ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 48 | ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 օգոստոսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Արփինե Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արփինե Սարգսյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 12-ին) խնդրել է. «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ (...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ թիվ ԵԴ/36229/02/19 քաղաքացիական գործը քննելիս, դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետին դատարանների կողմից տրվել է այլ ՀՀ Սահմանադրության 4-րդ, 6-րդ, 23-րդ հոդվածներին, 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող սխալ մեկնաբանություն և կիրառվել է, որի արդյունքում խախտվել է դիմողի ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով սահմանված արժանապատվության անխախտելիության և 57-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավունքը»:
2. Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթով նախատեսված «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք» ձևակերպումը, որը վերաբերում է «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողներին» հնարավորություն է տալիս գործատուներին, չարաշահելով իրենց իրավունքը, ազատվել անցանկալի աշխատակիցներից ձևականորեն, սուբյեկտիվ գնահատողականությամբ աշխատողի ցանկացած արարք որակելով որպես անհամատեղելի արարք, քանի որ ըստ դիմողի բացակայում է իրավանորմի փաստակազմի համեմատականության օրենսդրական չափանիշը: Ըստ դիմողի, երբ գործատուի անունից հանդես եկող ղեկավար անձն իր սուբյեկտիվ գնահատողական համակարգում գտնում է, որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, ապա նախատեսված չեն ոչ պարբերականության գործոնը, ոչ հարգելի պատճառները որոշելու պարտականությունը և ոչ էլ իրավական որոշակիություն ապահովող ամենագլխավոր գործոնները. կոնկրետ սահմանված չեն այն արարքները, որոնց իրազեկվելով աշխատողը պետք է ապահովի համապատասխան վարքագիծ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է համաչափության սկզբունքի խախտման հիմնական իրավունքներին միջամտելու առումով: Դիմողը նշում է նաև, որ դատարանի կողմից իրավանորմին տրված մեկնաբանությունը խախտում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության և 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքները, քանի որ դատարանն իրավունք չուներ վերացական դատողությունը դնել իրավանորմի կիրառության հիմքում։ Բացի դրանից, դատարանն աշխատողին ոչ միայն զրկել է տվյալ աշխատանքից, այլև դատական ակտի որոշակիության տեսանկյունից աշխատողին զրկել է նաև հետագայում այլ գործատուի մոտ ուսումնադաստիարակչական աշխատանք փնտրելու և ստանալու իրավունքից (հնարավորությունից)։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետեր)։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Տվյալ դեպքում դիմողի կողմից բարձրացված խնդրի առանցքում օրենսդրի կողմից այն արարքների ցանկը սահմանված չլինելն է, որոնք անհամատեղելի են ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից տվյալ աշխատանքը շարունակելու հետ։ Սահմանադրական դատարանն իր 24.11.2020թ. ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ, չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, քանի որ կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից չի սահմանվել ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացում ենթադրող աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքների սպառիչ ցանկ, դեռևս չի նշանակում, որ առաջանում է այդ հոդվածի սահմանադրականության հարց։ Օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ օրենսդիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք է համարել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից միայն այնպիսի արարքի կատարումը, որն անհամատեղելի է տվյալ աշխատանքը շարունակելու հետ, իսկ թե որ արարքներն են ներառվում այդ հիմքի մեջ, օբյեկտիվորեն հնարավոր չէ սպառիչ նախատեսել օրենքով։ Հետևաբար կոնկրետ դեպքում արարքի անհամատեղելիությունն ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացում ենթադրող աշխատանքը շարունակելու հետ ենթակա է գնահատման կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել բավարար փաստարկներ և իրավանորմերի համադրված վերլուծությամբ չի փաստել, որ վիճարկվող դրույթներով խախտվում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքները և ազատությունները։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում դիմողը, ի թիվս այլնի, նշել է, որ «դատարանի կողմից իրավանորմին տրված (…) մեկնաբանությունը խախտում է և Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության և 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքները, քանի որ (…) վերացական դատողությունը դատարանն իրավունք չուներ դնել իրավանորմի կիրառության հիմքում», «(…) դատարանը (…) ոչ միայն աշխատողին զրկել է տվյալ աշխատանքից, այլ դատական ակտի որոշակիության տեսանկյունից աշխատողին զրկել է նաև հետագայում այլ գործատուի մոտ ուսումնադաստիարակչական աշխատանք փնտրելու և ստանալու իրավունքից (հնարավորությունից) (…)»։ Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանների կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ դիմողին վերագրվող արարքի և ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացում ենթադրող աշխատանքը շարունակելու անհամատեղելիության հարցի վերաբերյալ դատարանների եզրահանգումների գնահատում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արփինե Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ե. Խունդկարյան Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
6 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
