ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները և կրթական ոլորտները 1.
Ամփոփում
Հոդված 11. Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները և կրթական ոլորտները 1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակում՝ որակավորում շնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաև որակավորում չշնորհող լրացուցիչ ծրագրերով. 1) առաջին մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները և կրթական ոլորտները 1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակում՝ որակավորում շնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաև որակավորում չշնորհող լրացուցիչ ծրագրերով. 1) առաջին մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում. 2) երկրորդ մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում. 3) երրորդ մակարդակում ուսումնառությունը և հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի դրական արդյունքով անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններով:
2. Բարձրագույն կրթությունը, ըստ կրթական մակարդակների, կարող է իրականացվել ինտեգրված կրթական ծրագրերով, որոնց շրջանակում բարձրագույն կրթության հաջորդական երկու մակարդակներին համարժեք ուսումնառությունը իրականացվում է մեկ միասնական կրթական ծրագրով, որի ավարտին շնորհվում է ավելի բարձր կրթական մակարդակին համապատասխանող որակավորում:
3. Ինտեգրված ծրագրերի պարագայում ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանում են ավարտական մակարդակի համար սահմանված վերջնարդյունքներին, և ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ, իսկ դոկտորի որակավորում ստանալու համար հետազոտական աշխատանքն ավարտվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ:
4. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում, իսկ ինտեգրված բժշկական ծրագրերով ուսումնառած անձին՝ «բժիշկ» կամ «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորում:
5. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կամ երկրորդ ու երրորդ մակարդակների ինտեգրված ծրագրերը բուհը սահմանված կարգով իրականացնում է գիտական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շրջանակը նկարագրվում է կրթական ծրագրով:
6. Բարձրագույն կրթության հաջորդ կրթական մակարդակում սահմանված կարգով ուսումնառությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն անձինք, որոնք բարձրագույն կրթության նախորդ մակարդակի որակավորում ստացել են հավատարմագրված կամ նախահավատարմագրված ծրագրով:
7. Բուհը կարող է իրականացնել միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր` սույն օրենքին և «Կրթության մասին» օրենքին համապատասխան:
8. Միկրոորակավորում շնորհող կամ լրացուցիչ կրթական ծրագրի ավարտին անձին տրվում է բուհի սահմանած ձևանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր:
9. Բուհը կարող է ճանաչել և սահմանված մասնաբաժնով ներառել միկրոորակավորումներ շնորհող հավատարմագրված կրթական ծրագրերով ուսանողի ձեռք բերած կրեդիտները բակալավրի կամ մագիստրոսի մակարդակում։
10. Բուհում միկրոորակավորումների ճանաչման օրինակելի կարգը հաստատում է Լիազոր մարմինը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
