Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-145 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 14 | «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ 2021 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը՝ նույն դատարանի 2024 թվականի օգոստոսի 30-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշման հիման վրա, որով Դիմողը որոշել է.

«(…) Թիվ ԱՐԱԴ/0012/01/23 քրեական վարույթով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:

Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 2-րդ և 4-րդ մասերը սահմանում են.

«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(…)

11) անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

(…)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։

(…)

4. Սույն հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:

Ընդունումից ի վեր վիճարկվող դրույթները փոփոխությունների և լրացումների չեն ենթարկվել։

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը թիվ ԵԱԴԴ/0014/11/09 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հանգում է հետևության առ այն, որ օրենսդիրը և դատական պրակտիկան ելնում են այն հանգամանքից, որ «անձի արարքում հանցակազմի բացակայությունից» տարբերվող (արդարացնող հիմք) և անչափահասի համար բացասական քրեաիրավական հետևանքներ առաջացնող քրեական հետապնդումը դադարեցնելու այնպիսի հիմքի առանձնացումը, ինչպիսին է քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը (ոչ արդարացնող հիմք), լուծում է ընդամենը մեկ խնդիր. «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը։

Վերոհիշյալի համատեքստում Դիմողի մոտ «(…) հիմնավոր կասկածներ են առաջանում, թե որքանով է հիշյալ օրենսդրական կարգավորումը համահունչ ՀՀ Սահմանադրությանը և արդյոք սահմանադրաիրավական տեսանկյունից իրավաչափ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում նման տարբերակված մոտեցումը»։

Դիմողը կարծում է, որ վիճարկվող նորմերը խնդրահարույց են համաչափության սահմանադրական սկզբունքի համատեքստում, քանի որ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը՝ որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմքի առանձնացումն այն նպատակով, որ տուժող կողմը կարող է որևէ իրավական կամ բարոյական բնույթի պահանջ ներկայացնել անչափահասին՝ չի համապատասխանում ընտրված միջոցի և ակնկալվող արդյունքի միջև ողջամիտ հավասարակշռությանը։

Այս համատեքստում Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, թե «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը, մինչդեռ քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքը բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը, բավարար հիմնավորում չէ հիշյալ տարբերակման համար։

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է այն փաստարկով, որ ենթադրյալ խնդիրը կարող է լուծվել քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական հարաբերությունների տիրույթում, քանի որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ապա քաղաքացիական դատավարությունում պետք է ապացուցվի երեխայի կողմից դելիկտ կատարելու հանգամանքը, ընդ որում՝ ապացուցողական այլ չափանիշով, քան մեղադրանքը ապացուցելու՝ հիմնավոր կասկածից վեր չափանիշն է։

Նման պայմաններում Դիմողը հանգում է հետևության առ այն, որ երեխայի համար բացասական իրավական հետևանքներ առաջացնելուց զատ՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը որևէ այլ հարց չի լուծում։

Դիմողի պնդմամբ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը՝ քրեական դատավարությունում որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելը և ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելը իրավաչափ չէ ինչպես համաչափության սկզբունքի տեսանկյունից, այնպես էլ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից, քանի որ, բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտած համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց, որևէ այլ իրավական խնդիր չի լուծվում։

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 16 և 19-րդ հոդվածների համալիր մեկնաբանությունը ցույց է տալիս, որ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի չհասած անձի կատարած արարքը, եթե անգամ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում սահմանված որևէ հանցագործության հատկանիշներին, այդուհանդերձ, չի համարվում հանցանք, ինչն էլ ենթադրում է, որ այն կատարող անձը չի կարող ենթարկվել քրեաիրավական որևէ ներգործության, և նրա համար որևէ քրեաիրավական բացասական հետևանք չի կարող առաջանալ այդ արարքի կատարման համար, մինչդեռ վիճարկվող դրույթները պարտադիր են համարում, քրեական հետապնդումը դադարեցնելու հետ համաձայն չլինելու դեպքում, քրեական հետապնդում հարուցել և իրականացնել նախաքննություն:

Վերոհիշյալի պայմաններում Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հակասության մեջ են միմյանց հետ, ընդ որում՝ անձի իրավական վիճակի և նրա իրավունքների վատթարացման հաշվին, ինչն անբնական է և հակասում է որոշակիության սկզբունքին։

Մեջբերելով քրեական արդարադատությանը վերաբերելի մի շարք միջազգային փաստաթղթեր՝ Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ համակցության մեջ, հակասում է նաև Սահմանադրության 37-րդ հոդվածին, քանի որ չի բխում երեխայի լավագույն շահերից։

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Դիմողը խնդրում է ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրությանը։

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), ներկայացնելով քրեական և քրեադատավարական օրենքների համապատասխան դրույթները, հանգում է հետևության առ այն, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը քրեական հետապնդումը բացառող ոչ ռեաբիլիտացնող հիմք է այն պատճառաբանությամբ, որ անձն իր գործողություններում անմեղ չէ և կատարել է իրեն մեղսագրվող արարքը։ Նշված մոտեցումը, ըստ Պատասխանողի, անհրաժեշտ է անձի հանցավոր վարքագծին հակազդելու և այդպիսի վարքագծի կանխման տեսանկյունից։

Հիշատակելով թիվ ԵԱԴԴ/0014/11/09 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Պատասխանողը եզրակացնում է, որ նման մոտեցումն ինքնանպատակ չէ, քանի որ քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցնելիս հաստատվում է քրեական հետապնդման ոչ իրավաչափ լինելը, հետևաբար՝ պետությունը պարտավոր է արդարացնել հետապնդման ենթարկված անձին և հատուցել վնասը, իսկ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելիս քրեական հետապնդման իրավաչափ լինելը կասկածի տակ չի դրվում, ուստի՝ պետությունը պարտավոր չէ արդարացնել հետապնդված անձին և հատուցել վնասը։

Վերոշարադրյալի լույսի ներքո Պատասխանողը փաստում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը չի արդարացնում կամ վերացնում կատարած արարքը, պարզապես անձին ազատում է քրեական պատասխանատվությունից իրավաբանական հասունության բացակայության պատճառով։

Պատասխանողի դիրքորոշմամբ՝ օրենսդրի կողմից քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը՝ որպես ոչ ռեաբիլիտացնող հիմք նախատեսելը, ինքնանպատակ չի եղել, այն ընտրվել է որպես հակազդման այլընտրանքային միջոց՝ հիմքում ունենալով ոչ միայն անչափահասների դաստիարակչական նշանակության սկզբունքները, այլ նաև հասարակական անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթի մյուս մասնակիցների սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Հակառակ դեպքում, ըստ Պատասխանողի, կխախտվի ոչ միայն հասարակական կարգը, այլև հասարակության միջանձնային հարաբերություններում գլուխ կբարձրացնեն անկարգությունն ու ագրեսիվ դրսևորումները։ Հիշատակվածի առնչությամբ կարևորվում է նաև տուժողի սահմանադրական իրավունքների իրացման պատշաճ երաշխավորումը։

Այս համատեքստում Պատասխանողը նշում է Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ քրեական արդարադատությամբ տուժողի արժանապատվության հարգումը, նրա իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը քրեական արդարադատության կարևորագույն խնդիրներն են, որոնց անտեսումը կարող է հանգեցնել տուժողի իրավունքների և ազատությունների՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հետ անհամատեղելի նսեմացման։

Մեջբերելով խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Պատասխանողը փաստում է, որ ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության. տարբերակված մոտեցումը, որն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ, խտրականություն չէ։

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Պատասխանողը խնդրում է. «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին։

4. Վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ իրավական վերլուծությունները և դիրքորոշումները

Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը և Պատասխանողի բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է կարճման՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրը դատարաններին վերապահել է սահմանադրական արդարադատություն հայցելու գործառույթ՝ կանխորոշելով դրա իրացման շրջանակները: Այսպես՝ դատարանները սույն իրավասությունը կարող են իրացնել բացառապես՝

1) իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործերով, այսինքն՝ տվյալ գործը ոչ միայն դատավարական (ֆորմալ) առումով գտնվում է դատարանի վարույթում, այլ գործի/նյութի (վեճի) լուծումը գտնվում է դատարանի իրավազորության տիրույթում,

2) տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու պարագայում,

3) տվյալ գործի լուծումը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու դեպքում:

Հիշյալ սահմանադրաիրավական բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը միայն կարող է հավաստել, որ անհնարին է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը:

Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապվածության մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարց:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ՝ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը ներկայացնելը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում Դիմողի պատճառաբանությունների ողջ շղթան առավելապես վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությանը, մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության մասով Դիմողը համապատասխան հիմնավորումներ չի ներկայացրել:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ այս մասով սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն գործի վարույթն այս մասով ենթակա է մասամբ կարճման՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ 2021 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 փետրվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել