ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 6 | ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 հունվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Աննա Նազարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աննա Նազարյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 19-ին, որով Դիմողը խնդրել է. (…) ԴԱՀԿ մասին օրենքի 14-րդ հոդվածը, նրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկան ճանաչել սահմանադրության 3-րդ, 6-րդ, 25-րդ, 27-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «ԴԱՀԿ աշխատակից (...)-ը դատական ակտի կատարման համար ԴԱՀԿ մասին օրենքի 14-րդ հոդվածի հիման վրա կայացրել է որոշում ոչ միայն որդուս, այլև ինձ հոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին: (...)
(...)-ից վարչական վարույթը փոխանցվել է (...)-ի վարույթ, ով 2-րդ անգամ է հոգեբանական փորձաքննություն նշանակել որդուս ու իմ նկատմամբ (...): (...)
Կարծում եմ, որ ԴԱՀԿ մասին օրենքը և ստեղծված իրավակիրառ պրակտիկան հակասում են ՀՀ սահմանադրությանը և լուրջ սպառնալիք ստեղծում մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքներին; Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքը ընդունվել է 05.05.1998 թ. ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի երեքին: 14-րդ հոդվածը մինչ փոփոխության ենթարկվելը շարադրված է եղել հետևյալ կերպ Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար, մասնավորապես գույքի գնահատման հարցում, կողմերը և հարկադիր կատարողն իրավունք ունեն նշանակել փորձագետ: Օրենսդրական փոփոխություններից հետո 14-րդ հոդվածը ձևափոխվել է հետևյալ կերպ Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ: Հանվել է «կողմերը» եզրույթն ու «մասնավորապես գույքի գնահատման հարցում» ձևակերպումը ընդ որում օրենքը դարձնելով առավել անորոշ»: Դիմումում թվարկված են Դիմողի գնահատմամբ «Նորմի ձևակերպման մեջ Իրավական ինչ խնդիրներ կան, որոնք տանում են սահմանադրության նորմերի հետ բախման: (...)
Նման պայմաններում անհրաժեշտ է հարկադիր կատարման մասին օրենքի 14-րդ հոդվածը, գլխավոր հարկադիրի կողմից ընդունված ուղեցույցը ու դրանցով ձևավորված իրավակիրառ պրակտիկան ճանաչել սահմանադրությանը հակասող»:
3. Դիմողը ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն մասնավորապես, նշելով. «(...) ամուսնալուծված եմ, խնամքիս ունեմ անչափահաս որդի, ալիմենտի վարույթը դեռ կասեցված է, բնակվում եմ վարձակալությամբ, ստանում չնչին աշխատավարձ, ունեմ նաև վարկային ծանր բեռ»: Քննության առնելով Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները և դիմումին կից ներկայացված տեղեկանքները, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման:
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Այն սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անհատական իրավունքի իրացման համար Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով նախատեսված պայմաններն ինքնանպատակ չեն, և դրանց պահպանումը պարտադիր է Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի քննության իրավասությունը գործարկելու համար։ Դիմումին կից ներկայացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի հուլիսի 11-ի Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, որի եզրափակիչ մասում նշված է. «Կասեցնել թիվ ԵԴ/17467/02/20 քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԼԴ/0060/01/21 (նախաքննության համար թիվ 71200519) քրեական գործով և թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտերի կայացումը: (...)»:
Դիմումին կից ներկայացված են, մասնավորապես, թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործով 2020 թվականի փետրվարի 14-ին տրված կատարողական թերթի, վերջինիս հիման վրա «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 2020 թվականի փետրվարի 18-ի որոշման, «Փորձագետ նշանակելու մասին» 2020 թվականի մարտի 5-ի որոշման, թիվ ԵԴ/17467/02/20 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթով «Փորձագետ նշանակելու մասին» 2021 թվականի մայիսի 21-ի որոշման լուսապատճենները: Համաձայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ըստ հայցի Հրանտ Արայի Նազարյանի ընդդեմ Աննա Անդրանիկի Նազարյանի, իրավասու մարմիններ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի և ՀՀ Երևան համայնքի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմիններ ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջի մասին, թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ԼԴ/0060/01/21 քրեական գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը կամ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին դատարանին հայտնի դառնալը: Հետևաբար Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչը Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման պարտադիր պահանջ է: Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության այլ պայմանների բավարարված լինելու հարցին, փաստում է, որ Դիմողը կոնկրետ գործով չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Աննա Նազարյանի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
2. Աննա Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
29 հունվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
