«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՈՒՎԿ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 22 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՈՒՎԿ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 մայիսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 2-ին, որով դիմողը խնդրել է. «1․ Որոշել, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, 79-րդ հոդվածի, 81-րդ հոդվածների համապատասխանելիության հարցը, թե արդյո՞ք երբ արտադատական կարգով բռնագանձման արդյունքում, հրապարակային սակարկությունների մասին ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում անցկացված աճուրդների արդյունքում գրավառուին և/կամ երրորդ անձին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվի նաև գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի հստակ կամահայտնությունն արտահայտող բռնագանձման ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, այն պայմաններում եթե բռնագանձման գործընթացի վերաբերյալ ծանուցման պատշաճությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով (թե՛ թիվ ԵԿԴ/1315/02/17, թե՛ ԵԱՔԴ/0370/04/16 գործերի շրջանակներում) և գրավատուն սպառել է բռնագանձման ծանուցումը վիճարկելու իր դատական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև այն պարագայում, երբ Անշարժ գույքն իրացվել է աճուրդային եղանակով և գրավատուի համար ընկալելի է եղել գրավառուի հստակ կամահայտնությունը գույքի իրացման եղանակի վերաբերյալ հաշվի առնելով Անշարժ գույքն աճուրդի դրված լինելու հրապարակային ծանուցումները։ 1․1 Այս համատեքստում որոշել նաև, թե արդյո՞ք թիվ ՎԴ/9799/05/18 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին չի տրվել այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին, որը նաև ըստ միջազգային և ներպետական պրակտիկայի, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը ճանաչելով թիվ ՎԴ/9799/05/18 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիությունը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող։ 2․ Ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով բռնագանձման ծանուցումը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին գրավառուի և/կամ երրորդ անձի կողմից ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսելը, այն պայմաններում, երբ առկա է լիարժեք ապացուցողական ուժ ունեցող նոտարական վավերացմամբ պայմանագիր, ՀՀ Սահմանադրությանը հակասող։ 3․ Ճանաչել թիվ ՎԴ/9799/05/18 գործով առանցքային փաստական տվյալ հանդիսացող արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի նախաձեռնմանն ուղղված ծանուցումը, թիվ ԵԿԴ/1315/02/17 գործով առկա օրինական ուժի մեջ մտած վճռի և թիվ ԵԱՔԴ/0370/04/16 գործով առկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ իրավանորմերին տրված մեկնաբանության, վերլուծության և կիրառման արդյունքում բռնագանձման ծանուցում չհամարելը (չճանաչելը) ՀՀ Սահմանադրությանը հակասող»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/9799/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) սույն դիմումով քննարկման առարկա դարձված վարչական գործով հաստատված է փաստական հանգամանք առ այն, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի շրջանակներում գրավատուն վիճարկել է բռնագանձման ծանուցման ստացված չլինելու փաստը և դատարանը այդ առումով քննարկելով նաև բռնագանձման ծանուցման ստացված լինելու և դրա բովանդակության հարցը, հաստատել է գրավատուի կողմից բռնագանձման ծանուցումը ստացած լինելու փաստը և մերժել է ներկայացված հայցադիմումը»։ Դիմողը նշում է. «Ինչ վերաբերում է բռնագանձման ծանուցում ուղարկելու հիմքում ընկած մյուս երաշխիքի ապահովմանը, այն, որ գրավատուն պետք է տեղեկացված լինի, որպեսզի իրեն հասանելի իրավական միջոցների գործադրմամբ կարողանա գրավով ապահոված պարտավորությունը կատարի, գտնում ենք, որ այն պետական գրանցման վարույթի և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ որևէ առնչություն չունի, քանի որ մինչև պետական գրանցումը գրավատուն նաև աճուրդների մասին հայտարարություններով տեղեկացված է եղել գրավադրված գույքի իրացման, դրա եղանակների, արժեքների և բոլոր էական պայմանների մասին և որևէ միջոցներ չի ձեռնարկել գրավով ապահոված պարտավորությունը կատարելու համար»։ Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1668 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները դիմողը պնդում է, որ «(…) առկա չէ ՀՀ Սահմանադրական դատարանի «պատկերացրած» այն իրավիճակը, որ կարող էր դադարել գրավադրված անշարժ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինս պատշաճ ձեւով չի ծանուցվել բռնագանձման գործընթացի վերաբերյալ, ինչի հետևանքով զրկված է եղել այդ գործընթացի դեմ իրավական պաշտպանության մեխանիզմների գործադրման հնարավորությունից, քանի որ բռնագանձման գործընթացը ոչ պատշաճ կազմակերպված լինելու վերաբերյալ փաստարկները հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ուստի մեկ այլ վեճի շրջանակներում գրավատուն իրացրել է իր դատական պաշտպանության իրավունքը»։ Ըստ դիմողի « (…) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նշված բռնագանձման ծանուցումը ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացնելու պարտավորություն նախատեսելը, այն պարագայում երբ անհնարին է ծանուցման ապահովումը ինչպես օրենքով, այնպես էլ, տվյալ դեպքում, պարտապանի և/կամ գրավատուի կողմից իր իսկ կամքով ստորագրված (ընդունելի) պայմանագրով սահմանված կարգով, ինչպես նաև, երբ արդեն իսկ հետագայում պարտապանի և/կամ գրավատուի կողմից վիճարկվել է արտադատական կարգով բռնագանձման գործընթացի և բռնագանձման ծանուցման օրինականությունը առանձին դատական գործերով և առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, հանգեցնում է գրավառուի և/կամ երրորդ անձի ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, 79-րդ հոդվածի, 81-րդ հոդվածի խախտումներին (…)»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի հիշյալ դրույթի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն անհատական դիմումով դիմողը, ձևականորեն վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ (…) ինչպես վարչական մարմինը ՀՀ կադաստրի կոմիտեն, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանը և ստորադաս դատարանը, բռնագանձման ծանուցումը պատշաճ կերպով գրավատուին հանձնված լինելու փաստը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված լինելու պայմաններում, իրավասու չէին պահանջելու վարչական վարույթի նյութերում բռնագանձման ծանուցման առկայությունը, ինչը նախադատելի չի համարվել ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանների համար և բռնագանձման ծանուցման պատշաճությունը վերստին ապացուցվել է խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը (…)»։ Բացի դրանից, դիմողը սույն անհատական դիմումի խնդրամասում առաջադրել է հետևյալ պահանջը «(…) Ճանաչել թիվ ՎԴ/9799/05/18 գործով առանցքային փաստական տվյալ հանդիսացող արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի նախաձեռնմանն ուղղված ծանուցումը, թիվ ԵԿԴ/1315/02/17 գործով առկա օրինական ուժի մեջ մտած վճռի և թիվ ԵԱՔԴ/0370/04/16 գործով առկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ իրավանորմերին տրված մեկնաբանության, վերլուծության և կիրառման արդյունքում բռնագանձման ծանուցում չհամարելը (չճանաչելը) ՀՀ Սահմանադրությանը հակասող»: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը վիճարկվող նորմի դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես վերաքննիչ վարչական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Ա. Վաղարշյան
18 մայիսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
