Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Թ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Թ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6223 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 62 | ««ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Թ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏ

Ամբողջ Տեքստ

««ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Թ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ «Բ»-«ԺԵ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 393-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, այդ թվում նաև՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» և «թ» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի մասերով, կարճելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

1. «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 17-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...) Որոշել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա) և թ) ենթակետերի (այն մասով, որ մասով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը չի սահմանում ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար ևս բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի գումարի սահմանում)՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:

(...) Որոշել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա) և թ) ենթակետերի մասով իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով 17.05.2023 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկելիս կիրառելի իրավանորմ է դիտարկում ոչ թե «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի թ) ենթակետը, որով պետական տուրքի գումարը կազմում է բազային տուրքի 20-ապատիկը, այլ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա) ենթակետը՝ վճռաբեկ բողոք բերելու պետական տուրքի գումարը հաշվարկելով հայցագնի 5 տոկոսի չափով)՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:

(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (այն մասով, որ մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը չի սահմանում բացառություն, երբ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքով ներկայացվում է նոր միջնորդություն պետական տուրքի գումարի վճարումը հետաձգելու մասին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մերժվում է, վճռաբեկ բողոքը շտկելու, վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հնարավորություն)՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:

(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի վերաբերյալ իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով 17.05.2023 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը բավարար չի դիտարկում կազմակերպության կողմից վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարի վճարումը հետաձգելու մասին միջնորդության ներկայացման դրությամբ ներկայացված բանկային հաշվի քաղվածքը որպես անձի գույքային դրությունը հիմնավորող ապացույց՝ միջնորդությունը հիմնավոր համարելու կապակցությամբ և այս մասով իր կողմից կայացված դատական ակտը չի պատճառաբանում) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը. ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով արդյո՞ք ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի գումարի չսահմանումն օրենսդրի կողմից արդարացված է և համաչափ է հետապնդվող նպատակին»:

Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, այդ թվում՝ նույն կետի «ա» և «թ» ենթակետերին՝ Դիմողը նշում է, որ օրենսդիրը, գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքների համար սահմանելով բազային տուրքի 10-ապատիկի չափով պետական տուրքի գումար, նպատակ է ունեցել տարանջատել գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման վարույթի համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը՝ հաշվի առնելով, որ բողոքարկվում են ոչ թե գործն ըստ էության լուծող դատական ակտեր, այլ գործի վարույթի ավարտման վերաբերյալ դատական ակտեր, որոնք թեև գործն ըստ էության լուծող դատական ակտեր չեն, սակայն եզրափակիչ դատական ակտեր են: Հետևաբար, ըստ դիմողի, եթե պետական տուրքի դրույքաչափերի միջև տարբերություն չի դրվում գործն ըստ էության լուծող դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման դեպքում, մասնավորապես՝ տվյալ դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման արդյունքում կայացված՝ գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտի և նույն գործով կայացվելիք վճռի՝ որպես գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտի միջև առաջանում է իրավական անորոշություն, այդ թվում՝ օրենսդրական բաց, որը համահունչ չէ Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր նկատմամբ կիրառվել է հակասահմանադրական մեկնաբանությամբ, որով սահմանափակվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, քանի որ վերջինիս չի տրամադրվել վճռաբեկ բողոք բերելու նոր ժամկետ՝ իր կողմից հայցվող պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու պայմաններում վճռաբեկ բողոքն այս մասով շտկելու կապակցությամբ, որը համահունչ չէ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին ևս՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ տրված նման մեկնաբանումը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Բացի դրանից, Դիմողը նշում է, որ իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածը և 31-րդ հոդվածի «գ» կետը ևս կիրառվել են հակասահմանադրական մեկնաբանությամբ, քանի որ իր՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է՝ նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանը, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, բավարար չի դիտարկել իր կողմից ներկայացված բանկային հաշվի քաղվածքը՝ իր գույքային դրությունը հիմնավորելու տեսանկյունից:

Դիմողի գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանը, բավարար չգնահատելով իր կողմից ներկայացված հաշվի քաղվածքը՝ իր դրամական միջոցների վերաբերյալ, և դատական ակտը տվյալ մասով չպատճառաբանելով, սահմանափակել է Դիմողի վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը, զրկել Հայցվորին իր ենթադրյալ իրավունքների խախտման վերաբերյալ կայացված վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքից՝ խաթարելով արդարադատության բուն էությունը, որը համահունչ չէ Սահմանադրության 61, 63, 75 և 78-79-րդ հոդվածներին:

3. Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) գտնում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ դրամական պահանջի գործերով («Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետ) և ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով («Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «թ» ենթակետ) վճարման ենթակա պետական տուրքի չափը:

Ըստ Պատասխանողի՝ օրենսդիրը, չսահմանելով գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված՝ որոշումը վերացնելու և գործը վերսկսելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար առանձին կարգավորում, առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ դա կարգավորված է ընդհանուր կանոնով, և չկա որևէ առանձնահատկություն այդ որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկման դեպքում պետական տուրքի այլ դրույքաչափ սահմանելու համար:

Պատասխանողը, անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, ինչպես նաև 31-րդ հոդվածի «գ» կետի հակասահմանադրականության վերաբերյալ պնդումներին, նշում է, որ միայն այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը բավարար չի դիտարկել բանկային հաշվի քաղվածքը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնություն կիրառելու համար, չի կարող առաջացնել «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի «գ» կետի հակասահմանադրականության հարց:

Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հակասահմանադրականության վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ Պատասխանողը պնդում է, որ օրենսդիրը սահմանել է ինչպես սահմանված ժամկետը լրանալուց հետո վճռաբեկ բողոք բերելու, այնպես էլ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում դիմումը վերադարձնելու կարգը՝ հնարավորություն տալով Դիմողին շտկել բողոքում առկա թերությունները և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել: Դիմողի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության: Պատասխանողի դիտարկմամբ՝ օրենսդիրը չի կարող սահմանել բացարձակ հնարավորություն՝ յուրաքանչյուր թերության շտկման համար լրացուցիչ ժամկետ տրամադրելով: Միաժամանակ Պատասխանողը գտնում է, որ Դիմողը կարող էր ղեկավարվել «Պետական տուրքի մասին» օրենքով՝ միաժամանակ սահմանված չափով պետական տուրքի գումար չունենալու դեպքում, ներկայացնել պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, և այդ պայմաններում միջնորդությունը մերժվելու դեպքում հնարավորություն կունենար կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք՝ թերությունները շտկված վիճակում, ուստի՝ Դիմողի համար բացասական հետևանքներն առաջացել են վերջինիս կողմից սոսկ «Պետական տուրքի մասին» օրենքով չղեկավարվելու արդյունքում:

Ելնելով վերոգրյալից՝ Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

4. Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի մասերով, ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

4.1. «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու պայմաններից մեկը վիճարկվող դրույթի՝ դիմողի նկատմամբ կիրառված լինելն է։

Ընդ որում, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:

Թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործի շրջանակում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ» ենթակետից մինչև «ժե» ենթակետը Դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի պայմաններում Դիմողը նշված դրույթի սահմանադրականության հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի մասով սույն գործի քննությունը ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։

4.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Ընդ որում, Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Ելնելով դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթների կիրառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտին, ըստ էության քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականությանը, այլ դատական ակտի օրինականության, այդ դատական ակտով նորմատիվ իրավական ակտերի դրույթների կիրառման իրավաչափության հարցին։

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի մասերով ևս, ենթակա է կարճման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, այդ թվում նաև՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» և «թ» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ»-«ժե» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի մասերով, կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

23 ապրիլի 2024 թվականի

ՍԴԱՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել