Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7527 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 75 | «ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի և 145-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի հունիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լիլիթ Մուսեյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. … Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63-րդ, 69-րդ, 28 և 29-րդ, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Վարչական դատավարության» օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասը: … Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Վարչական դատավարության» օրենսգրքի 145-րդ հոդվածն, այնքանով, որքանով ՀՀ Վարչական Վերաքննիչ դատարանին լիազորություն չի վերապահում քննարկել արդարության, արդարադատության շահի, իրավունքի էության, խտրականության արգելքի սկզբունքների կիրառության հարց»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/2083/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել վարչական դատարանի և վերաքննիչ վարչական դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված 2022 թվականի մայիսի 4-ի և 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշումներով անմիջականորեն վկայակոչված և վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ թեև անմիջականորեն չվկայակոչված, սակայն փաստացի կիրառված, inter alia, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի, 118.4-րդ հոդվածի 1-ին մասի և 145-րդ հոդվածի դրույթները: Դիմողը փաստում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներով սահմանված է բացառություն կրկնակի պակաս 15-օրյա ժամկետ գործն ըստ էության լուծող դատական ակտերի` վերադաս դատարանում վիճարկման համար սահմանված ընդհանուր կանոնից մեկամսյա ժամկետի համեմատ: Ըստ Դիմողի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունն արդար դատաքննության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքների իմաստով քրեական է, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ և 117-րդ հոդվածների վիճարկվող դրույթներով ապահովված չեն «քրեական մեղադրանքի» դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման կոնվենցիոն և սահմանադրական երաշխիքները, հետևաբար նշված դրույթները հակասում են Սահմանադրության 61, 63 և 69-րդ հոդվածներին: Դիմողն ընդգծում է, որ տվյալ տարբերակումը չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այս տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում կոնվենցիոն և սահմանադրական նպատակ և համաչափ չէ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակներին: Հետևաբար` ըստ Դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ և 117-րդ հոդվածների վիճարկվող դրույթները հակասում են նաև Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին: Միաժամանակ, Դիմողը նշում է, որ իր նկատմամբ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կիրառված և սույն դիմումով վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են վերաքննիչ դատարանի լիազորությունները, … սակայն դրանով դատարանին վերապահված չէ` «սահմանված դատավարական ժամկետի արդարացի լինելու հանգամանքի քննարկումը», լիազորություն»: Դիմողի պնդմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 145-րդ հոդվածով ապահովված չէ արդար դատաքննության սահմանադրական իրավունքը, որն իրավական բաց է և հակասում է Սահմանադրությանը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ` «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. Այսպես` Դիմողը խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 28, 29, 61, 63, 69, 80 և 81-րդ հոդվածներին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես` Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված օրենքի առջև ընդհանուր հավասարության, 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքների, 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության, 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության, 69-րդ հոդվածով երաշխավորված դատապարտվածի բողոքարկման իրավունքների, ինչպես նաև 80 և 81-րդ հոդվածների խախտման վերաբերյալ պնդում, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման փաստը, հետևաբար վիճարկվող դրույթի և իր համապատասխան իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել, քանզի Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 61, 63 և 69-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Ավելին, Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը և հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան սահմանող 28, 29, 80 և 81-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք առանձին չեն կարող դառնալ քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հետևաբար սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 28, 29, 80 և 81-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում: Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը դիմումով ներկայացրել է պնդումներ առ այն, որ Սահմանադրության 28, 29, 61, 63 և 69-րդ հոդվածներին հակասում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածը, սակայն այս մասով բավարար հիմնավորումներ դիմումում առկա չեն: Ավելին, դիմումի խնդրամասում Դիմողը վկայակոչել է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 28, 29, 61, 63, 69, 80 և 81-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացը Սահմանադրության 1, 3 և 75-րդ հոդվածներին հակասող ճանաչելու վերաբերյալ խնդրանք: Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի հակասությունը Սահմանադրության 61, 63 և 69-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար` Սահմանադրության 28, 29, 80 և 81-րդ հոդվածներին: Միաժամանակ, սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի հակասությունը Սահմանադրության 61, 63 և 69-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար նաև Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին: Ամփոփելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրության 28, 29, 61, 63, 69, 80 և 81-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի Սահմանադրության 28, 29, 61, 63, 69-րդ հոդվածներին համապատասխանության մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. Դիմողի կողմից բարձրացված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված են համապատասխան իրավակարգավորումներ, որոնցից էլ բխում է այդ կապակցությամբ օրենսդրի կամքը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են վերաքննիչ դատարանի լիազորությունները: Մասնավորապես տվյալ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ։ Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ թիվ ՎԴ/2083/05/22 վարչական գործի շրջանակներում կիրառվել է վերոնշյալ դրույթը, և վերաքննիչ վարչական դատարանը որոշել է.

1. Լիլիթ Մուսեյանի միջնորդությունը բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված թիվ ՎԴ/2083/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 23.06.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը վերականգնելու մասին, մերժել.

2. թիվ ՎԴ/2083/05/22 վարչական գործով ըստ հայցի Լիլիթ Մուսեյանի ընդդեմ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 28.12.2021 թվականի թիվ 2114002856 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 23.06.2022 թվականի վճռի դեմ Լիլիթ Մուսեյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել»: Հետևաբար Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում առկա չեն Սահմանադրական դատարանի կողմից հիշատակված այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան ստեղծված իրավիճակը դիտարկել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա «օրենսդրական բաց» ձևակերպման ներքո։ Սույն գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ Դիմողը խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի համապատասխանությունը Սահմանադրության 1, 3 և 75-րդ հոդվածներին, սակայն չի ներկայացրել որևէ հիմնավորում նշված հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես` Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 1, 3 և 75-րդ հոդվածների խախտման վերաբերյալ պնդում, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման փաստը, հետևաբար նաև տվյալ փաստի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածները ներառված չեն Սահմանադրության 2-րդ գլխում, իսկ 75-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն առանձին չի կարող դառնալ քննության առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել։ Ուստի Դիմողը չի հիմնավորել նաև իր կողմից վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության 1-ին, 3 և 75-րդ հոդվածներին։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման» ընդգծումները Սահմանադրական դատարանի: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Դիմողը դիմումում ներկայացրել է պնդում առ այն, որ « արդար դատաքննության սահմանադրական իրավունքի հիմնական սկզբունքն է, սակայն, վիճարկվող ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 145-րդ հոդվածով ապահովված չէ այդ իրավունքը, ինչ իրավական բաց է և հակասում է ՀՀ Սահմանադրությանը», սակայն չի ներկայացրել որևէ հիմնավորում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի Սահմանադրության նաև 63-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ, այլ պարզապես սահմանափակվել է նման պնդման վկայակոչմամբ։ Ավելին, անհատական դիմումի խնդրամասում Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացը Սահմանադրության միայն 1-ին, 3 և 75-րդ հոդվածներին հակասող ճանաչելու վերաբերյալ խնդրանք: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի մասով ևս, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի և 145-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-75

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-75
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել