«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 ապրիլի 2020թ. ՍԴԴԿՈ - 23 | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 ապրիլի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ա. Դիլանյանի
Ֆ. Թոխյանի
Քննության առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի
դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2020 թվականի ապրիլի 3-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«....որոշում կայացնել «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին չհամապատասխանելու վերաբերյալ»:
2. Ըստ դիմողի` վիճարկվող նորմը չի համապատասխանում Սահմանադրությանը, նախ քանի որ նախատեսված չէ, թե բանկն ինչ պարտականության չկատարման համար է պարտավոր վճարել ավանդատուին երեք հարյուր հազար դրամ տուգանք: Այսինքն, ըստ դիմողի տուգանք կամ այլ պատասխանատվություն նախատեսող օրենքի նորմով պետք է հստակ սահմանված լինի, թե պատասխանատվության ենթարկվող սուբյեկտն ինչպիսի գործողության կատարման, չկատարման կամ անգործության համար է ենթարկվում պատասխանատվության: Մինդեռ, ոչ միայն որոշակի և պարզ սահմանված չեն բանկի վարքագիծը և դրա հետևանքները, այլ նույնիսկ չի սահմանվել, թե ավանդատուի ո՞ր իրավունքների խախտման համար է տուգանքը ենթակա վճարման: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմը չունի հստակ կարգավորում և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ ֆինանսական կազմակերպության համար պարզ և մատչելի չի նկարագրվում, թե կոնկրետ ո՞ր գործողության կամ անգործության համար է վերջինս վճարելու տուգանք սպառողին: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը չի համապատասանում Սահմանադրությանը նաև այն համատեքստում, որ որպես տուգանք սահմանված երեք հարյուր հազար դրամն ակնհայտ անհամաչափ է առաջացող հետևանքներին: Տուգանքի նման չափը միտված է ոչ թե ավանդատուի իրավունքների վերականգնմանը, այլ կոչված է զրկելու ֆինանսական կազմակերպությանն իր սեփականությունից:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը, ըստ էության, առաջադրում է երկու խումբ փաստարկներ: Առաջինն այն է, որ վիճարկվող նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ինչի հետևանքով ֆինանսական կազմակերպության համար որոշակի չեն դրա գործողության շրջանակները, մասնավորապես այն, թե ո՞ր պարտականությունների չկատարման համար է պարտավոր վճարել ֆինանսական կազմակերպությունն ավանդատուին: Ինչպես վկայում է գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը, ընդհանուր իրավասության դատարանները համապատասխան դատական ակտերում արձանագրել են դիմողի կողմից «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունների չկատարման փաստը, ինչն էլ հիմք է հանդիսացել վիճարկվող նորմով նախատեսված տուգանքի առաջացման համար: Դիմողն իր փաստարկներում վկայակոչում է, որ ավանդատուի իրավունքների խախտում է համարվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունների չկատարումը, ինչը վկայում է այն մասին, որ դիմողի համար առնվազն պարզ է եղել, թե ո՛ր պարտականությունները չկատարելու համար է վրա հասել տուգանքը: Այլ հարց է, որ դիմողի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է օրենսդիրն իրեն ծանրաբեռնել նման պարտականություններով: Դիմողը խնդրո առարկա դրույթը վիճարկել է նաև դրանով սահմանված տուգանքի չափի սահմանադրականության մասով մատնանշելով, մասնավորապես, որ այն չի համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին, և որ անհասկանալի է տուգանքի նման չափի սահմանումն այն պայմաններում, երբ ավանդատուն նյութական որևէ վնաս չի կրում կամ ավանդատուն ցանկացած ժամանակ կարող է պահանջել և ստանալ իր քաղվածքը վերականգնելով իր ենթադրյալ խախտված իրավունքը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի նման փաստարկները սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, քանզի պարտականության կատարմամբ ապահովված իրավունքն իրացնելու հնարավորությունների ընտրության իրավունքը կոնկրետ դեպքում վերապահված է ավանդատուին, որը պարտականություն կրողին չի ազատում իր բոլոր պարտականությունները պատշաճ կատարելու պահանջից. տուգանքն ուղղված է պարտականությունների կատարումն ապահովելուն, իսկ տուգանքի չափի սահմանումը օրենսդիր մարմնի իրավասությունների տիրույթում է, և միայն հիմնավորված դիմում ներկայացնելու դեպքերում դրանց համաչափությունը կարող է քննարկման առարկա դառնալ Սահմանադրական դատարանում, ինչը սույն դիմումի շրջանակներում բացակայում է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը .... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է...»: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի անելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Միաժամանակ, դիմողը պետք է պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական ո՛ր իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, այսինքն` կատարի պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ .
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
20 ապրիլի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 ապրիլի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
