«ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-80)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 80 | «ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 նոյեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, իսկ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին) խնդրելով. «…Որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվող շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների տեղափոխումը պարտադիր կարգով ուղեկցող փաստաթղթերով իրականացնելը այն դեպքում, երբ տեղի չի ունեցել տեղափոխվող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի մեկ անձից մեկ այլ անձին փոխանցում, սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված և երաշխավորված սեփականության իրավունքի, մասնավորապես դրա բաղկացուցիչ մաս կազմող տնօրինման իրավունքի իրացումը և նման սահմանափակումը չի բխում պետության, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներից»:
2. Դիմողի դիրքորոշմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կարգավորմամբ, այն է ապրանքի տեղափոխման համար ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պայմանի կիրառմամբ, սահմանափակվում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի, մասնավորապես դրա բաղկացուցիչ մաս կազմող տնօրինման իրավունքի իրացումը: Դիմողը նշում է․ «…վերը նշված սահմանափակումը ոչ միայն չի բխում պետության, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներից, այլև հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ հիմնական իրավունքներն ամրագրող 2-րդ գլխի 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված նորմի պահանջներին…»։ Վերլուծելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ, 10 և 11-րդ հոդվածները դիմողը հայտնել է․ «…հաշվի առնելով, որ սեփականության իրավունքով պատկանող ապրանքի տեղափոխումը մի կետից մեկ այլ կետ ոչ այլ ինչ է, քան դրա տնօրինման իրավունքի իրականացում դրա ճակատագրի հանդեպ ինքնավար կամք դրսևորելու իրավունք, և ապրանքի տեղափոխման ժամանակ, տեղափոխվող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի մեկ անձից մեկ այլ անձին փոխանցում տեղի չի ունենում /հիմք ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 42-րդ մաս/, որպիսի պայմաններում ապրանքը տեղափոխող սեփականատերը եկամուտ չի ստանում, հետևաբար չի առաջանում հարկման բազա, ինչպես նաև հարկ, հետևում է որ ՀՀ հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված վերը նշված սահմանափակումը ոչ միայն չի բխում պետության, հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներից, այլև վերը նշված հիմնավորումներով հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ հիմնական իրավունքներն ամրագրող 2-րդ գլխի 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված նորմի պահանջներին»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պարտավոր է բավարար չափով հիմնավորել, թե Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իր ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: 3.2. Դիմողի կողմից վիճարկվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ սեփականատիրոջ նկատմամբ միայն ուղեկցող փաստաթղթերով ապրանքների տեղափոխություն իրականացնելու պահանջը հարկային հաշվետվողականության և հսկողության արդյունավետության նպատակով օրենսդրի կողմից նախատեսված պահանջ է, որը, թեպետ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին միջամտություն է, այդուհանդերձ դասվում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված «հանրության շահերի … պաշտպանության» բնույթի իրավաչափ նպատակին։ 3.3. Ինչ վերաբերում է դիմողի սեփականության իրավունքի միջամտության համաչափության վերաբերյալ դիմումում ներկայացված հիմնավորումներին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն այս առնչությամբ վկայակոչում է Սահմանադրական դատարանի 2015 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1210 որոշմամբ արձանագրված եզրահանգում առ այն, որ. … օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում»: 3.4. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի սեփականության իրավունքի վերը նշված միջամտությունն օրենսդրի կողմից սահմանափակվել է բացառապես սեփականություն հանդիսացող գույքի օտարման նպատակ չհետապնդող տեղափոխման ժամանակ ընդամենը ուղեկցող փաստաթղթերը գույքի տեղափոխման ընթացքում ապահովելու պարտականությամբ։ Օրենսդրի կողմից վերը նշված իրավաչափ նպատակին հասնելու համար դիմողին իր գույքն ուղեկցող համապատասխան փաստաթղթով ապահովելու պարտականության պիտանիության կամ անհրաժեշտության բացակայության վերաբերյալ դիմողի կողմից բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել։
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, հիմնվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
ԶԵՅԹՈՒՆ ՍՎԻԹ» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Թունյան
24 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-80
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-80
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
