Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7618 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-76)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 76 | ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 նոյեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուզաննա Տեր-Վարդանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետը համարել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին, 23-րդ և 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, քանի որ դիմում ներկայացնողը սպառել է ՀՀ դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Դիմողը դիմումին կից ներկայացրել է պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն։

2. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով դիմողը վիճարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի սահմանադրականությունը: Ըստ դիմողի իր գործով դատարանները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի դրույթների կամայական, տարածական և սխալ մեկնաբանությամբ խախտել են Սահմանադրության 3-րդ, 23-րդ և 31-րդ հոդվածների դրույթները: Դիմողը նշում է, որ դատարանների կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանության արդյունքում մինչդատական կամ դատական վարույթների ընթացքում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող արտահայտություններ կատարող վարույթի մասնակիցն ազատվում է պատասխանատվությունից իր կողմից կատարված զրպարտող արտահայտությունների համար: Դիմողի կարծիքով նման տրամաբանությունը հակասում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված դրույթներին, որոնց համաձայն վերոնշյալ մարմիններում սուտ ցուցմունք տվող, այսինքն զրպարտություն կատարող անձինք, ենթակա են քրեական պատասխանատվության: Նման պայմաններում դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի դրույթները դատարանների կողմից սխալ մեկնաբանվելու արդյունքում մինչդատական կամ դատական վարույթների ընթացքում անձանց իրավունք է վերապահվում սուտ ցուցմունքի միջոցով զրպարտել ցանկացած անձի արատավորելով նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, և մնալ անպատիժ:

3. Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման։

4. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. դիմողը թիվ ԵԱԴԴ/3927/02/16 քաղաքացիական գործով իր նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան ներկայացրել է 2021 թվականի մարտի 15-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 8-ին ընդունել է «Ռուզաննա Տեր-Վարդանյանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին» ՍԴԱՈ-68 աշխատակարգային որոշումը դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 4.2. Նշված որոշումից հետո դիմողը Վճռաբեկ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք որպես նոր երևան եկած հանգամանքի հիմնավորում վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-68 աշխատակարգային որոշումը: Հիշյալ որոշման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 6-ին կայացրել է «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նշված հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ տվյալ քաղաքացիական գործով առկա էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք: 4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացված ենթադրյալ սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավական նորմը թիվ ԵԱԴԴ/3927/02/16 գործով դիմողի նկատմամբ կիրառվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել նույն գործով Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, այսինքն դիմողի կողմից սույն գործով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պահից 2021 թվականի հոկտեմբերի 25-ից ավելի քան վեց ամիս առաջ։ Այսինքն դիմողի կողմից բաց է թողնվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը, ինչը նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Հետևաբար ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմնվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ .

Ռուզաննա Տեր-Վարդանյանին ազատել սույն գործով պետական տուրքի վճարումից։

Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ե. Խունդկարյան Ա. Թունյան

18 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-76

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-76
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել