի խնդրանքների հետևողական մերժումը զրկել է նրան իր օրինական շահերը պաշտպանելու հնարավորությունից (…): Նույնը նաև խոչընդոտել է հանրային հսկողությամբ իրականացված քննությունը: Այս փաստարկն ինքնին բավարար կլինի Դատարանի համար եզրակացնելու, որ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն՝ դիմումատուի որդու մահվան վերաբերյալ (տե՛ս, օրինակ, Անիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Anık and Others v. Turkey], թիվ 63758/00, § 77, 2007 թվականի հունիսի 5)։
147. Դատարանը, այնուամենայնիվ, չի կարող անտեսել նախկինում բարձրացված բոլոր մյուս հարցերը (…), Դատարանի կարծիքով՝ դրանք քննությունը դարձրել են անբավարար և ոչ համարժեք՝ Հ.Մ.-ի մահվան հանգամանքները և նրա մահվան համար որոշակի անձանց կամ իշխանությունների հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար (տե՛ս վերևում՝ 113-րդ և 115-րդ պարբերություններում նշված համապատասխան նախադեպային սկզբունքները):
148. Վերոնշյալ նկատառումները բավարար են Դատարանի համար՝ եզրակացնելու, որ սույն գործով քննությունը լուրջ թերություններ է ունեցել, և որ Պատասխանող պետությունը, հետևաբար, չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դատավարական պարտավորությունը:
149. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով: ii) Նյութաիրավական հայեցակետը
150. Հիշեցնելով, որ Դատարանի գործառույթը չէ մեկնաբանել և կիրառել ներպետական օրենսդրությունը կամ գնահատել դիմումատուի որդու դեմ հարուցված քրեական մեղադրանքի օրինականությունը, Դատարանը նշում է, որ ազգային մարմինների ընտրությունն էր դիմումատուի որդու նկատմամբ կիրառել ազատազրկում՝ սահմանված Մարզային դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի վճռով (…), չնայած նրա առողջական վիճակին (…) և նրա առանձնահատուկ խոցելիությանը, որը հանգեցրել է վիճարկվող իրադարձություններին։
151. Եթե անձը մահանում է կալանքի տակ եղած ժամանակ, իշխանությունները պետք է տրամադրեն բավարար և համոզիչ բացատրություն։ Հակառակ դեպքում կարելի է համարել, որ Պետությունը չի բացատրել մահվան պատճառը, ինչի համար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական հայեցակետի համաձայն, պատասխանատվություն է կրում Պետությունը (տե՛ս, օրինակ, Չելիքբիլեկն ընդդեմ Թուրքիայի[Çelikbilek v. Turkey], թիվ 27693/95, §§ 72 և 79, 2005 թվականի մայիսի 31, և համապատասխան փոփոխություններով, վերը նշված Լապշինի [Lapshin] գործը, §§ 110 և 119-120, տե՛ս նաև նախադեպային իրավունքի սկզբունքները վերևում` 108-րդ, 110-րդ և 111-րդ պարբերություններում):
152. Դիմումատուի որդին՝ Հ.Մ.-ը, գտնվել է «ԼՂՀ»-ի Շուշիի կալանավայրում՝ իշխանությունների խնամքի և պատասխանատվության տակ, երբ մահացել է ենթադրյալ ինքնասպանության հետևանքով (…):
153. Ինչպես ներպետական դատարաններ (…), այնպես էլ (որքանով որ առնչվում է նրա ընթացակարգային բողոքին՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, (…)) Դատարան ուղղված իր դիմումներում դիմումատուն պնդում էր, որ իշխանությունները չեն տրամադրել համոզիչ բացատրություն իր որդու մահվան կապակցությամբ։
154. Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր բողոքի նյութաիրավական բովանդակությանը, դիմումատուն շեշտել է իշխանությունների կողմից իր որդուն պաշտպանելու ենթադրյալ ձախողումը, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և արդեն մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ գտնվելով այդ իշխանությունների խնամքի և հսկողության տակ։ Այդ ձախողումը պայմանավորված էր նրանով, որ դիմումատուի որդուն տեղավորել էին սովորական խցում՝ առանց որևէ հոգեբուժական կամ հոգեբանական օգնություն տրամադրելու (…):
155. Ըստ պաշտոնական վարկածի՝ Հ.Մ.-ն կախվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:50-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Շուշիի կալանավայրի թիվ 8 խցում, որտեղ նա գտնվում էր ութ այլ կալանավորների հետ։ Հ.Մ.-ն ինքնասպանություն է գործել վեցից յոթ րոպեի ընթացքում՝ հսկիչների կողմից անցկացված խցի ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում, և կալանավորներից ոչ ոք ոչինչ չի նկատել: Նա դեռ ողջ է եղել, երբ հսկիչներն ու նրա խցակիցները հայտնաբերել են նրան, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել (…):
156. Դատարանն այս հանգամանքներում շեշտում է, որ քանի որ ներպետական վարույթ է իրականացվել, Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ ներպետական դատարանների գնահատականը փոխարինել իր գնահատականով, և որպես ընդհանուր կանոն, դա ներպետական դատարանների խնդիրն է այդ փաստերը հաստատել դրանց ներկայացված ապացույցների հիման վրա։ Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ՝ այդ դատարանների կողմից փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (Թանլին ընդդեմ Թուրքիայի [Tanlı v. Turkey], § 26129/95, § 110, ՄԻԵԴ 2001-III (քաղվածքներ)):
157. Այնուամենայնիվ, ինչպես նշված է վերևում՝ 112-րդ պարբերությունում, այն, թե որքանով է Դատարանը հիմնվում ներպետական քննության շրջանակում ձեռք բերված ապացույցների և ներպետական վարույթի շրջանակում հաստատված փաստերի վրա, կախված կլինի ներպետական քննության ընթացքի որակից։
158. Դատարանն արդեն ուսումնասիրել է «ԼՂՀ»-ի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քննությունները և եզրակացրել, որ դրանք չեն կարողացել պարզել Հ.Մ.-ի մահվան հանգամանքները և նրա մահվան համար կոնկրետ անձանց կամ իշխանությունների կողմից հնարավոր պատասխանատվությունը (…): Հետևաբար չի կարելի համարել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու՝ իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում նշված Մուրադյանի [Muradyan] գործը, § 155):
159. Հաշվի առնելով այն եղանակը, որով իշխանություններն իրականացրել են համապատասխան քննությունները, ներառյալ, ի թիվս այլնի, այդ քննությունների նկատմամբ հանրային որևէ վերահսկողության լիակատար բացակայությունը (…), ինչպես նաև այն եղանակը, որով ներպետական դատարաններն իրականացրել են այդ եզրահանգումների դատական վերանայումը (…), Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այդ եզրահանգումներն ընդունելու (նույնիսկ վերապահումներով) և քննությունների ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա գնահատական տալու համար (համեմատել և հակադրել վերը նշված Հովհաննիսյանի և Կարապետյանի [Hovhannisyan and Karapetyan] գործերը, § 98, տե՛ս նաև, համապատասխան փոփոխություններով, վերը նշված Օհանջանյանի [Oganjanyan] գործը, §§ 159 և 160): Դատարանը, հետևաբար, գտնում է, որ պատասխանող պետությունը չի ներկայացրել բավարար և համոզիչ բացատրություն Հ.Մ.-ի մահվան առնչությամբ, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվում էր կալանքի տակ՝ իշխանությունների հսկողության ներքո (տե՛ս վերևում՝ 110-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային սկզբունքները):
160. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումը, որ պատասխանող պետությունը չի պարզաբանել դիմումատուի որդու մահվան հանգամանքները (…) և իր տրամադրության տակ եղած նյութերի անբավարարությունը (…), Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ (և նույնիսկ անհնար է) ուսումնասիրել դիմումատուի կողմից ներկայացված փաստարկները, որոնք վերաբերում են դիմումատուի բողոքին՝ կապված իշխանությունների կողմից իր որդու կյանքի իրավունքը պաշտպանելու ենթադրյալ ձախողման հետ (…):
161. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ.
(...) 174. Հաշվի առնելով կիրառելի իրավական դրույթները (…) և կողմերի կողմից սույն հարցի վերաբերյալ որևէ լրացուցիչ պարզաբանման բացակայության պայմաններում (տե՛ս վերևում՝ 164-րդ և 165-րդ պարբերությունները) Դատարանը չի կարող վերջնականապես եզրակացնել, թե արդյոք (ի հակադրություն դիմումատուի պնդումների՝ (…)) գոյություն ունի արդյունավետ մեխանիզմ՝ պետական մարմինների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման համար ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու համար, եթե համապատասխան ներպետական վարույթը չի հանգեցնում քրեական հետապնդման և (կամ) դատապարտման։
175. Համաձայն վերոնշյալի՝ Դատարանը նշում է, որ նախորդ գործով սահմանել է, որ հաշվի առնելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 7-րդ կետով նախատեսված կյանքի իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի փոխհատուցման համար սահմանված գումարի սահմանաչափը (…), սույն փոխհատուցման միջոցը չի կարող համարվել բավարար փոխհատուցում Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված բողոքների առնչությամբ (տե՛ս վերևում՝ Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, §§ 109-11): Այսպիսով, եթե նույնիսկ առկա լիներ դիմումատուի որդու մահվան կապակցությամբ պետական մարմնի ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու ընթացակարգ, ապա փոխհատուցման չափը, որը կարող էր շնորհվել դիմումատուին, չէր կարող շտկել վիճարկվող իրավիճակը՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն:
176. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (...)»:
21. Սույն որոշման 9-10-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների, Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման (նյութաիրավական և ընթացակարգային դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուները շարունակում են կրել, որոնք միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանած գումարի վճարմամբ չեն կարող շտկվել, ուստի, տվյալ դեպքում «restitutio in integrum»-ը հնարավորինս ապահովելու տեսանկյունից, անհրաժեշտ է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ բացառիկ վերանայման վարույթով «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ համարժեք միջոցի ակնհայտությամբ և վճռաբեկ ատյանում վերջնական լուծում տալու իրական հնարավորության առկայությամբ պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն արձանագրված խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոց կիրառելու նպատակով վարույթը ոչ թե պետք է փոխանցի ստորադաս դատարան, այլ ապահովի վերջնական լուծում՝ որպես արդար դատաքննության, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավական երաշխիքների ապահովման միջոց[9]։ 24․ Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումն ու այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը պետք է բեկանել, ու վարույթի իրավասու հանրային մասնակցի վրա դնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2025 թվականի հունվարի 9-ի վճռով և սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուն ուղղված՝ թիվ ******** քրեական գործի մասը կարճելու մասին 2013 թվականի մարտի 18-ի որոշումը և թիվ ******** քրեական գործով վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը վերացնելու պարտականություն։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դիմող Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ա.Չատինյանի և Ն.Տեր-Մովսիսյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 20-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում, դիմող Հ.Պ.-ի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալյանի բողոքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը բեկանել։
3. Վարույթի իրավասու հանրային մասնակցի վրա դնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվարի 9-ի վճռով և սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուն ուղղված՝ թիվ ******** քրեական գործի մասը կարճելու մասին 2013 թվականի մարտի 18-ի որոշումը և թիվ ******** քրեական գործով վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը վերացնելու պարտականություն։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 114-116։
[2] Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 64-75։
[3] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2025 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 51448/15, կետ 149: [4] Տե՛ս, նույն վճիռը, կետ 161:
[5] Տե՛ս, նույն վճիռը, կետ 176:
[6] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։ [7] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։ [8] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլոց, Gencel v. Turkey գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 53431/99, Ceylan v. Turkey գործով 2005 հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 46454/99, Bracci v. Italy գործով 2005 թվականի հոկտենբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 36822/02, Somogyi v. Italy գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 67972/01։ [9] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Միքայել Հովհաննիսյանի և Սվետլանա Կարապետյանի գործով 2025 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԱՔԴ/0054/11/12 որոշումը, 24-25-րդ կետեր։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0136/11/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
