Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԱՄ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԵՏԱԿԱՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԱՄ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԵՏԱԿԱՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4321 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մարտի 2025թ. ՍԴԱՈ - 43 | «ԱՐԱՄ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐ

Ամբողջ Տեքստ

«ԱՐԱՄ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ, 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ, 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամ Մանասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 47-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 3-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 102-րդ հոդվածի 10-րդ մասի, 109-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արամ Մանասյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 47-րդ հոդվածով, 53-րդ հոդվածի 3-րդ մասով, 68-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3 մասերով, 102-րդ հոդվածի 10-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասով, Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթների համակցությամբ և իրավակիրառական պրակտիկայով՝ հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին* այնքանով, որքանով դատական ծախսերի բաշխման նորմը չի նախատեսում ընդհանուր կանոնից բացառություն այն իրավիճակների համար, երբ որ ներկայացվում է այնպիսի հայցապահանջներ, որտեղ որ Հայցվորը՝ առանց որևէ խախտված իրավունքի, ինքն է ընտրել դատական կարգով խնդիրների լուծման ճանապարհ ու այդտեղ Պատասխանողը չունի որևէ հիմնական մեղք»:

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/4342/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. ինչո՞ւ պետք է դատական ծախսերը վճարելու պարտականությունը դրվի պատասխանող կողմի վրա այն դեպքում, երբ հայցվորը միայն իր ցանկությամբ է դիմում դատարան՝ նշելով, որ դատական կարգով խնդիրների լուծումը հենց իր կամքն է, իսկ պատասխանողը մշտապես կողմ է եղել արտադատական կարգով խնդիրները լուծելուն և երբևիցե չի առարկել դրանց դեմ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացի կամ դրանց սխալ մեկնաբանման արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից փաստացի տեղի է ունեցել իր դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին միջամտություն, որը հանգեցրել է նաև իր սեփականության հիմնական իրավունքի խախտմանը:

Դիմողը պնդում է, որ թիվ ԿԴ/4342/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանները պետք է սահմանափակեին հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինիս որևէ իրավունք խախտված չի եղել, և այդ կապակցությամբ վեճ առկա չի եղել: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանները չեն իրականացրել արդար դատաքննություն և սխալ են մեկնաբանել վիճարկվող դրույթները, կամ վիճարկվող դրույթներում առկա է օրենսդրական բաց:

Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանները պետք է արձանագրեին, որ ենթադրյալ վեճը վերաբերում է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը որոշելու և ալիմենտի բռնագանձման պահանջներին, և վեճի բացակայության պայմաններում պատասխանողի կողմից պարտավորությունների կատարումը, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ամուսնալուծության դիմում ներկայացնելը, երեխայի՝ մոր մոտ բնակվելուն համաձայնվելը և ապրուստի միջոց տրամադրելը, ինքնին հայցը դարձնում է առարկայազուրկ, այսինքն՝ ըստ էության կողմերի միջև վեճը բացակայում է:

Դիմողը գտնում է, որ այն պայմաններում, երբ հայցվորն ինքն է հրաժարվում արտադատական կարգով վեճի լուծման հնարավորությունից, և դատական ծախսերը դրվում են պատասխանող կողմի վրա, անհամաչափ ծանրաբեռնվում է իր՝ որպես պատասխանողի՝ արտադատական կարգով խնդիրը լուծելու հնարավորությունը:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթների կամայական մեկնաբանության և միատեսակ կիրառության հարցերի քննարկման արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 47-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 3-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 102-րդ հոդվածի 10-րդ մասի, 109-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) դատարանն այս անգամ ևս պետք է սահմանափակեր Հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ առկա չէր որևիցե խախտված իրավունք կամ վեճ և գործը կարճելով ուղարկեր արտադատական լուծման: Այս պայմաններում դատարանի կողմից չկիրառելով Սահմանադրական դատարանի (...) որոշումներում առաջ քաշված դիրքորոշումները, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումները՝ կարող ենք եզրակացնել, որ դատարանը չի իրականացրել արդար դատաքննություն: (...)»:

Դիմողը նաև նշել է. «Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելուց պատշաճ չի գնահատել գործում եղած ապացույցները՝ արդյունքում կայացրել է ոչ պատշաճ պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ: Դատարանը իր 01.09.2023 թվականի դատական ակտով չի անդրադարձել (...) փաստերի ապացուցման հանգամանքին, մասնավորապես դատական ակտի 13-րդ էջում անդրադառնում է ամուսնալուծության պահանջի մասով ապացուցման ենթակա փաստերին, և անդրադառնալով այդ փաստերի գնահատմանը, դատարանը գնահատման չի ենթարկում Արամ Մանասյանի կողմից ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց խուսափելու փաստը: Դատարանը առանց այս փաստի գնահատման չէր կարող պատճառաբանել և հիմնավորել, որ պատասխանողը խուսափում և խոչընդոտում է ամուսնալուծությանը»:

Բացի դրանից, Դիմողը ներկայացրել է պնդում առ այն, որ «(...) ներկայացված հայցադիմումի և կողմերի հայտնած դիրքորոշումների գնահատմամբ, ստորադաս դատարանները պետք է արձանագրեին, որ ենթադրյալ վեճը վերաբերում է ամուսնալուծության, երեխայի բնակության վայր որոշելու և ալիմենտի բռնագանձման պահանջներին և վեճի բացակայությամբ պատասխանողի պարտավորության կատարումը՝ ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության դիմում ներկայացնելը, երեխան մոր մոտ բնակվելուն համաձայնվելը և ապրուստի միջոց տրամադրելը, ինքնին հայցը դարձնում է առարկայազուրկ, այսինքն ըստ էության կողմերի միջև վեճ առկա չէ» (ընդգծումները՝ Դիմողի):

Միաժամանակ, ըստ Դիմողի՝ «Հայցվորի համար բավարարված դատական ծախսերը, որը կազմված է պետական տուրքից և փաստաբանի խելամիտ վարձատրությունից, ամբողջությամբ անհիմն է և ենթակա չէր բավարարման, քանի որ հայցվորը չի հիմնավորել, որ իր խախտված իրավունքների համար ստիպված է եղել դիմելու դատարան, ավելին հայցվորը ընդունել է, որ պատասխանողը չի հրաժարվել ներկայացված պահանջներից և որ հենց իր ցանկությամբ է դիմել դատարան, նման պայմաններում գտնում ենք, հայցվորի կողմից դատական ծախսերի մասով պահանջ ներկայացնելը անհիմն է և ենթակա էր մերժման այն պարզ տրամաբանությամբ, որ Հայցվորը չի պահպանել վեճի լուծման արտադատական կարգը» (ընդգծումը՝ Դիմողի):

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/4342/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԿԴ/4342/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արամ Մանասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 47-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 3-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 102-րդ հոդվածի 10-րդ մասի, 109-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 մարտի 2025 թվականի

ՍԴԱՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել