«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 հունվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ռուզաննա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 15-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«1. Մինչև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.05.2023թ. թիվ ՀՕ-160-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը կիրառելի է նաև ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի նկատմամբ, ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 397-րդ հոդվածների և 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքում առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու հանգամանքը հիմնավորված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նկատմամբ թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործով կայացված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) տրված մեկնաբանությունը խախտում է Սահմանադրության 79-րդ հոդվածը, ինչպես նաև հանգեցնում` Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:
Դիմողի պնդմամբ՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ այն կիրառելի է այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել կամ լուծվել է գործատուի նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում նշված նորմում անիմաստ կլիներ օրենսդրի կողմից ընդհանրապես օգտագործել «գործատուի նախաձեռնությամբ» եզրույթը (...)»:
Ըստ Դիմողի՝ «Ստացվում է, որ վիճարկվող հոդվածի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը չի հանդիսացել գործատուի նախաձեռնությունը՝ կարող է հանգեցնել գործատուի սեփականության իրավունքի խախտման։ Մասնավորապես՝ նման պարագայում գործատուի վրա դրվող պարտականությունները կարող են հանգեցնել ինչպես վերջինիս գույքային դրության վատթարացման, այնպես էլ խախտել վերջինիս շահերը՝ իր սեփականության իրավունքի հետ կապված (...)»:
Դիմողը նշում է, որ «(...) մինչև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.05.2023թ. թիվ ՀՕ-160-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ նշված հոդվածը կիրառելի է նաև ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի նկատմամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին»:
Ըստ Դիմողի՝ «(…) բողոքը վարույթ ընդունելը անհարկի մերժելու արդյունքում Վճռաբեկ դատարանը խախտում է իր սահմանադրական վերահսկողության գործառույթը։ Բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում ներկայացվել է մեկ այլ գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որում իրավական նորմը կիրառվել է կամ չի կիրառվել այլ մեկնաբանությամբ, քան այն իրականացվել է տվյալ գործով, Վճռաբեկ դատարանի կողմից պետք է կամ ընդունվի վարույթ կամ պատճառաբանված որոշմամբ ներկայացվի նշված հիմքի բացակայությունը»։
Դիմողը գտնում է, որ «(…) Օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 394-րդ հոդվածի 2-րդ մասի և 397-րդ հոդվածների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, հակասում է Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին»:
Դիմողը գտնում է նաև, որ «(…) Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքում առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու հանգամանքը հիմնավորված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում՝ սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2024 թվականի հունիսի 26-ին:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, մինչդեռ դիմումը Դիմողի կողմից փոստային ծառայությանն է ներկայացվել 2025 թվականի հունվարի 13-ին՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց: Այսինքն՝ սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Դ. Խաչատուրյան
30 հունվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
