ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 ապրիլի 2025թ. ՍԴԴԿՈ - 18 | ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 ապրիլի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Կարեն Ավդալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Կարեն Ավդալյանը (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Հունանյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 2-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր;
(...) «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը միջանկյալ որոշումը կայացնելիս թեև կիրառել է վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, այնուամենայնիվ, խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ դատական պաշտպանությունն արդյունավետ չէ, երբ դիմում ես համապատասխան դատարան՝ արբիտրաժային տրիբունալի վճիռը չեղյալ ճանաչելու խնդրանքով, իսկ տվյալ դատարանը ներկայացված դիմումն ըստ էության քննելու և համապատասխան որոշում կայացնելու փոխարեն, հետաձգում է տվյալ որոշման կայացումը՝ արբիտրաժային տրիբունալին վարույթը վերսկսելու և համապատասխան վճիռը չեղյալ ճանաչելու հիմքերը վերացնելու հնարավորություն տալով:
Դիմողը գտնում է, որ թեև վիճարկվող դրույթներն արբիտրաժային վարույթը վերսկսելու իրավական հնարավորություն են ընձեռում, այնուամենայնիվ, դրանք չեն պարտավորեցնում արբիտրաժային տրիբունալին վերսկսել այդ վարույթը, որն էլ ավելի է հիմնավորում իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի խախտումը:
Միաժամանակ, Դիմողը պնդում է, որ արբիտրաժային դատարանի համապատասխան վճիռը չեղյալ ճանաչելու օրենսդրական հիմքերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ որոշ հիմքեր կարող են վերանալ վերսկսված արբիտրաժային վարույթում, իսկ մի մասը՝ ոչ՝ անկախ նրանից, թե քանի անգամ կվերսկսվի համապատասխան վարույթը:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ չնայած վիճարկվող դրույթներով նախատեսված իրավահարաբերության սահմանում չի բացառվում, որ վերսկսված արբիտրաժային վարույթի արդյունքում կայացվի այնպիսի վճիռ, որով, ըստ էության, բավարարվում է իր խնդրանքը, այսինքն՝ արբիտրաժային տրիբունալը մերժում է հայցն այն նույն հիմքով, որը վկայակոչվել էր համապատասխան վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով, այնուամենայնիվ, դրանից Սահմանադրության 61-րդ հոդվածի խախտումը չի վերանում, քանի որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը միևնույն է կենսագործվում է անարդյունավետ, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակումը հետաձգվում է:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, դրանց հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը ենթակա է մերժման` Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Միաժամանակ, Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտի և նշված դատարանի գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Մասնավորապես՝ վիճարկվող դրույթների առնչությամբ Դիմողը նշում է հետևյալը. «(…) դատական պաշտպանությունն արդյունավետ չէ, երբ դիմում ես Դատարան՝ արբիտրաժային տրիբունալի վճիռը չեղյալ ճանաչելու խնդրանքով, իսկ Դատարանը, փոխարենը, ըստ էության, քննի ներկայացված դիմումը և կայացնի որոշում, հետաձգում է որոշման կայացումը՝ տալով Տրիբունալին հնարավորություն՝ վերսկսել իր վարույթը և վերացնել իր վճռի չեղյալ ճանաչման հիմքերը (…)»:
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, որպիսի պարագայում գործի քննությունը ենթակա է մերժման նաև Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Կարեն Ավդալյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
18 ապրիլի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
