ԵՂԻԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 27 | ԵՂԻԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
3 դեկտեմբերի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Եղիա Ներսեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Եղիա Ներսեսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 13.11.2015Ã.)` խնդրելով.
«Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը` Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային կապի մեջ, ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ, 19-րդ, 14.1-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը գտնում է, որ վարչական դատավարությունում պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` խնդրո առարկա դրույթներով նախատեսված իրավակարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին` անհամաչափ սահմանափակելով անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված` տարբերակում է դնում հայցվորի և պատասխանողի միջև` խախտելով դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է.
ա) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել:
Այսպես, իր իրավական փաստարկները ներկայացնելիս դիմողը նշում է, որ իր կողմից վիճարկվող վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը համակարգային փոխկապակցվածության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի հետ` վիճարկելով վերջինիս սահմանադրականությունը ևս: Հարկ է նշել, որ օրենսդիրը, սահմանելով սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը միայն դիմումի առարկայի վերաբերյալ կանոնը` որպես սահմանադրական դատարանի որոշմանը ներկայացվող պահանջ, միևնույն ժամանակ, որպես ընդհանուր կանոնից բացառություն, ամրագրում է, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը հակասելուն` սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները: Այսինքն` տվյալ պարագայում օրենսդիրը սահմանադրական դատարանին է վերապահել վիճարկվող դրույթների հետ տվյալ ակտի այլ դրույթների համակարգային առումով փոխկապակցվածությունը որոշելու իրավասությունը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, նշյալ դրույթի մասով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք.
բ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ պետք է նշել, որ անհատական դիմումներին ներկայացվող օրենսդրական պահանջներից մեկն այն է, որ դիմողը պետք է հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 24- ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի ներկայացրած փաստարկներն առ այն, որ վարչական դատավարությունում պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` խնդրո առարկա դրույթներով նախատեսված իրավակարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, ակնհայտ անհիմն են, քանի որ դիմողն ունեցել է հնարավորություն հակընդդեմ հայց ներկայացնելու համար, իրացրել է այն, այդ թվում` նաև վերադասության կարգով բողոքարկելու միջոցով, միևնույն ժամանակ, ունեցել է հնարավորություն միջնորդություն ներկայացնել հակընդդեմ հայց ներկայացնելու համար նախատեսված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ, ինչից, սակայն, չի օգտվել: Հետևաբար, այս համատեքստում դիմողի կողմից ներկայացված փաստարկներն ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում: Այսպիսով, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված հիմք.
գ) դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, … ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6- րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2- րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Եղիա Ներսեսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահողª
Անդամներª
3 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
