«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 9 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 մարտի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 17-ին)` խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնել օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60, 61 և 63 հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/2935/05/22 վարչական գործի և թիվ ԵԿԴ/3590/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունները Դիմողը նշում է, որ հարկադիր կատարողի բնակարանից վտարելու մասին որոշումը վտարվողի կողմից գործնականում բողոքարկվում է վարչական դատարանում: Մասնավորապես, Դիմողի պնդմամբ վտարման վերաբերյալ վճռի կատարողական վարույթով հարկադիր կատարողը կայացնում է պատասխանողին վտարելու մասին որոշում, որը վարչական ակտ է, և որի վիճարկման պարագայում վարչական դատարանն իրավասու է հայցվորի միջնորդությամբ կասեցնել դրա կատարումը, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Ըստ Դիմողի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավանորմը թույլատրում է այնպիսի իրավիճակ, երբ դատական պաշտպանություն ստացած անձն ստիպված է սպասել իր օգտին կայացված վճռի կատարմանը մինչև վարչական դատարանի կողմից գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, որը վարչական դատարանների, հատկապես վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում կարող է տևել տարիներ։ Այսինքն ըստ Դիմողի նման պայմաններում սեփականության իրավունքի պաշտպանությունը չի սահմանափակվում քաղաքացիական գործով վինդիկացիոն հայցի լուծմամբ, քանի որ քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը կարող է վարչական գործով հայցվորի միջնորդությամբ կասեցվել վարչական դատարանի որոշմամբ: Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն վարչական դատարանը կարող է կասեցնել հարկադիր կատարողի որոշման կատարումը, որը նույնությամբ արտացոլում է վճռի, կատարողական թերթի բովանդակությունը, խախտում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները։ Ըստ Դիմողի նման պայմաններում քաղաքացիական գործերով դատական պաշտպանությունը չի կարող համարվել արդյունավետ պաշտպանության միջոց, քանի որ օրենսդիրը նախատեսել է նույն վեճի կրկնակի քննության հնարավորություն վարչական դատարանում, որն առավել ակնհայտ է վինդիկացիոն հայցերով գործերի պարագայում, երբ դատարանի վճիռը միանշանակ և հստակ է այն պահանջում է գույքն ազատել պատասխանողից։ Դիմողը փաստում է, որ վիճարկվող իրավանորմը խախտում է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ դատական պաշտպանություն ստացած սեփականատերը շարունակում է զրկված լինել իր գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից միաժամանակ շարունակելով կրել գույքի պահպանման ծախսերը, դրա պատահական վնասման կամ կորստի ռիսկը, իսկ պատասխանողը շարունակում է ապօրինի (հատկապես վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո) շահագործել և օգուտներ ստանալ հայցվորի գույքից։ Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ «(…) Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը այն մասով, որ վարչական դատարանին լիազորում է կասեցնել հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի (որը նույնությամբ կրկնում է վճիռը) կատարումը, հակասում է ՀՀ Սահմանադրությանը»։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ
ա) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
- դիմողը հանդիսացել է դատարաններում դատավարության մասնակից,
- դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
գ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
դ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
ե) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
զ) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
է) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անհատական դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի այնքանով, որքանով վարչական դատարանին լիազորություն է տրամադրում կասեցնելու օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
7 մարտի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
