«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 31 | «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 2 հուլիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ անհատական
դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 6-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և դրա հետ փոխկապակցված 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողը, բարձրացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց, գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը, մասնավորապես՝ որպես լեգիտիմ ակնկալիք հանդես եկող գնման նախապատվության (կամ առաջնահերթ կարգով գնման/ ձեռքբերման) իրավունքը:
Դիմողի պնդմամբ՝ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է այնպիսի բովանդակություն, ըստ որի` ընկերության հասարակ բաժնետոմսի սեփականատերն առաջնահերթ կարգով Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման իրավունք (գնման նախապատվության իրավունք) չունի, քանի որ ընկերության կողմից իր իսկ բաժնետոմսերի (ոչ առաջին անգամ) վաճառքը չի համարվում տեղաբաշխում:
Դիմողի կարծիքով՝ փաստացի իրավիճակը զարգացել է այնպես, որ ընկերության տնօրենը, որը բաժնետեր չէ, որոշել է իր կողմից սահմանած գնով, առանց գործող բաժնետերերին բաժնետոմսերը գնելու հնարավորություն տալու, ընկերության բաժնետոմսերը վաճառել երրորդ անձանց` դրանով իսկ զրկելով գործող բաժնետերերին իրենց իրավունքներից։
Ըստ Դիմողի՝ վերոշարադրյալով պայմանավորված՝ ստացվել է այնպիսի իրավիճակ, որ բաժնետերը, որը որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ձայնի իրավունք ուներ ընկերությունում, էական չափով զիջել է վաճառվող բաժնետոմսերի հաշվին ընկերությունում իր մասնակցության իրավունքը։
Դիմողի պնդմամբ՝ տվյալ հակասահմանադրական գործընթացի հիմքում դրվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը, որոնց իրավակիրառ պրակտիկայում հաղորդվում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող բովանդակություն՝ զրկելով իր սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից:
3․ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի ընդունելիության չափորոշիչները սահմանված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով․
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Վերը նշված դրույթները Դիմողի կողմից վիճարկվող առանձին իրավական դրույթների նկատմամբ կիրառության կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը․
3.1. Դիմողի կողմից բարձրացված՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է․
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքին։
Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, նշելով․ «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Բացի դրանից, 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Այսպիսով, անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս առաջնային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է այն եզրակացության, որ սույն դիմումով Դիմողը չի հիմնավորել թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ քննարկվող համատեքստում կիրառված լինելը:
Այսպես՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ գործով կայացված դատական ակտերը։
Սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործի շրջանակում Դիմողի կողմից վիճարկվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը թեև վկայակոչվել է, սակայն դատարանների կողմից չի մեկնաբանվել, ավելին՝ այն Դիմողի համար որևէ իրավական հետևանք չի առաջացրել և չէր էլ կարող առաջացնել, քանի որ վիճարկվող դրույթը վերաբերում է ընկերության բաժնետիրոջից բաժնետոմս գնելուն, մինչդեռ թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործի շրջանակում խնդրո առարկա իրավիճակը վերաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությանն անցած նույն ընկերության բաժնետոմսերի վաճառքին:
Վերոգրյալի արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության՝ իր նկատմամբ կիրառված լինելը։
Այսպիսով, տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես՝ վիճարկվող դրույթի՝ Դիմողի նկատմամբ կիրառված լինելը: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությանը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:
3.2. Դիմողի կողմից բարձրացված՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքին։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ ներկայացնելու:
Դիմողը սույն անհատական դիմումով առաջադրել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց: Մինչդեռ դիմումի և թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին, չի հիմնավորել վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում իր հիմնական իրավունքի խախտման առկայությունը: Թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իր գործով դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հիմնված է և վերաբերում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ մասին, որի համաձայն՝ «տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել թողարկողը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը): Թողարկողի կողմից իր՝ ձեռք բերված կամ հետ գնված արժեթղթերի վաճառքը տեղաբաշխում չի համարվում»։
Դատարանները «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի իրավական դրույթների դատական մեկնաբանման արդյունքում անդրադարձել են Դիմողի կողմից վիճարկվող մեկնաբանությանը, որն էլ կիրառել են Դիմողի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի բացակայության եզրահանգման համար:
Այսինքն` Դիմողի կողմից իր՝ «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ վերջինիս կողմից վաճառքի դեպքում ձեռքբերման նախապատվության իրավունքի իրավական հիմքը, ըստ Դիմողի, գործով դատարանների մեկնաբանությամբ առհասարակ բացակայել է։ Միաժամանակ, Դիմողի կողմից իր դիմումում, որպես «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի հիմնավորում ներկայացվել են սեփականության ձեռքբերման օրինական ակնկալիքի պաշտպանությանը վերաբերող Սահմանադրական դատարանի որոշումներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված սկզբունքները՝ առանց մատնանշելու «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության՝ իր վկայակոչած իրավունքի հստակ իրավական հիմքը։
Դիմողի կողմից Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի ներքո ներկայացվող սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքը, այսպիսով, ըստ թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքների դրույթների մեկնաբանման և կիրառման արդյունքում առհասարակ բացակայել է, և, հետևաբար, Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի ներքո նման իրավունքի միջամտության վերաբերյալ Դիմողի պնդումները զուրկ են հիմնավորումներից։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ինքնին գույքային շահը կամ հավակնությունը, որը զուրկ է իրավական հիմքից, ինչը Դիմողի գործով արձանագրվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ, չի կարող հանդես գալ որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի պաշտպանության երաշխիքների ներքո «օրինական ակնկալիք»։
Քննարկվող համատեքստում կարևոր է փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և հիմնական իրավունքի կամ ազատության իր հայտարարած խախտման կապը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքները և առանձնահատկությունները նկատի ունենալով:
Այսպիսով, սույն անհատական դիմումը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Է. Շաթիրյան
2 հուլիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ–31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
