Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4119 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 41 | «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 4-ին, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 60, 61, 63, 78, 79, 80, 81 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար»։

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/11554/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթները «(...) բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթներով ամրագրված պահանջներին, քանի որ հստակ չէ կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, թե ոչ։ Եթե գրավի իրավունքը չի պահպանում իր ուժը, այլ կերպ գրավը դադարում է, ապա, օրենքի որ նորմի հիմքով է այն դադարում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի, թե՞ 242-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, թե այդ բոլոր դրույթների Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության հիմքով»։ Դիմողը գտնում է, որ «(...) Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը, 172-րդ հոդվածի 6-րդ մասը և 242-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշներին, ուստի դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությանը»։ Դիմողը նշում է, որ «(...) ըստ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակության ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրավի առարկան մեկ անձից մյուսին ի սեփականություն անցնելու ընթացքում առանց որևէ իրավական հիմքի գրավի իրավունքը կարող է դադարել, ինչն էլ հանգեցնում է անձի սեփականության իրավունքի խախտման»։ Դիմողը գտնում է, որ «(...) Երևան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 60 շինության վերաբերյալ կադաստրային գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Աստղիկ Հովիկյանի կողմից Ռիգայի փող., 126/4 շենքի 60 շինության հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ դիմումին կից չի ներկայացվել իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված իրավահաստատող փաստաթուղթը Կոոպերատիվի փայավճարն ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը որպիսի պայմաններում պետք է փաստել, որ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ Աստղիկ Հովիկյանի սեփականության իրավունքը ենթակա չէր պետական գրանցման: Վերոնշված հանգամանքը անտեսվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որի արդյունքում, ի թիվս այլնի, խախտվել է նաև Բանկի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը»: Ըստ Դիմողի «(...) թիվ ՎԴ/11554/05/18 վարչական գործով վեճի առարկան հանդիսացել է բացառապես 17.07.2012թ. կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջը, մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, խախտելով Բանկի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, օրինականության հիմնարար սկզբունքը, դուրս է եկել վեճի առարկայի շրջանակներից և գնահատման առարկա է դարձրել Բանկի 02.02.2012թ.-ին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը: Այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանը գնահատական է տվել որևէ դատական ակտով չվերացված և տվյալ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը: Ավելին սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած հակասահմանադրական բովանդակության արդյունքում անուղղակի կերպով կասկածի տակ է դրել վերոնշյալ վարչական ակտի իրավաչափությունը խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության, օրինականության հիմնարար սկզբունքները և վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը»: Դիմողի պնդմամբ` «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին տրված մեկնաբանությունը հանգեցրել է Բանկի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, այլ կերպ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի խախտման»։

3. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է

1) Դիմողի 2023 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականի մայիսի 23-ի ՍԴԱՈ-50 աշխատակարգային որոշմամբ մերժվել է դիմումում առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։ Ընդ որում տվյալ դիմումի շրջանակներում Դիմողը վիճարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) միայն 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը Սահմանադրության բացառապես 60-րդ հոդվածի լույսի ներքո.

2) Դիմողի 2023 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված երկու դիմումներով գործերի քննությունը ևս Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 1-ի ՍԴԱՈ-90 և ՍԴԱՈ-91 աշխատակարգային որոշումներով մերժվել է դիմումների ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Վերոգրյալ երկու դիմումների շրջանակներում Դիմողը բարձրացրել է Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 1-ին, 3, 10, 60, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարց.

3) 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը ևս վիճարկում է Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը Սահմանադրության 60, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների լույսի ներքո:

4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ըստ Դիմողի «(...) ՀՀ, Երևան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 60 շինության վերաբերյալ կադաստրային գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Աստղիկ Հովիկյանի կողմից Ռիգայի փող., 126/4 շենքի 60 շինության հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ դիմումին կից չի ներկայացվել իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված իրավահաստատող փաստաթուղթը Կոոպերատիվի փայավճարն ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը որպիսի պայմաններում պետք է փաստել, որ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ Աստղիկ Հովիկյանի սեփականության իրավունքը ենթակա չէր պետական գրանցման: Վերոնշված հանգամանքը անտեսվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որի արդյունքում, ի թիվս այլնի, խախտվել է նաև Բանկի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը»: Դիմողը նաև նշում է, որ «(...) թիվ ՎԴ/11554/05/18 վարչական գործով վեճի առարկան հանդիսացել է բացառապես 17.07.2012թ. կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջը, մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, խախտելով Բանկի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, օրինականության հիմնարար սկզբունքը, դուրս է եկել վեճի առարկայի շրջանակներից և գնահատման առարկա է դարձրել Բանկի 02.02.2012թ.-ին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը: Այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանը գնահատական է տվել որևէ դատական ակտով չվերացված և տվյալ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը: Ավելին սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած հակասահմանադրական բովանդակության արդյունքում անուղղակի կերպով կասկածի տակ է դրել վերոնշյալ վարչական ակտի իրավաչափությունը խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության, օրինականության հիմնարար սկզբունքները և վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության դատարանների, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 4.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին հակասելու վերաբերյալ պնդում, սակայն չի հիմնավորել իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման փաստը, հետևաբար` վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Մասնավորապես, Դիմողն իր անհատական դիմումում դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) օրենսդիրը նախատեսել է «գրավի իրավունքի պահպանման» կառուցակարգ, որից հետևում է, որ գրավի իրավունքը բոլոր դեպքերում պահպանում է իր ուժը անկախ գրավով ծանրաբեռնված գույքը այլ անձի ի սեփականություն անցնելու եղանակներից»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Օրենսգրքի «Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս» վերտառությամբ 242-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է երեք հիմք, երբ գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը. դրանք են գրավ դրված գույքը հատուցմամբ օտարելը, գրավ դրված գույքն անհատույց օտարելը, կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելը: Այսպիսով, օրենսդրի կամքն այս առումով հստակ է և միայն վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում է գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում իր ուժը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Օրենսգրքի «Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները» վերտառությամբ 170-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար: Այնուամենայնիվ, համաձայն տվյալ դրույթի, նշված իրավակարգավորումից բացառություն են կազմում օրենքով սահմանված դեպքերը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Օրենսգրքի «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածով հստակ սահմանված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը: Դրանցից է նաև նշված հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքը, համաձայն որի սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Ըստ էության, Օրենսգրքի նշյալ հոդվածի 2-րդ մասով է ամրագրված գույքի օտարման գործարքի հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերումը: Մինչդեռ, Օրենսգրքի նույն 172-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմք, այն է բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք: Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին: Սույն անհատական դիմումով չի հիմնավորվում նաև վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին։ Մասնավորապես Դիմողը չի հիմնավորել իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար` վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Փոխարենը Դիմողը սահմանափակվել է Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափության վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար` Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

19 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-41

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-41
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել