Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16821 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-168)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 168 | «ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սամվել Կարապետյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասի և 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սամվել Կարապետյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արշակ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության և ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ դատական ակտերով կիրառված նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը, դրան և նույն օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունները՝ այնքանով, որքանով այդ նորմերն առերևույթ հակասահմանադրական մեկնաբանությամբ կիրառած Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական ակտերով Ս. Կարապետյանը ոչ իրավաչափորեն զրկվել է՝

1. նոր էական փաստարկների ներկայացմամբ Առաջին ատյանի դատարանում սկզբնական կալանքի որոշման իրավաչափությունը վիճարկելու իրավական պատշաճ ընթացակարգից, դրա կիրառմամբ նույնիսկ օրենսդրորեն երաշխավորվող լսվելու, լրացուցիչ նյութեր ներկայացնելու և այլ իրավունքներից.

2. արդար դատաքննության իրավունքի խախտմամբ կայացված Առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ որոշման իրավաչափությունը վերադաս դատական ատյաններ վիճարկելու (դատարանի մատչելիության) իրավունքից»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/1010/15/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ պաշտպանների ներկայացրած՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ համապատասխան վարույթի հարուցումը ոչ իրավաչափորեն մերժելով, այդ կերպ՝ իրեն կալանքի տակ պահելու իրավաչափությունը վիճարկող Դիմողին արդար դատաքննության իրավունքից զրկելով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը կիրառել է առերևույթ հակասահմանադրական՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ, որի հետևանքով հերթական որոշման կայացումը հանգեցրել է նույն դատավորի կայացրած սկզբնական կալանավորման որոշմամբ ոչ իրավաչափորեն և անհամաչափորեն կալանքի տակ հայտնված իր անձնական ազատության և անձեռնմխելիության հիմնարար իրավունքի շարունակական խախտման, զրկել իրեն կալանքի տակ պահելու անհնարինության վերաբերյալ նոր էական փաստարկները դատալսումների ժամանակ համապատասխան դատարան ներկայացնելու, լրացուցիչ նյութեր տրամադրելու, դրանց վերաբերյալ վարույթի հանրային մասնակիցների հակափաստարկները լսելու և վերջին հաշվով՝ վիճարկվող հարցով արդարացի որոշում կայացնելու հնարավորություններից։

Դիմողը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում կայացնելիս, իսկ վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավակարգավորումը տառացիորեն մեկնաբանելիս և կիրառելիս պետք է խուսափեին «անհարկի ձևականություններից», քանզի այն ուղղակիորեն ազդելու էր իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկող վարույթի արդարության վրա։

Ըստ Դիմողի՝ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, որը խնդրո առարկա գործի շրջանակներում վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանները կիրառել են առերևույթ հակասահմանադրական մեկնաբանությամբ, առերևույթ հակասահմանադրական դրույթ է այնքանով, որքանով տվյալ դրույթը բացառում է թիվ ԵԴ1/1010/15/25 գործի շրջանակներում ներկայացված՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդության հիման վրա «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշումը վերադաս ատյաններում վիճարկելու (վերանայելու) հնարավորությունը։

Դիմողը պնդում է, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրված համապատասխան մեկնաբանությունից բխում է, որ եթե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը համապատասխան միջնորդությունն ըստ էության քննարկեր և մերժեր (կայացներ միջնորդությունը մերժելու մասին որոշում), այն կարող էր վիճարկվել հատուկ վերանայման կարգով՝ որպես բողոքարկման ենթակա դատական ակտ։ Մինչդեռ, ըստ Դիմողի՝ տվյալ միջնորդությունը «մերժվել» է վարույթ հարուցելը մերժելու ընթացակարգի կիրառմամբ և վիճարկվող դրույթի առերևույթ հակասահմանադրական մեկնաբանության հետևանքով ոչ իրավաչափորեն դիտարկվել որպես անբողոքարկելի դատական ակտ։

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված առերևույթ հակասահմանադրական մեկնաբանության հետևանքով խախտվել է նաև օրենքի առջև վարույթի մասնակիցների հավասարության սկզբունքը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ տվյալ նորմին տրված նեղ մեկնաբանությունը, համաձայն որի՝ վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած կարևոր միջնորդության կապակցությամբ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 63-րդ հոդվածի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված՝ 3, 26, 29, 61, 66 և 80-րդ հոդվածների պահանջներին։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգել է, որ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդության հիման վրա «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում կայացնելիս և տվյալ դատական ակտն անվիճարկելի (բողոքարկման ոչ ենթակա) դիտարկելիս, այդ կերպ՝ դրա դեմ ներկայացված վերանայման բողոքների քննությունն ըստ էության մերժելիս ՀՀ դատարանները վիճարկվող դրույթները կիրառել են Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 63-րդ հոդվածի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված՝ 3, 26, 29, 61, 66 և 80-րդ հոդվածների պահանջներին առերևույթ հակասող մեկնաբանությամբ։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասի և 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Անձի կյանքին վտանգ սպառնալու և այն չեզոքացնելու հնարավորությունը հիմնավորված չլինելու հանգամանքը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ համատեքստում Միջնորդության նույնիսկ բավարարման հիմք էր, առնվազն բավարար Էր այն քննարկելու նպատակով դատական նիստ նշանակելու համար, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը արձանագրային կարգով բայցև բովանդակային քննարկել և ըստ էության այն մերժել է՝ կայացնելով վարույթի հարուցումը մերժելու որոշում։

Անհրաժեշտ էր հաշվի առնել Սամվել Կարապետյանի առողջական վիճակից բխող այն հանգամանքները, ըստ որի՝ վերջինիս ցուցված է ամբուլատոր բժշկական օգնություն, առողջական վիճակի մշտադիտարկում, այնպիսի բժշկական միջամտություններ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են, ինչպես նաև դրանց՝ բացառապես արտերկրում հասանելի լինելը։ Նշվածն անխուսափելիորեն պետք է գնահատվեր խափանման միջոցի իրավաչափության հիմքերի փոփոխման տեսանկյունից՝ ինչպես վկայակոչված քրեադատավարական նորմերի, այնպես էլ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի և Բարձր դատարանների որոշումների լույսի ներքո։ Մինչդեռ մինչ այս պահն արձանագրվել է Սամվել Կարապետյանին հավելյալ ֆիզիկական և հոգեկան զրկանքներ պատճառելու մոտեցումը՝ ինչպես վերջինիս նկատմամբ անհամաչափ խիստ, «ultima ratio» խափանման միջոցի կիրառման, այնպես էլ նրան քրեակատարողական հիմնարկից դուրս նույնիսկ գործիքային հետազոտության ներկայացնելը մերժելու եղանակներով»:

Դիմողը նաև նշել է. «(...) Առաջին ատյանի դատարանը ոչ միայն չի ծանոթացել Միջնորդությանը կից ներկայացված նյութերին, մասնավորապես՝ առանձին ծրարով ներկայացված բժշկական փաստաթղթերին, այդ թվում՝ բժշկուհի Լ. Գոլուբևային փաստաբանական հարցման ենթարկելու արդյունքներին, այլև վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելուց առաջ նույնիսկ Միջնորդությունը ուշադրությամբ չի ընթերցել (...)»:

Դիմողը ներկայացրել է նաև դիրքորոշում առ այն, որ. «Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ մերժումը, դրա «հիմնավորումները», հիմնվելով նաև դատական ակտի եզրափակիչ մասում դատավոր Ա.Կարապետյանի մատնանշված բողոքարկման կարգի վերաբերյալ պարզաբանման վրա, բողոքարկել ենք վերադաս դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը փաստացի հրաժարվել է պաշտպանական կողմի բողոքները քննարկել՝ պատճառաբանելով, որ Աոաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկման ենթակա դատական ակտ չէ։

Իր հերթին, Վճռաբեկ դատարանը, որը վստահաբար քաջատեղյակ է դատարանների կողմից քրեադատավարական քննարկվող նորմի տարատեսակ կիրառման փաստերի մասին, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու՝ ըստ էության համաձայնել է Վերաքննիչ դատարանի խնդրահարույց և առերևույթ հակասահմանադրական դիրքորոշման հետ՝ ուղղակի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշում կայացնելով»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/1010/15/25 գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասի և 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Սամվել Կարապետյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասի և 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-168

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-168
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել